Logo

«Բարսելոնայի» ու «Ռեալի» նախկին ավագների բացառիկ հարցազրույցը Fast Media-ին

Հեղինակ
Արամ Սահակյան
18:02 / 22.04.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» լեգենդար ավագ Կառլես Պույոլն ու Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Խոսե Մարիա Գուտին Իսպանիայի Լա լիգայի 32-րդ տուրում կայացած Էլ կլասիկոյից առաջ բացառիկ հարցազրույց են տվել Fast Media հեռուստաընկերությանը։

Կառլես Պույոլ. «Կարծում եմ՝ թիմը շատ լավ էր խաղում ՊՍԺ-ի դեմ նախորդ մրցավեճում: «Բարսան» շատ վստահ էր իր ուժերին, բայց նրանց դեմ ուժեղ թիմ էր, ինչպիսին «Պարի Սեն Ժերմենն» է: Նրանց խաղացողները, մասնավորապես հարձակվողները, բարձրակարգ են և կարող են փոխել խաղը: Ու ճիշտ է, որ երբ մենք մնացինք տասը հոգով, դա մեծ ազդեցություն ունեցավ թիմի վրա, և մեծ ճնշում էր: Ի վերջո նրանք հաղթեցին, բայց մինչև կարմիր քարտը «Բարսելոնան» հրաշալի էր խաղում:

Իհարկե, Չեմպիոնների լիգայից այդպիսի ճանապարհով դուրս մնալը ծանր հարված էր: Ամեն ինչ մեր օգտին էր մինչև խաղը, բայց սա սպորտ է: Չկա ավելի լավ պատասխան այս պարտությանը, քան քո ամենաթոփ մրցակցի՝ «Ռեալի» դեմ խաղալիս Էլ կլասիկոն հաղթելն ու առաջնությունում միավորների տարբերությունը կրճատելը:

Կարծում եմ՝ Չավին շատ-շատ լավ աշխատանք է կատարել: Նա միացավ «Բարսելոնային» այն ժամանակ, երբ թիմը բարդ վիճակում էր: Նախորդ տարի մենք հաղթեցինք Լա լիգան ու հրաշալի մրցաշրջան անցկացրինք: Մրցաշրջանի մեկնարկը գուցե առանձնահատուկ չէր, բայց եկեք սպասենք ու տեսնենք՝ ինչպես կավարտվի: Իսկապես տխուր է, որ նա հեռանում է «Բարսելոնայից», բայց նա կայացրել է այդ որոշումը՝ մտածելով, որ այն լավագույնն է ակումբի ու իր համար: Չավին իմ ընկերն է, և ես միշտ նրան լավագույնն եմ մաղթում: Հույս ունեմ՝ նա երջանիկ կլինի «Բարսելոնայում» կամ այլ ակումբում: Նա որոշել է ավելի շատ ժամանակ անցկացնել իր ընտանիքի հետ և դադար վերցնելու ֆուտբոլում: Ես նրան լավագույնն եմ մաղթում: Նա երկար է մտածել այս որոշման մասին ու հրապարակային հայտարարել է: Իհարկե, կարող են ինչ-որ բաներ փոխվել. վերջերս լրագրողները դրա վերաբերյալ հարց տվեցին, իսկ Չավին պատասխանեց, որ իր որոշումը չի փոխվել: Պետք է սպասել մինչև մրցաշրջանի ավարտը՝ այս հարցին վերջնականապես պատասխանելու համար, բայց ես կարծում եմ, որ նա չի փոխելու իր որոշումը:

«Ռեալի» դեմ խաղերից ինձ համար ամենահիշարժանը 6-2 հաշվով հաղթանակն էր «Սանտիագո Բեռնաբեուում»: Այդ խաղը հաղթելուց հետո մենք, կարելի է ասել, լուծեցինք չեմպիոնության հարցը: Այդ հաղթանակը մղեց մեզ նվաճելու թրեբլ ու վեց տիտղոս մեկ մրցաշրջանի ընթացքում: Դա պատմության մեջ ոչ մի թիմի չի հաջողվել մինչև այս պահը: Կարծում եմ՝ դա հրաշալի ու հիշարժան խաղ էր «Բարսելոնայի» երկրպագուների համար, իսկ արդյունքը գերազանց էր»։

Գուտի․ «Ես շատ նյարդային էի «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումից առաջ, քանի որ չափազանց կարևոր խաղ էր: Նախորդ տարի «Ռեալը» լուրջ խնդիրներ էր ունեցել «Սիթիի» դեմ խաղում, ու հիմա հարկավոր էր հաղթել նրանց: Բարդ էր, քանի որ պատասխան խաղը Մանչեսթերում էր: Շատ հուզիչ հանդիպում էր երկրպագուների համար: Կարող եմ ասել, որ հպարտ եմ թիմի գրանցած արդյունքով: «Ռեալը» շատ լավ սկսեց խաղը, թիմի համար շատ կարևոր էր արագ գոլ խփել, ինչից հետո «Սիթին» փոքր-ինչ նյարդայնացավ: Կարծում եմ՝ «Ռեալը» վերահսկում էր խաղը մեկնարկային քսանհինգ րոպեներին, իսկ հետո շատ լավ պաշտպանվում էր՝ կատարելով հսկայական աշխատանք: Վստահ եմ՝ դա Անչելոտիի հրահանգն էր:

Կարծում եմ՝ ֆուտբոլիստները սովոր են երեք օրը մեկ խաղ անցկացնելուն, այդ առումով պետք է որ խնդիր չունենան ծանր գրաֆիկի պատճառով: Կան խաղեր, որտեղ ֆուտբոլիստներին հեշտ է մոտիվացնելը, պարզապես պետք է ասել. «Սա 90 րոպե է», «Դուք խաղում եք «Բարսելոնայի» դեմ: Եվ ավելին՝ հաղթելու դեպքում կարող եք լուծել չեմպիոնության հարցը»:

Կարծում եմ՝ «Բարսելոնայի» բոլոր ֆուտբոլիստների դեմ էլ բարդ է եղել խաղալ. նրանք հրաշալի սերունդ են ունեցել՝ Չավին, Ինիեստան, Ռոնալդինյոն, Էտո՛Օ-ն, Մեսին. նրանք բոլորը եղել են ֆանտաստիկ ֆուտբոլիստներ և չափազանց բարդ մրցակիցներ»։

Հիշեցնենք, որ «Ռեալը» գոլառատ ու լարված պայքարում 3-2 հաշվով տնային հաղթանակի էր հասել «Բարսելոնայի» նկատմամբ և 81 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Կառլո Անչելոտիի թիմը 11 միավոր է գերազանցում երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնային»։ Կատալոնական ակումբն էլ երկու միավոր է առաջ երրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից»։