Logo

«Ինձ ասում են «oh, that’s cool». Հայաստանի հավաքականի խաղացողը սովորում է ԱՄՆ-ում և մերժում ոչ-ոքիները

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
10:33 / 26.03.2024Շախմատ
Բացառիկ
null

Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյանը շատ արագ ներխուժեց հայկական շախմատ, մասնակցեց Համաշխարհային Օլիմպիադային, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին, Եվրո-2019-ում լավագույնն էր իր խաղատախտակին, իսկ հիմա վարկանիշով երրորդն է Հայաստանում: Այդուհանդերձ, Աննան արդեն տևական ժամանակ է բնակվում է ԱՄՆ-ում:

VNews-ը զրուցեց 22-ամյա շախմատիստուհու հետ այն մասին, թե ինչով է զբաղվում ԱՄՆ-ում և երբ է վերադառնալու մարզական ակտիվ գործունեությանը: Պարզվեց՝ շախմատային վերադարձը կարող է և չկայանալ...

- Դուք բնակվում եք Սենթ Լուիսում, որը համարվում է ամերիկյան շախմատի մայրաքաղաքը։ Ինչո՞վ է դա արտահայտվում:

- ԱՄՆ-ի ամենակարևոր մրցաշարերն անցկացվում են հենց Սենթ Լուիսում: Օրինակ, օրերս Սենթ Լուիսում անցկացվում էր ԱՄՆ-ի գավաթը, որին մասնակցում էին մի շարք հեղինակավոր շախմատիստներ, իսկ չեմպիոն դարձավ Լևոն Արոնյանը: Բացի այդ, ԱՄՆ-ի առաջնությունն անցկացվում այստեղ, մի շարք այլ հեղինակավոր մրցաշարեր՝ նույնպես, որոնց մասնակցում է նույնիսկ Մագնուս Կառլսենը: Բացի մրցաշարերից, աշխարհի ամենաուժեղ ուսանողական թիմերը Միսսուրի նահանգում են: Օրինակ, մեր համալսարանը՝ Webster University - Susan Polgar Institute of Chess Excellence (SPICE) թիմով:

- Պոլգարներից Հուդիթին եմ լավ հիշում, նա միշտ տղամարդկանց հետ խոշոր մրցաշարերի էր մասնակցում...

- Ճիշտ եք հիշում, Պոլգարները 3 երեք քույրեր են, բոլորն էլ ուժեղ շախմատիստուհիներ: Ժուժան նրանցից ամենամեծն է՝ կանանց աշխարհի 8-րդ չեմպիոնը: Նա նաև որակավորվել է տղամարդկանց աշխարհի չեմպիոնի Հավակնորդների մրցաշարին, սակայն ՖԻԴԵ-ն այդ ժամանակ նրան թույլ չէր տվել մասնակցել:

- Փաստորեն ձեր համալսարանը «շախմատային» է...

- Ոչ ամբողջությամբ: Պարզապես Միսսուրիի համալսարաններն ուժեղ շախմատային թիմեր ունեն: SPICE-ը մեր համալսարանի շախմատի թիմի անունն է, քանի որ Ժուժա Պոլգարն է այն հիմնադրել, սակայն այժմ մարզիչը Լիմ Լե Քուանգն է՝ աշխարհի թոփ շախմատիստներից մեկը:

- Եթե նման շախմատային պայմաններ կան, ինչո՞ւ եք սկսել ավելի քիչ խաղալ:

- Չնայած նրան, որ մեր համալսարանն ունի շատ ուժեղ թիմ և մարզիչ, շախմատ խաղալը դասերի ընթացքում այդքան էլ հեշտ չէ: Դասերս բավականին շատ ժամանակ են խլում, գրեթե ամեն օր տնային աշխատանքներ ունեմ: Նաև կան դասախոսներ, որոնք ընդհանրապես թույլ չեն տալիս դասերից բացակայել անհարգելի պատճառով, իսկ շախմատի մրցաշարը՝ անհարգելի է համարվում:

- Այդտեղ այլ հիմնական մասնագիտություն ունե՞ք:

- Այո, ընտրել եմ համակարգչային գիտություն, ամենաբարդ մասնագիտություններից մեկն է, և այն պահանջում է շատ մեծ նվիրվածություն:

- Ժամանակով մի փոքր հետ գնանք: Հայաստանում դուք շատ վաղ հայտնի դարձաք, 17-18 տարեկանում արդեն ազգային հավաքականի անդամ էիք։ Ինչպե՞ս հարմարվեցիք այդ ամենին:

- Հայտնի լինելը, կարծում եմ, մի փոքր չափազանցված է:

- Սպորտային աշխարհում հաստատ հայտնի եք:

- Դուք մարզական լրագրող եք, դրա համար գիտեք, մյուսների համար ճանաչված չեմ եղել:

- Այդուհանդերձ ազգային հավաքականի ներկայացուցիչ էիք մի մարզաձևում, որը շատ տարածված է մեր երկրում: Ինչպիսի պատասխանատվություն էր այդքան վաղ տարիքում ներկայացնել երկիրը:

- Միանշանակ պատասխանատվության զգացումը շատ մեծ էր: 2018 թվականից սկսած արդեն Հայաստանի հավաքականն էի ներկայացնում, բայց կարծում եմ՝ հարմարվելու առանձնապես շատ բան չկար: Պարզապես պետք էր նույն տեմպով շարունակել, ամեն օր մարզվել և մրցաշարերի մասնակցել:

- Այդքան վաղ տարիքում հավաքականում հայտնվելն անհատական երևույթ էր, թե՞ մեզ մոտ շախմատային լավ դպրոցն է օգնում այդքան շուտ նվաճումների հասնել:

- Անկեղծ ասած չեմ կարծում, որ վաղ հասակում եմ հայտնվել: Մեր հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչանը, եթե չեմ սխալվում, 13-14 տարեկանում արդեն հավաքականում էին: Կարծում եմ՝ ես նույնպես կկարողանայի հավաքականում ավելի վաղ ընդգրկվել, եթե ավելի աշխատասեր լինեի և անհատական մարզչի հնարավորություն ունենայի:

Ինչ վերաբերում է շախմատային դպրոցին, այն միանշանակ մեծ դեր ունի երիտասարդ շախմատիստների կյանքում, բայց եթե հավելյալ ծախսերի հնարավորություն չկա, այսինքն՝ արտերկրում մրցաշարերի գնալու կամ անհատական մարզիչ ունենալու, ապա դժվար է առաջ գնալը:

- Մարզչական թեմայի մասին շարունակելով։ Շատ սպորտաձևերում նշում են, որ մարզիկի անցած դպրոցն օգնում է տարբերվել։ Ֆուտբոլիստի խաղից կարող ես հասկանալ բրազիլացի է, թե՞ իսպանացի, բասկետբոլիստը եվրոպացի է, թե՞ ամերիկացի: Հայերի շախմատը տարբերվո՞ւմ է մյուսներինից:

- Մի շարք փաստեր արդեն իսկ վկայում են, որ Հայաստանի շախմատը և շախմատիստները տարբերվող են: Հայաստանը լինելով շատ փոքր երկիր՝ երեք անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն, 2022 թվականին էլ տղաները շատ մոտ էին 4-րդը նվաճելուն: Հայաստանն աշխարհում առաջինն է գրոսմայստերների քանակով՝ ըստ երկրի տարածքի չափի: Այդուհանդերձ, յուրաքանչյուր շախմատիստ ունի իր ուրույն խաղաոճը: Սակայն բոլոր հայ շախմատիստները մի ընդհանուր բան ունեն, և դա մարտական ոգին է:

- Երբ վիճակագրություն էի հաշվում, նկատեցի, որ տոկոսային հարաբերակցությամբ դուք մոտավորապես երեք անգամ ավելի քիչ եք ոչ-ոքի գրանցում, քան օրինակ՝ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը։ Ինչի՞ հետ եք դա կապում:

- Ոչ-ոքին տանել չէի կարողանում: Հազվադեպ եմ ոչ-ոքի առաջարկել միջնախաղերում, և նույն կերպ շատ քիչ էի ընդունում ոչ-ոքիի առաջարկները՝ միայն, երբ արդեն ոչինչ չկար խաղալու: Միշտ այն կարծիքին եմ եղել, որ եթե մարդ այդքան ժամանակ է ծախսում, մի երկրից մյուսն է գնում շախմատ խաղալու, ապա իմաստը ո՞րն է չխաղալ, և ցանկացած դիրքում պարտիան արագ ավարտել ոչ-ոքիով: Սակայն ԱՄՆ տեղափոխվելուց հետո դա փոխվեց: Հիմա ավելի շատ եմ ոչ-ոքիներ գրանցում: ԱՄՆ-ում մրցաշարերը տևում են 5-6 օր, խաղում են օրական 2 պարտիա: Հաճախ ավելի ճիշտ տարբերակ է պարզապես արագ ոչ-ոքի գրանցել և գոնե մի փոքր հանգստանալը, հատկապես, եթե նախորդ օրը ծանր պարտիաներ են եղել:

- Ըստ հասանելի վիճակագրության՝ դուք ամենաշատը «թագուհու գամբիտ» եք օգտագործում: Ինչո՞ւ հենց այդ սկզբնախաղը, ի՞նչ հնարավորություններ է այն տալիս: Օրինակ՝ ես էլ եմ խաղում շախմատ և տանել չեմ կարողանում, երբ իմ դեմ «թագուհու գամբիտ» են խաղում:

- 2020 թվականին, երբ քովիդը տարածվեց ամբողջ աշխարհով և օնլայն մրցաշարերը սկսեցին շատ մեծ դեր ունենալ, ՖԻԴԵ-ն որոշեց օնլայն մրցաշարերի պարտիաները ներբեռնել շախմատային բազա: Այժմ, եթե նայեք իմ պարտիաների բազային, ապա կտեսնեք, որ մի ահռելի մաս են կազմում chess.com կայքում ամեն երեքշաբթի տեղի ունեցող «Titled Tuesday» մրցաշարի պարտիաները: Իմ սկզբնախաղերի վիճակագրությունը փոխվել է դրանից հետո: Հատկապես դասական պարտիաներում d4-ով հազվադեպ եմ սկսում: «Թագուհու գամբիտն» այդքան էլ իմ ոճը չէ, շատ դասական է, իսկ ես դինամիկ խաղացող եմ:

- Ո՞ր սկզբնախաղն է դինամիկ խաղին ավելի հարմար:

- Այժմ դասական պարտիաներում նախընտրությունը տալիս եմ առաջին քայլով e4-ին, ավելի հարմար է:

- Պարտիայի ընթացքում որքա՞ն շուտ եք սկսում մտածել հարձակման մասին։

- Միշտ եմ հարձակման մասին մտածում, նույնիսկ խաղը չսկսած մեծ հույսեր եմ փայփայում, որ այնպիսի սկզբնախաղ կլինի, որում կկարողանամ գրոհել: Խաղի ընթացքում, երբ գրոհի փոքր-ինչ հնարավորություն լինում, փորձում եմ օգտվել առիթից:

- Աշխարհում շախմատի մասսայականացման նոր բում սկսվեց 2020 թվականին՝ «The Queen's Gambit» մինի-սերիալի պրեմիերայից հետո: ԱՄՆ-ում, երբ տեղեկանում են, որ շախմատիստուհի եք, ինչպե՞ս են արձագանքում:

- Արտասովոր ռեակցիա չեն տալիս, առավելագույնն ասում են՝ «Oh, that’s cool»: Նաև հարցնում են արդյո՞ք դիտել եմ «Queen’s Gambit»-ը:

- Ե՞վ, դիտե՞լ եք:

- Անկեղծ ասած՝ ոչ: Սերիալներ հազվադեպ եմ դիտում: Հիմնականում նախընտրում եմ գրքեր և ֆիլմեր:

- Հայաստանի հավաքականում ձեր թիմակից Սուսաննա Գաբոյանը վերջերս հայտարարել էր, որ Մագնուս Կառլսենին համարում է ոչ միայն մեր օրերի, այլև պատմություն լավագույն շախմատիստը։ Ձեզ ո՞ր շախմատիստի խաղն է դուր գալիս:

- Պատմության լավագույնը միայն նախընտրության հարց է: Կարծում եմ՝ չի կարելի համեմատել Կառլսենին, օրինակ՝ Ֆիշերի հետ, և ասել, որ Մագնուսը լավն է: Այո, նրա շախմատն ավելի ուժեղ է, բայց դրան նպաստում են մի շարք փաստեր՝ համակարգիչ, շատ ավելի ուժեղ թիմ, ուժեղ ֆիզիկական պատրաստություն և այլն: Ինձ շատ դուր է գալիս Միխայիլ Տալի խաղաոճը, կարծում եմ՝ ունեմ իր խաղաոճից որոշ գծեր իմ խաղում:

- Վստահ էի, որ հենց Միխայիլ Տալին կնշեք: Իսկ կանանցից ո՞ւմ կառանձնացնեք:

- Ցզյու Վենցզյունին եմ շատ սիրում, աշխարհի չեմպիոնության իր պարտիաներում միշտ շատ ուժեղ կամք և ամուր հոգեբանություն է ցույց տալիս:

- Ժամանակային ևս մեկ թռիչք կատարենք և խոսենք ապագայից: Մտադի՞ր եք ԱՄՆ-ում մնալ ուսումից հետո:

- Դեռ մեկ տարի ունեմ համալսարանն ավարտելուն, իսկ դրանից հետո մտադիր եմ մագիստրատուրայում սովորել: Ժամանակ դեռ շատ կա ինչ-որ հստակ բան ասելու համար։ Սակայն կյանքն ԱՄՆ-ում ինձ այդքան էլ դուր չի գալիս, և հետո՝ Հայաստանը շատ եմ կարոտում: Հուսամ՝ կվերադառնամ:

- Իսկ ի՞նչը դուր չի գալիս ԱՄՆ-ում: Մի քանի օրինակ կբերեք, բայց արդարության համար նաև դրականն առանձնացրեք...

- Առաջին հերթին տխուր եմ, որ Հայաստանում չեմ, մտերիմներիս կողքին չեմ: Միշտ բոլորն ասում են՝ Ամերիկան հնարավորությունների երկիր է, միգուցե, ճիշտ են, բայց ես այստեղ ուսանող եմ, և շատ բան չեմ կարող ասել այդ մասին: Այլ դրական կողմերից կնշեի մարդկանց սիրալիրությունը, թեպետ միշտ չէ, որ անկեղծ է, բայց ամեն դեպքում հաճելի է: Բացասական կողմերից... բոլորին է հայտնի, որ ԱՄՆ-ում օրինական է զենք ունենալը, շատ են կրակոցները վտանգավոր երկիր համարվելու համար: Այստեղ այդքան էլ ապահով չեմ զգում ինձ, նույնիսկ հասարակական տրանսպորտով երթևեկելը որոշ քաղաքներում կարող է ճակատագրական լինել:

- Շախմատային Ձեր ապագան ինչպե՞ս եք ծրագրում:

- Վեբսթերի համալսարան ընդունվելուց հետո շախմատով սկսել եմ քիչ զբաղվել: Կարծում եմ՝ ավարտելուց հետո ամբողջությամբ կշարունակեմ իմ մասնագիտությամբ՝ համակարգչային գիտությունով:

- Այսինքն՝ ավարտո՞ւմ եք շախմատիստի կարիերան:

- Քանի դեռ մասնակցում եմ մրցաշարերի և ելույթ եմ ունենում Հայաստանի հավաքականում, մի փոքր սխալ կլինի այդպես ասել: Սակայն շախմատը վաղուց այլևս չի ձգում և ինձ այդ բնագավառում չեմ տեսնում, պարզապես քանի դեռ համալսարանում եմ սովորում, պետք է մարզվեմ և մասնակցեմ մրցաշարերի: Բայց կրկին, դրան դեռ շատ կա և ինչ էլ հիմա ասեմ, միգուցե, իրականություն չդառնա: