Logo

Ակումբների «ոսկու հանքը»․ Աշխարհի լավագույն ֆուտբոլային ակադեմիաները

Հեղինակ
Արտուշ Հարությունյան
14:18 / 02.04.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Դեռևս երիտասարդ տարիքից համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստների զարգացման կարևորագույն գործոններից են կանոնակարգված մարզումները և ֆուտբոլային կրթությունը: Ֆուտբոլի ակադեմիաների ամենակարևոր դերն է օգնել երիտասարդ խաղացողներին կենտրոնանալ իրենց տաղանդի վրա և սովորել ճիշտ մտածել բարձր մրցակցային մակարդակում: Ֆուտբոլի շուրջ կենտրոնացած փողի և ուշադրության մեծ հոսքի պատճառով ծնողները ցանկանում են, որպեսզի իրենց երեխաները կրթություն ստանան լավագույն ակադեմիաներում, որտեղ վճռորոշ դեր են խաղում նաև փորձառու մարզիչները, որոնք պետք է առանձնանան երիտասարդ խաղացողների մեջ ներուժ տեսնելու և նրանց յուրովի բացահայտելու կարողությամբ:

Տնտեսական տեսանկյունից ակումբների համար ակադեմիան «ոսկու հանք» է, իսկ ակադեմիաների ինստիտուտի առաջնային նպատակներից մեկը սեփական կադրերի վաճառքից ստացած գումարով գոյատևելը: Բացի այդ, նախկինում գրանդ ակումբները գերադասում էին վճարել արդեն կայացած ֆուտբոլիստների համար, բայց այդ միտումը վերջին տարիներին փոխվել է:

Աշխարհում քիչ չեն այն ակադեմիաները, որոնք տասնամյակներ շարունակ համաշխարհային ֆուտբոլին մատակարարել են ֆուտբոլիստներ, որոնք հետագայում դարձել են առաջին մեծության աստղեր: Այդ ակադեմիաներից յուրաքանչյուրն ունի իր տեսլականը և ուսումնական պլանը:

VNews-ը ներկայացնում է ուշագրավ մանրամասներ աշխարհի լավագույն ֆուտբոլային ակադեմիաների մասին։

«Այաքս»

Թեև «Այաքսը» նախկին իշխանությունը չունի Եվրոպայում, բայց նրա ակադեմիան, անկասկած, լավագույններից է պատմության մեջ: «Այաքսի» ակադեմիան հիմնադրվել է 1900 թվականի մարտի 18-ին և հայտնի է որպես De Toekomst, ինչը հոլանդերեն նշանակում է ապագա: Հաշվի առնելով ակադեմիայի պատմությունը՝ ընդունելությունը չափազանց մրցակցային է: Դիմորդները պետք է անցնեն ընտրության ամենախիստ ընթացակարգը, իսկ նախապատվությունը տրվում է Նիդերլանդների քաղաքացիներին: De Toekomst-ում մարզվում են 6-19 տարեկան հարյուրավոր ֆուտբոլիստներ: Ակադեմիան առանձնանում է հատկապես սկաուտական համակարգով, որը հավաքում է տաղանդներ ամբողջ աշխարհից, որպեսզի «արտադրի» աստղեր, իսկ հետո վաճառի նրանց տրանսֆերը շահույթ ստանալու նպատակով: «Այաքսի» ակադեմիայի վերապատրաստման ուսումնական ծրագիրը հիմնված է այն համոզմունքի վրա, որ խաղացողները պետք է առանց սահմանափակումների խաղադաշտում ցույց տան իրենց ունակությունները: Ակադեմիան ունի առնվազն 13 թիմ, ինչպես նաև ծրագրեր, որոնք նախատեսված են խաղացողների արագությունը, հմտությունը, մարտավարությունը և բնավորությունը զարգացնելու համար:

Չեմպիոնների լիգայի 1994/95 մրցաշրջանի հաղթող «Այաքսի» կազմում ընդգրկված էին ակումբի այնպիսի սաներ, ինչպիսիք են Ֆրանկ Ռայկարդը, Էդգար Դավիդսը, Պատրիկ Կլյույվերտը, Դե Բուր եղբայրները, Էդվին վան դեր Սարը և Կլարենս Զեդորֆը: De Toekomst-ի ամենահայտնի սաներից են նաև Յոհան Կրոյֆը, Ռինուս Միխելսը, Մարկո վան Բաստենը, Դենիս Բերգկամպը, Ուեսլի Սնեյդերը, Ռաֆայել վան դեր Վարտը, Քրիստիան Էրիկսենը, Ֆրենկի դե Յոնգը և Մատեյս դե Լիխտը: Նախորդ երկու տասնամյակների ընթացքում Նիդերլանդների հավաքականի հաջողությունները նույնպես կարող են վերագրվել «Այաքսի» ակադեմիային՝ ամրապնդելով նրա դիրքը որպես աշխարհի լավագույն երիտասարդական համակարգերից մեկը:

«Բարսելոնա»

2012 թվականի նոյեմբերին «Բարսելոնան» դարձավ պատմության առաջին ակումբը, որը դաշտ դուրս բերեց ակադեմիայի 11 սաների: Կատալոնական ակումբի ակադեմիան («Լա Մասիա») ստեղծվել է 1979 թվականին՝ «Բարսելոնայի» նախկին լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Յոհան Կրոյֆի կողմից: La Masia կատալոներեն նշանակում է ֆերմա և այն դարձել է «Բլաուգրանայի» (Mes que un club) փիլիսոփայության արմատավորման հոմանիշը: Պատահական չէ նաև ակադեմիայի անվան ընտրությունը, քանի որ նախնական շինությունը, որը հայտնի է որպես La Masia de Can Planes, հնագույն ագարակ էր, որը կառուցվել է 1702 թվականին: 1979-ին շինությունը վերածվեց «Բարսելոնայի» երիտասարդ խաղացողների համար նախատեսված հանրակացարանի, իսկ հետո՝ աշխարհահռչակ ակադեմիայի: «Բարսելոնայի» երիտասարդական համակարգում հայտնվելը չափազանց դժվար է: Ամեն տարի ակումբը FCBEscola ծրագրի միջոցով փորձարկումներ է անցկացնում 6-ից մինչև 11 տարեկան խաղացողների համար և ընտրում է լավագույններին: «Լա Մասիան» ցույց է տալիս, թե ինչպես կարող են ակումբի ավանդույթներն ու փիլիսոփայությունը պահպանվել ակադեմիայի միջոցով: 

Կապտանռնագույններն իրենց երկար ու հարուստ պատմության ընթացքում միշտ էլ տիտղոսներ են նվաճել սեփական կադրերով կառուցված թիմերով: «Լա Մասիայի» ամենահայտնի շրջանավարտը Լիոնել Մեսին է, որի հետ ակումբի նոր դարաշրջանում բազմաթիվ տիտղոսներ են նվաճել նաև ակադեմիայի այնպիսի սաներ, ինչպիսիք են Չավին, Անդրես Ինիեստան, Կառլես Պույոլը, Ժերարդ Պիկեն, Վիկտոր Վալդեսը, Ժորդի Ալբան և Սերխիո Բուսկետսը: Վերջին տարիներին ֆինանսական խնդիրների պատճառով «Բարսելոնայի» առաջին թիմում կրկին մեծ կարևորություն են ստացել ակադեմիայի երիտասարդ ֆուտբոլիստները՝ Պաու Կուբարսի, Էկտոր Ֆորտ, Ֆերմին Լոպես, Գավի և Լամին Յամալ, որն ընդամենը 16 տարեկանում արդեն մի շարք ռեկորդներ է գրանցել կապտանռնագույն խաղաշապիկով:

«Մանչեսթեր Յունայթեդ»

Միացյալ Թագավորությունում կա կոնսենսուս, որ ֆուտբոլային լավագույն ակադեմիան Քերինգթոնում է, որը շրջապատված է երկու մետր բարձրությամբ ցանկապատով՝ երիտասարդ խաղացողներին մրցակից թիմերի սկաուտներից թաքցնելու համար: 1990-ականներից սկսած «Յունայթեդի» ակադեմիան կրկին սկսեց վճռորոշ դեր խաղալ «Կարմիր սատանաների» հաջողությունների գործում, հատկապես, երբ թիմի ղեկը ստանձնեց Սըր Ալեքս Ֆերգյուսոնը: Շոտլանդացի լեգենդար մարզիչը խաղալու հնարավորություն տվեց ակումբի սաներ Փոլ Սքոուլզին, Ռայան Գիգզին, Դևիդ Բեքհեմին, Դարեն Ֆլետչերին, Գարի Նևիլին և Ուես Բրաունին:

21-րդ դարի երկրորդ տասնամյակի սկզբից հայտնի են դարձել նաև «Արսենալի» ու «Չելսիի» ֆուտբոլային դպրոցները, թեև նրանց խաղացողները չունեն նույն պատմական նշանակությունը և հիմնականում հաջողել են սկաուտական աշխատանքի շնորհիվ: Պատահական չէ, որ 1937 թվականից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում կամ հայտացուցակում միշտ եղել է ակադեմիայի առնվազն մեկ սան: 1950-ականներին Մեթ Բասբիի գլխավորած «Յունայթեդում» խաղում էին ակումբի լավագույն սաները, սակայն 1958-ին մյունխենյան աղետը խլեց նրանցից շատերի կյանքը: Փրկվողների շարքում էր Սըր Բոբի Չառլթոնը, որը նույնպես մանկունյական ակումբի սան է: Վերջին տարիներին Քերինգթոնում ձևավորել է աստղերի նոր սերունդ (Քոբի Մեյնու, Օմարի Ֆորսոն, Վիլի Կամբվալա, Դեն Գոր), որը կարող է կրկնել թիմի նախկին աստղերի ճանապարհն ու հաջողությունները:

«Սանթոս»

Մինչև օտարերկրյա սկաուտների կողմից ուշադրության արժանանալն ու Եվրոպա տեղափոխվելը, բրազիլացի ֆուտբոլիստների մեծ մասը ֆուտբոլային կրթություն են ստանում տեղական ակումբներում: «Սանթոսի» ակադեմիան արդյունավետությամբ, երկարակեցությամբ և հետևողականությամբ գերազանցում է բրազիլական մյուս բոլոր ակումբներին: Ակադեմիան ձևավորվել է 1912 թվականի ապրիլի 14-ին, նույն օրը, երբ կործանվեց ամերիկյան հանրահայտ «Տիտանիկ» նավը։

«Սանթոսից» ավելի շատ ֆուտբոլիստներ են գնում Եվրոպա, քան բրազիլական ցանկացած այլ թիմից: Ակադեմիան, որն աշխարհում ունի բազմաթիվ մասնաճյուղեր, ժամանակին ունեցել է ֆինանսական դժվարություններ, բայց կարողացել է պահպանել գոյությունն ու էությունը: «Սանթոսի» ակադեմիան շատերի կարծիքով լավագույնն է Եվրոպայից դուրս: Այն ստեղծել է Centro de Desenvolvimento à Performance ao Futebol-ը (Ֆուտբոլի նվաճումների զարգացման կենտրոն)՝ սահմանելու համար, թե ինչպես պետք է նորաստեղծ ակադեմիաները զարգացնեն իրենց համակարգը: Ակումբի ամենահայտնի սաներից են Պելեն, Նեյմարը, Ռոբինյոն, Ռոդրիգոն, Դիեգո Ռիբասը, Գաբրիել Բարբոսան և Սեսար Սամպայոն:

«Սպորտինգ»

Եթե «Պորտուն» և «Բենֆիկան» նախընտրում են ձեռք բերել կայացած երիտասարդների և հետագայում վաճառել նրանց տրանսֆերը, «Սպորտինգը» նախընտրում է աստղեր կրթել զրոյից և ավելի մեծ ուշադրություն է դարձնում ակադեմիային, որը յուրաքանչյուր տարի միջինը 7 ֆուտբոլիստ է «մատակարարում» Պորտուգալիայի հավաքականին: «Սելեսաոյի» ֆուտբոլիստներից 8-ը Եվրո-2012-ի եզրափակիչում «Սպորտինգի» ակադեմիայի շրջանավարտներ էին։ Լիսաբոնյան ակումբը Պորտուգալիայում ունի նաև ամենամեծ պատանեկան մարզչական հաստատությունը, որտեղ շեշտը դրվում է ֆուտբոլիստների յուրահատուկ հատկանիշների զարգացման վրա, իսկ այդ հարցում կարևոր նշանակություն ունեն հենց մարզիչները:

Բոլոր ժամանակների մեծագույն պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն լիսաբոնյան ակումբի ակադեմիայի ամենահայտնի շրջանավարտն է, կարող ենք առանձնացնել նաև Լուիշ Ֆիգուին, Լուիշ Նանիին, Ժուաու Մոուտինյուին, Ռիկարդո Կուարեժմային, Սիմաո Սամբրոզային, Ռույ Պատրիսիուին և Վիլիամ Կառվալյուին:

«Վեսթ Հեմ»

«Վեսթ Հեմի» ակադեմիան ոչ միայն Անգլիայի, այլև աշխարհի լավագույն ակադեմիաներից մեկն է, որը համաշխարհային ֆուտբոլին տվել է այնպիսի անուններ, ինչպիսիք են Բոբի Մուրը, Ֆրենկ Լեմպարդ ավագը, Ֆրենկ Լեմպարդ կրտսերը, Ռիո Ֆերդինանդը, Փոլ Ինսը, Գլեն Ջոնսոնը, Ջո Քոուլը, Մայքլ Քերիկը, Ջոն Թերին, Մարկ Նոբլը, Մարտին Փիթերսը, Ջեֆ Հըրսթը, Ջոն Լայալը, Ռոննի Բոյսը, Ջոն Սիզոնսը, Ալան Սիլին և Հարի Ռեդնապը: 

Ջեֆ Հըրսթը պատմության մեջ առաջին խաղացողն է, որը հեթ-տրիկի հեղինակ է դարձել աշխարհի առաջնության եզրափակիչում: 1966 թվականի Մունդիալի վճռորոշ խաղում Անգլիան 4-2 հաշվով հաղթեց Գերմանիային, գոլերից երեքը խփեց Հըրսթը, մեկ անգամ էլ աչքի ընկավ լոնոնդյան ակումբի սաներից մյուսը՝ Մարտին Փիթերսը:

«Մրճահարների» վերջին անվանի շրջանավարտներից է Դեքլան Ռայսը, որն ամռանն ավելի քան 100 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Արսենալ» և շատ արագ դարձավ «Զինագործների» առաջատարներից մեկը: Ռայսն օգնեց «Վեսթ Հեմի» ակադեմիային վերգտնել իր կարգավիճակը՝ որպես աշխարհի լավագույն ֆուտբոլային ակադեմիաներից մեկը: