Logo

«10 ամիս սահմանապահ եմ եղել». Նկարիչի գենով հայ հարձակվողը

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
13:55 / 11.04.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Վերջին ամիսներին Հայաստանում շատ են խոսակցություններ տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստների մասին, որոնք տեղափոխվեցին եվրոպական տարբեր առաջնություններ, բայց հետո վերադարձան: Նման որոշումը միանշանակ չընդունվեց. «Պետք էր մնալ և ապացուցել»:

Նման դեպքերը հայկական ֆուտբոլում անվերջ են եղել, սակայն շատ դեպքերում պատճառները տարբեր են:

VNews-ը զրուցել է «Վեստ Արմենիայի» հարձակվող Սարգիս Մեթոյանի հետ, որը 2 տարի առաջ անսպասելի տրանսֆերի արդյունքում տեղափոխվեց արտասահման, բայց վերադարձավ ոչ թե չհարմարվելու կամ քիչ խաղալու, այլ Հայաստանում հաջողության հասնելու վաղեմի ցանկության պատճառով: Հիմա նա 6 գոլով Պրեմիեր լիգայի հայ լավագույն ռմբարկուներից մեկն է:

- Դուք մանկապատանեկան ֆուտբոլ խաղացել եք Արտաշատում: Ինչպիսի՞ հեռանկարներ կան մի քաղաքում, որտեղ պրոֆեսիոնալ ակումբ չկա:

- Մարզերից շատերում չկա Պրեմիեր լիգայի կամ Առաջին խմբի թիմ, որի ելույթներին նայելով՝ երեխաները կցանկանան հետագայում հայտնվել այդ ակումբում: Նրանք չունեն կոնկրետ օրինակ իրենց առջև, պայմաններն էլ լավը չեն:

- Այդ դեպքում ինչպե՞ս ստացվեց, որ 18 տարեկանում հայտնվեցիք «Արարատի» պես լեգենդար ակումբում:

- Ծանոթ էի Վարուժան Սուքիասյանին, որն այն ժամանակ «Արարատի» մարզիչն էր: Խնդրեցի փորձաշրջան անցել Առաջին խմբի թիմում, որի մարզիչը Գալուստ Պետրոսյանն էր, նա ինձ շատ լավ դիմավորեց, միանգամից տեսավ, որ կարող եմ ֆուտբոլ խաղալ: Երբ հետհայացք եմ գցում՝ եթե մարզիչ լինեի, ինձ թիմ չէի վերցնի ավելորդ քաշի և այլ պատճառներով: Երեք ամիս առանց պայմանագրի մարզվեցի թիմում, հետո գլխավոր թիմում մի քանի ֆուտբոլիստի պակասություն էր, ինձ հրավիրեցին, շատ լավ խաղացի: Վարուժան Սուքիասյանը դրանից հետո իր սիրելի խոսքն ասաց. «ջահելին կասեք գա պարապմունքի»:

Գալուստ Պետրոսյանը կատակով ասաց. «Այ տղա, որ քեզ ուղարկել էին գլխավոր թիմ, էտ ո՞նց ես խաղացել, փաստորեն չես ուզում մեզ մոտ մնալ»:

Միայն դրանից հետո պայմանագիր կնքեցի «Արարատի հետ: Գլխավոր թիմի ֆուտբոլիստներին միայն հեռուստացույցով էի տեսել: Նույնիսկ չգիտեի նրանց «դու»-ով, թե «դուք»-ով դիմեմ:

- Այդուհանդերձ, Սուքիասյանը գլխավորեց Հայաստանի հավաքականը և դուք «Արարատում» նորամուտը նշեցիք Արկադի Անդրեասյանի օրոք: Ինչպիսի՞ մարզիչ էր Ձեզ համար լեգենդար ֆուտբոլիստը:

- Նա ֆուտբոլիստներին անհատապես պատրաստելու մասնագետ էր: Այդ պահին մենք շատ երիտասարդ թիմ էինք: Այն երկու տարում, որ խաղացել եմ Անդրեասյանի գլխավորությամբ, ինքս նկատել եմ, թե ինչպես եմ առաջադիմում: Օրինակ՝ իմ տեխնիկան զարգացած չէր, նա ամեն ինչ սովորեցրել է, մանրամասն ցույց էր տալիս, թե ինչպես է պետք ֆուտբոլ խաղալ:

- Անձնական օրինակո՞վ:

- Այո, ասում էր, եթե ես կարողանում եմ, դուք էլ պետք է անեք: Ոտքի ճիշտ դիրքը, տարածությունը գնահատելու ունակությունը, գնդակի հետ աշխատանքը, ամեն ինչ...

- Իսկ նրա հետ աշխատելը բա՞րդ էր:

- Կարծում եմ՝ լեգենդար մարդիկ բարդ բնավորություն ունեն: Ես սիրում եմ իմ առջև խնդիրներ դնել և եթե մարզիչն ինչ-որ վարժություն կատարում է, ապա ես պարտավոր եմ այն կրկնել: Ես Անդրեասյանի բոլոր հրահանգները կատարում էի, ինչի համար ինձ միշտ խաղաժամանակ էր տալիս: «Պրոֆեսորը» նաև անչափ կարևորում էր խաղացողի բնավորությունը, նույնիսկ ավելին՝ քան տաղանդը:

- Բայց հետո լուրջ փոփոխություններ եղան «Արարատում»…

- Այո, 2018-2019 մրցաշրջանում ակումբում փոփոխություններ կատարվեցին: Անդրեասյանն արդեն թիմում չէր, իսկ նոր մարզիչներն Իսպանիայում աշխատած ռուսաստանաբնակ հայեր էին՝ Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ: Նա ինձ սկզբում ուղարկեց «Արարատ-2», որտեղ շատ գոլեր խփեցի, հետո որոշեց վերադարձնել գլխավոր թիմ, իսկ դրանից օրեր անց պաշտոնանկ արվեց: Մինչև այդ, հիմնականում խաղում էինք հակագրոհների վրա, իսկ Ստեփանյանն ուզում էր ավելի շատ գնդակով լինենք, բայց արդյունքներն անբավարար էին:

- Հետո նշանակվեց Աբրահամ Խաշմանյանը: Նրա հետ համագործակցությունը միանգամից լավ ստացվե՞ց:

- Իմ կարիերայում հիմնականում խաղացել եմ կենտրոնական հարձակվողի կամ վինգերի դիրքում: Խաշմանյանը հենց եզրային հարձակվողի դիրքում էր ինձ տեսնում: Լավ մարզավիճակում էի, շատ էի խաղում ու գոլեր խփում:

- Այդ երկու դիրքերից որո՞ւմ եք ավելի լավ զգում:

- Կենտրոնական հարձակվողի, բայց սիրում եմ նաև գնդակով խաբքերի գնալ վինգերի դիրքում: Այդուհանդերձ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ կենտրոնական հարձակվողի դիրքն ավելի համապատասխան է ինձ:

- Խաշմանյանը միշտ ունեցել է պրագմատիկ մարզչի համբավ, ըստ որի՝ նրա ֆուտբոլում հավասարակշռված խաղն ավելի կարևոր է, քան մյուսները: Նշեք նրա մի քանի առավելություններ, որոնք կարող են աննկատ մնալ ֆուտբոլասերներին:

-  Նա իր հուշումներով կարող է ամբողջ խաղը փոխել: Հանդիպումը կարող է թիմի օգտին չդասավորվել, բայց նա տեղում կարողանում է հուշումներով ազդել խաղի վրա: Խաշմանյանը նաև շատ էմոցիոնալ մարդ է: Ես մարզիչների մասին տպավորություններն առաջին հերթին հոգեբանական կողմով եմ կազմում:  Մի մարզիչ ավելի շատ ոգևորում է, մյուսն ավելի շատ մարզումների վրա է կենտրոնանում: Խաշմանյանը կարողանում է ոգևորել ֆուտբոլիստին: Նա խաղից առաջ կարող է իր աշխատասենյակ կանչել, ոգևորող խոսքեր ասել և դու քեզ կարևոր զգայիր թիմում:

- Եթե ամեն ինչ այդքան լավ էր, ինչո՞ւ հեռացաք «Արարատից»:

- Պարզապես բանակի հետ կապված խնդիր ունեի: Գրեթե 22 տարեկան էի, 4 տարի անվճար սովորել էի Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի պետական ինստիտուտում, բայց ուսումս ավարտվեց և գնացի բանակ: Հետո բախտս բերեց և ստեղծվեց «Լեռնային Արցախը», որտեղ իմ նախկին թիմակից Գևորգ Պողոսյանն էր խաղում: Նա թիմի մարզչին ասաց, որ Սարգիս Մեթոյանը Ջրականում (Ջաբրայիլ) է ծառայում, և կարող եմ նրանց թիմին օգուտ տալ: Սլավա Գաբրիելյանն էլ զանգեց՝ իմանալու՝ ուզո՞ւմ եմ միանալ թիմին: Ասացի. «Իհարկե, ինչպես կարող եմ չուզել»:

- «Լեռնային Արցախը» շատերի համար չբացահայտված ակումբ է: Այն լայն չի լուսաբանվում մամուլում: Ի՞նչ պայմաններ էին այդ ակումբում:

- Համաձայն եմ, որ չբացահայտված թիմ է, երևի պատճառն այն է, որ շատ հեռու էր Երևանից: Մենք մարզվում էինք Ստեփանակերտում, խաղում՝ Սիսիանում: Երկու տեղում էլ արհեստական խոտածածկով խաղադաշտեր էին: Հատկապես Ստեփանակերտինն այնքան հաջող չէր, հին խոտածածկ էր, ասես շուշաթղթի վրա մարզվեիր: Մենք ամիսը մեկ ստիպված էինք նոր խաղակոշիկներով և գնդակներով մարզվել: Պայմանները վատն էին, բայց թիմի ոգին անչափ բարձր էր:

- «Լեռնային Արցախի» հետ վերադարձաք Առաջին խումբ և կրկին սկսեցիք շատ գոլեր խփել:

- Իսկապես շատ գոլեր խփեցի, բայց 2019-2020 մրցաշրջանի առաջին կեսն անցավ, ձմեռային դադարի ժամանակ վերադարձա զորամաս և հենց այդ ժամանակ սկսվեց կորոնավիրուսային համավարակը: Այլևս ոչ մեկի չէին թողնում դուրս գալ, որ վարակը չբերեինք զորամաս: Այդ պատճառով ֆուտբոլը շարունակել չստացվեց և 10 ամիս առաջին գծում սահմանապահ եմ եղել: Իրականում շատ լավ հարմարվեցի ծառայությանը, 10 ամիսն անցավ մեկ ակնթարթի պես: Տղաներն ինձանից 4 տարի փոքր էին, բայց ամեն ինչ շատ հետաքրքիր էր: Հետո գործուղումը կրկին ստացվեց, մենք մի օր խաղերի էինք Երևանում և իմացանք, որ պատերազմ է սկսվել: Պատերազմից հետո 6 ամիս էլ ծառայեցի Կապանում: 

- Զարմանալի է, բայց ծառայությունից հետո էլ մնացիք «Լեռնային Արցախում»: Ինչո՞ւ նման քայլի գնացիք:

- Այդ վերջին 6 ամիսները, որ զորամասում էի, ավելորդ քաշ էի հավաքել: Եթե չեմ մարզվում, քաշի հետ խնդիրներ հաճախ եմ ունենում: Ծառայությունից հետո ցանկացա 2021-2022 մրցաշրջանն ավարտել «Լեռնային Արցախում», նորից լավ մարզավիճակի վերադառնալ, ուստի կես տարի էլ մնացի այնտեղ: 15 խաղում 14 գոլ խփեցի, Առաջին խմբում ռմբարկու էի:

- Դրանից հետո անկանկալ տրանսֆեր եղավ և Հայաստանի Առաջին խմբից տեղափոխվեցիք Ռումինիա: Ինչպե՞ս հաջողվեց նման գործարք ձևակերպել:

- Այն ժամանակվա գործակալս՝ Լևոն Օհանյանը, առաջարկեց այդ տարբերակը: Ես մեծ նպատակներ ունեի, շատ եմ սիրում դժվարություններ հաղթահարել, դա մեծ հաճույք է պարգևում ինձ: Ոգևորությամբ համաձայնեցի: 

- Ինչպիսի հոգևիճակ է, երբ լեգեոնական ֆուտբոլիստ ես օտար երկրում:

- Մի բան է, երբ, օրինակ, Ռուսաստան ես գնում, որտեղ լեզվին տիրապետում ես, և ուրիշ բան, որ տեղափոխվում ես Ռումինիա: Այնտեղի լեզուն չգիտես, իսկ նրանք էլ անգլերենը մեզ պես են տիրապետում՝ կիսատ-պռատ: Բայց շատ հաճելի էր լինել լեգեոնական, ինձ շատ օտար չէի զգում, բայց լրացուցիչ պատճառներ ունեի նոր բան սովորելու, այդ թվում՝ անգելերնն ավելի լավացնելու:

- Ձեր թիմը՝ «Չիկսերեդան», ուներ շատ լեգեոնականներ, որոնցից մոտավորապես տասը հունգարացի էին: Այնտեղ դա նորմա՞լ երևույթ է հարևան երկրից այդքան ֆուտբոլիստ հրավիրել:

- Չնայած նրան, որ երկիրը գտնվում է Ռումինիայում, այն 90 տոկոսով բնակեցված է հունգարացիներով: Այդ պատճառով հունգարացիները թիմում շատ էին:

- Ես էլ սկզբում մտածեցի պատճառը դա էր, բայց հետո նայեցի քարտեզին, պարզվեց Մերկուրիա-Չուկ քաղաքը Ռումինիայի կենտրոնում է, այլ ոչ թե Հունգարիայի սահմանին: Անսովոր դեպք է...

- Այդպես միայն ռումինացներն են անվանում, տեղի հունգարացիների համար քաղաքի անունը Չիկսերեդա է: Որքանով հասկացա, ժամանակին շատ են եղել օրինակներ, երբ այլազգիներով բնակեցված քաղաքներ են եղել: Մեր օրինակի նման է: Արցախն էլ հայկական է, բայց մինչև Ստեփանակերտ հասնելը, պետք է Քարվաճառով կամ Բերձորով անցնեիր, որոնք էլ ադրբեջանցիներն իրենցն են համարում:

- Իսկ ռումինացիների ու հունգարացիների միջև էլ նման վեճ կա՞:

- Այո, նրանք նույնիսկ մասնակցում էին չճանաչված երկրների առաջնությանը՝ ԿՈՆԻՖԱ-ին: Նույնիսկ մեր թիմերի դեմ են մրցել՝ Արցախի և Արևմտյան Հայաստանի հավաքականների: Ես հիմա կապ եմ պահում «Չիկսերեդայի» մարզչի օգնականի հետ: Բորնին նախկին ֆուտբոլիստ է, հիանալի մարդ, հայերի հետ է խաղացել: Հայերը նրա վրա շատ լավ տպավորություն են թողել, ինձ միշտ հարցնում է Հայաստանի մասին: Ես էլ շատ եմ հետաքրքրվում մեր պատմությամբ, ինձ հայրենասեր եմ համարում և միշտ պատմում էի այնտեղի գերմանացի, սլովակ, իտալացի իմ ընկերներին... ինձ նույնիսկ «պատմության մարդ» էին անվանում:

- Փաստորեն լեզվի խնդիր չեք ունեցել:

- Առաջին մեկ ամիսը չէի կարողանում շփվել: Կարծում էի՝ իմ անգլերենը լավ մակարդակի է, բայց այնտեղ չէի կարողանում հաղորդակցվել, դա լրացուցիչ ընկճվածություն ստեղծեց: Ինձ վատ զգացի և յուրաքանչյուր մարզումից հետո, անկախ նրանից քաղցած էի կամ հոգնած, մեկ ժամ սովորում էի: Մեկ ամիս հետո այնպես էի խոսում, որ բոլորը զարմացել էին:

- Տպավորիչ է: Իսկ ինչո՞վ էիք զբաղվում ազատ ժամանակ: 

- Ինձ երեք հարկանի սեփական տուն տվեցին, հետո պարզվեց ակումբի նախագահինն է: Նա հայերին շատ էր սիրում, շատ էր հարգում հայի տեսակը և նույնիսկ որդուն ուղարկեց ինձ հետ բնակվելու: Պատանի տղա էր, մի քիչ թափթփված էր հագուստի և իրերի նկատմամբ, բայց ինձ հետ շփվելուց հետո մասամբ վերանայեց իր վերաբերմունքը:

- Թիմն ուժե՞ղ էր:

- Հետաքրքիր թիմ էր: Չէի ասի, թե մարզչական կամ խաղային առումով շատ նոր բան սովորեցի, բայց ֆուտբոլիստների մենթալիտետն ինձ շատ դուր եկավ: Օրինակ՝ յուրաքանչյուրը գիտեր խաղադաշտում իր անելիքը, շատ նվիրված էր մարզվում, ինչը չէի սպասում: Մարզումից 2 ժամ շուտ էին գալիս, ճաշում էին ակադեմիայում: Ակումբի բյուջեն բավականին մեծ էր, պայմաններն էլ՝ հիանալի: Ինձ զարմացրեց, որ նրանց գլխավոր թիմի ֆուտբոլիստն էի, կարող էի սենյակ խնդրել ակադեմիայում գիշերելու համար, բայց չտային, որովհետև առաջնայինը սաներն են: Հայաստանում այդպես չէ:

- Ի՞նչ մակարդակում էր Ռումինիայի երկրորդ լիգան:

- Մասնակցում էր 20 թիմ, լավագույն վեցնյակը հետո առաձնանում և պայքարում էր բարձրագույն խմբի ուղեգրի համար: Այդ 20 թիմերից կեսն այնպիսի ստադիոններ ունեին, որ նույնիսկ չես կարող համեմատել Հայաստանի Պրեմիեր լիգայի հետ: Նույնիսկ, երբ ցանկանում էի իմ գոլերը ցույց տալ, ամաչում էի ասել, որ կադրերը Պրեմիեր լիգայի ստադիոններից են: Նրանց 6-7 ակումբներն այնպիսի բյուջե ու պայմաններ ունեն, որ կերազեի մեր առաջնությունում այդպես լիներ: Նրանց ֆուտբոլային մտածելակերպն էլ տարբերվում է: Այնտեղ ինձ ավելի ազատ ու հանգիստ էի զգում, ավելորդ խոսակցություններ չկային: Ամեն ինչ ավելի պրոֆեսիոնալ էր: Խաղերի տեմպը բարձր էր, դինամիկա կար: Հայաստանում խաղի տեմպը միջինից դանդաղ է, հիմա որոշակի աճ կա, բայց Ռումինիայի երկրորդ լիգայի համեմատ միևնույն է դանդաղ է:

- Այդ դեպքում ավելի տարօրինակ է, որ Եվրոպայից վերադարձաք Հայաստան:

- «Չիկսերեդայում» ես շատ լավ էի մեկնարկել, նույնիսկ ընկերական խաղում շրջադարձ հարվածով գոլ խփեցի, հետո հավաքի ժամանակ ռուսական թիմի դեմ աչքի ընկա, ի դեպ, նրանց կազմում նույնպես հայ ֆուտբոլիստ գոլ խփեց: Հետո վնասվածք ստացա, բայց ակումբի նախագահն ամեն ինչով աջակցում էր: Սկզբում պայմանագիրը համաձայնեցրել էինք 0,5+2 տարի սկզբունքով, կես տարի անց արդեն 1 տարվա պայմանագիր էինք քննարկում և հենց այդ պահին առաջարկ ստացա «Ալաշկերտից», որը պետք է եվրագավաթի մասնակցեր: Բացի այդ, շատ էի ուզում ուժերս փորձել Հայաստանի Պրեմիեր լիգայում, վաղուց այնտեղ չէի խաղացել ծառայության և արտասահման մեկնելու պատճառով: «Ալաշկերտում» Արմեն Ադամյանն էր սելեկցիա կատարում, զանգեց և առաջարկեց վերադառնալ: Ասաց՝ կարող է իմ թեկնածությունը քննարկել ակումբի նախագահի հետ:

- Ֆինանսական պայմանները շա՞տ էին տարբերվում:

- Ռումինիայի համեմատ տարբերությունը չնչին էր: Դա ընդհանրապես որոշիչ գործոն չէր ինձ համար: Ես ցանկանում էի վերջապես բարձր տեղերի համար պայքարող թիմում խաղալ, հաջողության հասնել:

- Նշեցիք «Ալաշկերտ» տեղափոխվելիս եվրագավաթների գործոնը: Կոնֆերենցիաների լիգայում ձեր մրցակիցը «Համրուն Սպարտանս» էր: Այդ դիմակայության շուրջ երկու կարծիք կա: Առաջինը՝ մրցակիցն իսկապես լավ թիմ էր և արժանիորեն հաղթեց, երկրորդը՝ «Ալաշկերտն» ինքը ձախողվեց՝ պարտվելով Մալթան ներկայացնող թիմի: Ո՞րն է մոտ իրականությանը:

- Այդ թիմն ամուր էր, մեծ ցանկությամբ էր խաղում, բայց մենք Երևանում 1-0 հաշվով հաղթեցինք: Պատասխան խաղում էլ մենք հաշվի մեջ առաջ անցնանք: Հետո ամեն ինչ վատ դասավորվեց: Նախ խաղադաշտը հնարավոր ամենափոքրն էր, անսովոր տեսակի արհեստական խոտածածկով էր, հետո եղանակը շատ ազդեց: Մեզ համար ահավոր տոթ էր Մալթայում, նրանք էլ ամբողջ խաղը գրոհում էին և գոլ խփեցին: Ես 1-4 հաշվի ժամանակ փոխարինման դուրս եկա, բայց այլևս ոչինչ փոխել չէի կարող:

- Դուք չցանկացած խիստ արտահայտվել Ձեր նախկին թիմի մասին, ուստի այսպիսի հարց: Ուժերի հարաբերակցությամբ «Ալաշկերտն» ավելի բա՞րձր մակարդակի թիմ էր:

- Միանշանակ:

- Պարզ է։ «Լեռնային Արցախի»  պես «Վեստ Արմենիան» էլ քիչ լուսաբանվող թիմ է: Մտածե՞լ եք, թե ինչու է այդպես: 

- Այո, պատճառներից մեկն այն է, որ նոր թիմ է, առաջին անգամ է Պրեմիեր լիգայում խաղում: Տարիների հարց է, շատ բան կարող է փոխվել: Ես ճանաչում եմ «Վեստ Արմենիայի» ղեկավարներին, նրանք իսկապես ցանկանում են ամեն ինչ անել, որ թիմը հաջողության հասնի:

- Ինչպիսի՞ մթնոլորտ է թիմում:

- Շատ լավ: Ես դեռ Առաջին խմբից եմ դա տեսնում:

- Նախորդ հարցերն այս մեկին էին նախապատրաստում: Հայաստանում, հատկապես՝ մրցաշրջանի սկզբում, շատ էին կասկածները, որ «Վեստ Արմենիայի» խաղերն ազնիվ չեն. օրինակ՝ թվացյալ անփույթ խախտում սեփական տուգանային հրապարակում կամ ինքնագոլ: Թիմի ներսում այդ պատճառով կասկածներ եղե՞լ են:

- Ես հենց որպես թիմի ներսում գտնվող մարդ կարող եմ այդ մասին խոսել: Ես երբեք անազնիվ բան չեմ տեսել ու լսել: Չգիտեմ, թե մարդիկ ինչի մասին էին խոսում: Ես խոսակցություններ լսել եմ «Վանին» 1-4 հաշվով պարտված խաղի մասին: Բայց, եթե հանդիպումը դիտել եք, մենք երկրորդ կեսում որևէ պահ չենք ունեցել, «Վանը» միշտ գրոհում էր, մենք փակվել էինք և չէինք կարողանում դուրս գալ:

- Ես նույնպես չեմ հավատում պայմանավորված խաղերի թեորիային: Իմ տեսակետն է՝ եթե ֆուտբոլիստը կարող է միտումնավոր վրիպել, ապա կարող է և միտումնավոր դիպուկ հարվածել: Այդ դեպքում ինչո՞ւ լավ չխաղա և չհաղթի: Նույնիսկ «Շիրակի» հետ մրցավեճը, որում 2-0 հաշվով առջևում էիք և 2:5 պարտվեցիք, միևնույն է՝ ամեն ինչ կախված է, թե ինչ աչքով ես նայում դրվագին: Ցանկության դեպքում ամենաթոփ մակարդակում էլ միտում կտեսնես:

- Այդ խաղից էլ կարող եմ խոսել: Մարդիկ չէին տեսնում, բայց մեր թիմում այդ օրը լարվածությունը շատ մեծ էր, որովհետև առաջին խաղն էր Պրեմիեր լիգայում: Մինչև այդ մեր նպատակին հասել էինք և չեմպիոն դարձել Առաջին խմբում, հետո նորամուտ Պրեմիեր լիգայում: Նույնիսկ մարզչական շտաբն էր անչափ լարված: Իսկ ինչ վերաբերում է անփույթ 11-մետարնոցներ բերելուն, ապա ես դա կապում եմ անփորձության հետ: Շատ ֆուտբոլիստներ քիչ են խաղացել Բարձրագույն խմբում:

- Բայց ամենաշատը հենց լեգեոնականներին են մեղադրում, հայերի վերաբերյալ ընդհանրապես կասկած չեմ լսել:

- Ես չեմ նկատել նման բան: Այն ամենը, որ տեսնում եմ, ոգեշնչող խոսակցությունները, որոնք թիմի ներսում լինում են... պարզապես չեմ կարող հավատալ, որ դրանից հետո որևէ մեկը կարող է մեր քրտինքը ջուրը գցել: Եթե պարզվի՝ մեկը միտումնավոր է արել, առաջինը ես նրան իմ կողմից ինչ-որ պետք է կասեմ և երբեք այդ թիմում չեմ խաղա:

- Ձեր խաղում տպավորում է, թե որքան շատ եք հանդիպման ժամանակ արագացումներ կատարում: Ինչ-որ վիճակագրություն կա՞ սպրինտերի շուրջ:

- Կոնկրետ թիվ չգիտեմ, բայց «Արարատում» և Ռումինիայում մենք GPS-ներով էինք մարզվում, այդ սարքը ֆիքսում է առավելագույն արագությունդ: Իմ առավելագույն արագությանը շատ արագ եմ հասնում: Այն կարող է մեկ վայրկյանում 6,7 մետրի հասնել: Բայց ասեմ, որ պատանի տարիքում նույնիսկ ավելի արագ եմ եղել:

- Ձեր արագացումներին կարիերայի ընթացքում խորքից լավ փոխանցումներով ո՞վ է ամենալավը արձագանքել:

- Կնշեմ Արամ Լոռեցյանին, ինչպես նաև Բենիկ Հովհաննիսյանին:

- Նաև գլխով եք լավ խաղում: «Շիրակի» դեմ մրցավեճում տպավորիչ օդային մենապայքար հաղթեցիք և այդպես փոխանցում կատարեցիք:

- Կրծքով ավելի լավ եմ խաղում, գնդակը մշակում եմ և հաջորդ գործողություն կատարում: Բայց նաև պետք է աշխատեմ հարվածներիս վրա, կատարելագործվելու տեղ ունեմ: Փոխանցումներս էլ վատը չեն: Բայց իմ ամենաուժեղ կողմերից եմ համարում ազատ տարածություն ներխուժելը, արագությունը և ֆիզիկական պատրաստությունը:

- Հայկական ֆուտբոլում վերջին շաբաթների գլխավոր լուրերից մեկն այն էր, որ Առաջին խմբի երկու թիմ Պրեմիեր լիգային մասնակցելու արտոնագիր են ստացել, ուստի այժմ վերջին տեղի թիմը դուրս է մնալու պայքարից: «Վեստ Արմենիան» էլ նախորդ 10 խաղում ավելի շատ միավոր է վաստակել, քան ամբողջ առաջնությունում: Պրեմիեր լիգայից դուրս մնալու վախն ազդե՞լ է թիմի արդյունքների վրա:  

- Ոչ, հիմնական պատճառը դա չէ: «Վեստ Արմենիան» միշտ ձգտել է հաղթանակի համար խաղալ: Մենք ավելի շատ գնդակով էինք գործում նախորդ մարզիչների ժամանակ, անկախ նրանից, թե ով էր մրցակիցը, խաղում էինք բարձր պրեսինգով, բայց դա բերում էր բաց թողած շատ գոլերի: Երբ նոր մարզիչը եկավ, մենք սկսեցինք լրիվ ուրիշ ֆուտբոլ խաղալ, ավելի կոմպակտ և հակագրոհներին միտված: Ձմեռային դադարի ժամանակ էլ շատ փոփոխություններ եղան թիմում, բայց շարունակեցինք Արտաշես Ադամյանի ցանկալի ֆուտբոլը խաղալ: Այս ֆուտբոլով մենք ավելի շատ սկսեցինք միավորներ վաստակել:

- Ֆուտբոլիստի համար ո՞րն է ավելի կարևոր. խաղալ նախաձեռնող ֆուտբոլ, փորձել մրցակցին հենց գնդակով գերանզանցել և սպասել, որ արդյունքները մի օր կգան, թե՞ պատրաստ եք համակերպվել հակագրոհային ֆուտբոլին, եթե այն արդյունք է տալիս:

- Իհարկե, առաջին համարով խաղալը միշտ էլ հաճելի է, սակայն պարտությունները թևաթափ են անում: Ես կուզեի շարունակել հակագրոհային ֆուտբոլով դրական արդյունքների հասնել հիմա, բայց վտանգավոր գոտուց հեռանալուց հետո աշխատել խաղային կապերի վրա, որպեսզի հետագայում արդեն գնդակով խաղով նույնպես արդյունքները բավարար լինեն:

- Մինչև մարզչական փոփոխությունը, «Վեստ Արմենիայի» շուրջ կողքից այսպիսի կարծիք կար. Կարեն Ավոյանը թիմի խաղային գաղափարների առաջնորդն է, Խորեն Վերանյանը հոգեբանական կողմի պատասխանատուն, իսկ Անդրանիկ Զանազանյանը՝ ակումբի ներկայացուցիչը մամուլի ասուլիսների ժամանակ: Որքանո՞վ է մոտ այս տեսակետն իրականությանը:

- Բավական մոտ է: Հիմնականում Ավոյանն ու Վերանյանն էին թիմի մարզիչները, ես նրանցից գլխավոր մարզիչ չեմ կարող առանձնացնել, նրանք հավասարաչափ նվիրված էին թիմին, շատ էին աշխատում, ամեն կերպ փորձում էին մեզ հասկացնել իրենց մոտեցումները:

- Ավոյանը շատ նորաոճ մարզիչ է համարում, ժամանակակից միտումների ջատագով: Ինչպիսի՞ ֆուտբոլային հայացնքներ ունի:

- Մենք միասին խաղացել ենք «Արարատում»: Ավոյանը դեռ այն ժամանակ շատ լավ տպավորություն էր թողել, շատ խելացի էր, ֆուտբոլով էր ապրում, կարգապահ էր, փորձառու, Հունաստանում էր խաղացել... նրանից շատ բան եմ սովորել: Հետո, երբ դարձավ իմ մարզիչը, շատ բան սովորեցրեց, հատկապես՝ ճիշտ տեղաշարժերի և դիրքային ֆուտբոլի գաղտնիքները: Առաջին խմբում այդ ֆուտբոլը շատ լավ էր ստացվում:

- Իսկ Վերանյա՞նը:

- Նա թիմին հիմնականում հոգբանորեն էր պատրաստում, «դուխ» էր տալիս: Նա հիմա էլ է թիմում և կրկին հոգեբանական աշխատանք է կատարում: Նրանց զույգը լրացնում էր մեկը մյուսին, բայց վերջին խոսքը սովարաբար Վերանյանն էր ասում:

- Հայաստանի Պրեմիեր լիգայում ռմբարկուական նպատակ դրե՞լ եք Ձեր առջև:

- Կարծում եմ՝ յուրաքանչյուր հարձակվող պետք է իր առջև կոնկրետ գոլերի նպատակ դնի: Դա իրականում շատ ուժեղ շարժառիթ է: Ես մրցաշրջանից առաջ 10 գոլի խնդիր եմ դրել իմ առջև: 6 գոլ արդեն ունեմ և հուսով եմ ոչ միայն կհասնեմ այդ թվին, այլ նաև կանցնեմ:

- Ե՞րբ եք վերադառնալու Եվրոպա:

 - Չգիտեմ, սակայն կարծում եմ՝ շատ հեռու չէ այդ պահը: Իմ նպատակներից մեկը Եվրոպայում խաղալն է, բայց արդեն բարձրագույն խմբում:

- Վերջին հարցը: Ֆուտբոլից դուրս ինչո՞վ եք զբաղվում:

- Սիրում եմ համակարգչային խաղեր խաղալ: Սպորտում հետևում եմ անհատական մրցաձևերում հայ մարզիկների ելույթներին, սիրում եմ նաև բասկետբոլ և թենիս: Սպորտից բացի, նաև շատ եմ սիրում նկարել, մեր ընտանիքում նման գեն կա: Պապիկս Հայաստանի վաստակավոր նկարիչ է: Սիրում եմ նաև ինքնակրթվել և զարգանալ: