«Ցանկանում եմ իրականացնել պապիկիս երազանքը՝ Օլիմպիական չեմպիոն դառնալ». Արթուր Բարսեղյան - VNews
Բաժիններ

«Ցանկանում եմ իրականացնել պապիկիս երազանքը՝ Օլիմպիական չեմպիոն դառնալ». Արթուր Բարսեղյան

Լողի Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանը մեր Օլիմպիական թիմի ամենաերիտասարդ մարզիկներից է: 19-ամյա մարզիկի համար մեծ ապագա են խոստանում, ու նա էլ մեծ նպատակներ ունի՝ նվաճել Օլիմպիական պատվո հարթակը, բայց VNews-ի հետ զրույցում նա շեշտեց, որ այդ երազանքը պատրաստ կլինի իրականացնել 2024-ի Փարիզի Օլիմպիական խաղերին: Արթուրը պատմեց մեզ, թե ինչպես սկսեց զբաղվել լողով, նշեց լողի առանձնահատկությունները ու պատմեց՝ ինչպես նվաճեց Օլիմպիական վարկանիշը:

Արթուր, ինչպե՞ս ստացվեց նվաճել Օլիմպիական ուղեգիր։

Մեկ շաբաթ առաջ Բուլղարիայի առաջնությանն էի մասնակցում ու այնտեղից մրցանակներով վերադարձա, մարզիչը հայտարարեց, որ մասնակցելու եմ Օլիմպիական խաղերին։ Անկեղծ կլինեմ՝ ինչ-որ առումով սպասելի էր։ Ինչո՞ւ, քանի որ 2019 թվականին Բուդապեշտում կայացած պատանեկան առաջնությունում նվաճել էի B վարկանիշ։

Ի՞նչ զգացողություններ ունեք Օլիմպիական խաղերին մասնակցելու առիթով։

Շատ չեզոք, քանի որ ինչ-որ մի տեղ կարող եմ մասնակցել, A կարգի վարկանիշ չունեի, բայց կարող եմ մասնակցել B կարգով։ Ոչ մի արտառոց զգացողություն չունեմ։

Ի՞նչ ճանապարհ եք անցել մինչև վարկանիշ ձեռք բերելը։

3-4 տարեկանից մինչև այսօր պարապում եմ, 15 տարի արդեն զբաղվում եմ սպորտով։ Ճանապարհը շատ բարդ է եղել, տանջալից ու հետաքրքիր:

artur barseghyan 6 960x640 - «Ցանկանում եմ իրականացնել պապիկիս երազանքը՝ Օլիմպիական չեմպիոն դառնալ». Արթուր Բարսեղյան

Ձեր ո՞ր նվաճումներով եք ամենաշատը հպարտանում ու ինչո՞ւ։

Ճիշտն ասած՝ երբեք չեմ ոգեշնչվել իմ նվաճումներով, քանի որ դրանք աստիճաններ են, որոնք ինձ տանում են դեպի իմ նպատակի վերջնակետին, որից մեկը Օլիմպիական խաղերին մասնակցելն է։ Բայց կառանձնացնեմ այն, որ 15 տարեկանում դարձա միջազային սպորտի վարպետ։

Դուք մասնակցել եք նաև պատանեկան Օլիմպիական խաղերին…

Սա իմ 3-րդ Օլիմպիական խաղերն են լինելու։ 2017 թվականին մասնակցել եմ նաև Օլիմպիական փառատոնին։ Օլիմպիական խաղերը տարբերվում են ամեն ինչով․ շփումը, հանդիսատեսի ներկայությունը, բարձրորակ մարզիկները, մոտեցումները, կազմակերպվածության աստիճանը։ Շատ դրական, հետաքրքիր ու պայծառ միջոցառում է։

Օլիմպիական խաղերը որպես մրցաշար, ըստ Ձեզ, ինչո՞վ է տարբերվում։

Միայն անունով։ Նույնիսկ Հայաստանում անցկացվող սովորական մրցումները պետք չէ տարբերակել Օլիմպիական խաղերից, որովհետև ամեն ստարտը քեզ բերելու է քո նպատակի իրականացմանը։ Եվ սա ևս մեկ ստարտ է ինձ համար, որպեսզի լիովին պատրաստվեմ 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերին։ Այդ ժամանակ ես արդեն կնվաճեմ A կարգի ուղեգիր ու պատվո հարթակին կանգնելուն պատրաստ կմեկնեմ Փարիզ։

Հիշո՞ւմ եք՝ երբ եք առաջին անգամ դիտել Օլիմպիական խաղերը։

Առաջին անգամ 2012 թվականին եմ դիտել Օլիմպիական խաղերը։ Ռուտա Մեյլուտիտեն բրաս լողաոճում 15 տարեկանում դարձավ ոսկե մեդալակիր: Դա ինձ համար ամենատպավորիչ Օլիմպիական հաղթանակներից էր:

artur barseghyan 2 960x584 - «Ցանկանում եմ իրականացնել պապիկիս երազանքը՝ Օլիմպիական չեմպիոն դառնալ». Արթուր Բարսեղյան

Ձեր առջև Օլիմպիական խաղերում ի՞նչ նպատակ եք դնելու ու ի՞նչ են ակնկալում մարզիչները:

Ես ու մարզիչները ակնկալում ենք լավ արդյունքներ, ու իհարկե, մեծ փորձի ձեռքբերում:

Ո՞րն է եղել Ձեր լավագույն արդյունքը:

100 մետր ազատ ոճ մրցատարածությունը հաղթահարել եմ 49:96 արդյունքով, 50 մետր ազատ ոճը՝ 22:69, որոնք էլ Օլիմպիական նորմաներն են: Մնացած ոճերում ցուցանիշներս այդքան լավը չեն, բայց մոտ ապագայում սպասվում են լավ արդյունքներ:

Հիմա ինչպե՞ս է ընթանում նախապատրաստությունը ու արդյո՞ք արդեն լիովին պատրաստ եք:

Պատրաստ եմ միշտ: Ամեն օր: Մարզումները շատ ծանր են: Առավոտյան ժամը 7-ից մինչև 9:30-ը մարզում եմ ունենում «Reebok» սպորտահամալիրում: Այնտեղ մեզ տրամադրել են հնարավորություն մարզվել Օլիմպիական ստանդարտներին համապատասխան լողավազանում: Երեկոյան գալիս եմ «Նեպտուն», հաճախում եմ մարզասրահ ու հետո լողավազան: Ընդհանուր առմամբ օրական 5-6 ժամ մարզում եմ ունենում: Մրցումներից 4-5 օր առաջ դադարեցնում ենք լարվածությունը, սկսում հանգստանալ: Դա բերում է նրան, որ քո պայթուցիկ ուժը բարձրանում է վերև ու դա զգում ես: Դա հատկապես օգնում է մրցումներին ավելի լավ մասնակցություն ունենալ:

Մեր ընտրանին.

Հիմա կպատմե՞ք՝ ինչպես եք սկսել լողի հաճախել:

4 տարեկանում տատիկս ու պապիկս ինձ ուղարկեցին սպորտի, որպեսզի երեխան սպորտով զբաղվի առողջության ու հետաքրքրության համար, ու այդպես սկսեց իմ ապագան: Այսօր լողը արդեն իմ ապրելակերպն է:

Ո՞ր պահից հասկացաք, որ ցանկանում եք պրոֆեսիոնալ լողորդ դառնալ:

2 ամիս առաջ կայացավ Եվրոպայի առաջնությունը, որտեղ շատ վատ արդյունքներ գրանցեցի, դրանից հետո հասկացա, որ այս ամենին պետք է մոտենալ մեծագույն լրջությամբ ու սկսեցի մարզվել պրոֆեսիոնալի պես: Հիմա արդեն սկսում է պրոֆեսիոնալ լողորդի իմ կարիերան:

artur barseghyan 5 960x617 - «Ցանկանում եմ իրականացնել պապիկիս երազանքը՝ Օլիմպիական չեմպիոն դառնալ». Արթուր Բարսեղյան

Լողն ունի՞ առանձնահատկություններ, որոնք կողքից նկատելի չեն:

Հոգեբանական խնդիրները, առօրյա խնդիրները, լարվածությունը, քնի բացակայությունը, ոչ լավ սնվելը կարող է խանգարել մարզումներին, բայց երբ քո առջև նպատակ ունես, դու պետք է անցնես բոլոր դժվարություններով ու հասնես գագաթին:

Գիտեմ, որ մրցումներից առաջ երաժշտություն եք սիրում լսել: Ի՞նչ ժանրի երգերն են օգնում կարևոր ստարտից առաջ:

Երաժշտությունը օգնում է ազատվել լարվածությունից: Ինքս ինձ երաժշտամոլ եմ համարում, բոլոր ժանրերն էլ սիրում եմ: Այս օրերին գերմանական ռեպ եմ լսում ու հառդ տեքնո:

Ի՞նչ եք կարծում հայ լողորդներին ինչը չի բավարարում բարձր արդյունքների հասնելու համար:

Իմ կարծիքով՝ մարդիկ մտածում են շահի մասին: Իսկ եթե սպորտին այդպես վերաբերվես, այն կվերադարձնի բացասականը: Եթե ակնկալում ես, որ փառք ես ձեռբ բերելու ու գումար ես աշխատելու, բայց հաշվի չես առնում, որ սպորտով պետք է զբաղվես, անձամբ քո ու քո օրգանիզմի համար: Հիմա բոլորը դրանով են միայն առաջնորդվում, և դա միայն լողում չէ նման մոտեցում: Դա խանգարում է նրանց բարձունքների հասնել: Խորհուրդ կտամ սպորտով զբաղվել առողջ լինելու, հետաքրքիր ապրելու ու բարձունքներին հասնելու համար:

Այսինքն՝ Հայաստանում կա՞ն որակյալ մասնագետներ, մարզիչներ ու լավ պայմաններ:

Կան պայմաններ, ունենք իդեալական մարզիչներ, որոնք հասցնում են Օլիմպիական չափանիշների, համաշխարհային մակարդակի մարզիկներ են տալիս: Ես անձամբ շնորհակալ եմ իմ մարզիչներին, որոնք հասցրել են ինձ այս մակարդակին: Ընդհանրապես ասում են, որ հաջողության 20 տոկոսը մարզչի աշխատանքն է, 80 տոկոսը՝ մարզիկի, բայց ես համամիտ չեմ այդ մտքի հետ: Ամեն ինչ 50/50 է: Մարզիչը իր գիտելիքները ու մտքերը ներդնում է մարզիկի մեջ, մարզիկն էլ ընկալելում է այդ ամենը ու երկուսից միայն ծնվում են մեծ արդյունքներ:

Ինչի՞ մասին եք երազում Դուք:

Նպատակներիս իրականացման: Ցանկանում եմ կատարել պապիկիս երազանքը, որը ցավոք, ներկայումս իմ կողքին չէ: Նրա երազանքն էր, որպեսզի ես դառնամ աշխարհի, Օլիմպիական չեմպիոն ու գլխավորը՝ լինեմ լավ մարդ: Բայց ամենադժվարը լավ մարդ լինելն է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դոպինգի դրական թեստ Օլիմպիական Խաղերում

«Հակառակորդը կեղտոտ մենամարտ էր վարում». Պետրոսյանը՝ Բաչկովի մենամարտի մասին

Մուսա Եվլոև․«Ալեքսանյանն ինձ 3 տարի անընդմեջ պարտվում է․պետք է առաջին հերթին իր մեջ ամեն ինչ վերլուծի»

Տոկիո-2020․ԱՄՆ-ի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը եզրափակիչում է

Արագավազքի նոր թագավորը․ Իտալացի վազորդի անհավանական նվաճումը

Տոկիո 2020. Արսեն Հարությունյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում

Ալեքսանյանը՝ կողմնակալ մրցավարության ու ռուսական մամուլում աղմուկ հանած խոսքերի մասին

Ինչպես Բաչկովը հաղթեց ուզբեկ մրցակցին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ (ֆոտոշարք)

Տոկիո 2020. Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում է

Տոկիո 2020. Կարապետ Չալյանը հաղթեց ռուս ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

Տոկիո 2020. Արթուր Ալեքսանյանը հաղթեց ղրղզ մրցակցին

Տոկիո 2020. Կարապետ Չալյանը մեկնարկեց հաղթանակով (լուսանկաներ)

Տոկիո 2020. Հայտնի է Արմեն Մելիքյանի առաջին մրցակիցը

Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը Օլիմպիական խաղերում (թարմացվող)

Տոկիո 2020. Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Տոկիո-2020. Արթուր Բարսեղյանը երրորդ տեղը գրավեց իր լողահերթում