Logo

ՉԼ. «Բավարիան» և «Ռեալը» կիսաեզրափակիչի առաջին խաղում մարտական ոչ-ոքի գրանցեցին

00:50 / 01.05.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիան» Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի դիմակայության առաջին խաղում բաց թողեց հաղթանակը՝ 2-2:

Մյունխենի «Ալյանց արենա» ստադիոնում կայացած հանդիպման մեկնարկում ակտիվ գործեցին տանտերերը, վտանգավոր հարվածներ կատարեցին անգլիացի հարձակվող Հարի Քեյնն ու գերմանացի վինգեր Լերոյ Սանեն:

Այնուամենայնիվ, 24-րդ րոպեին «Ռեալը» բացեց հաշիվը. գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը նախկին թիմի դեմ խաղում Վինիսիուսին ոսկերչական փոխանցումով դուրս բերեց դարպասապահ Մանուել Նոյերի դիմաց, բրազիլացի հարձակվողը չվրիպեց՝ 0-1: Սա առաջին խաղակեսում «Արքայական ակումբի» ֆուտբոլիստների միակ դիպուկ հարվածն էր:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում գոլ խփելու լավ հնարավորություն ունեցավ Կրոսը, այս դրվագում հիանալի սեյվ կատարեց Նոյերը:

53-րդ րոպեին «Բավարիայի» գերմանացի վինգեր Լերոյ Սանեն աջ եզրում ստացավ գնդակը, շարժվեց առաջ, մտավ տուգանային հրապարակ և գեղեցիկ հարվածով գրավեց Անդրեյ Լունինի պաշտպանած դարպասի մոտակա անկյունը՝ 1-1:

Ընդամենը երեք րոպե անց «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեց, նշակետից էլ դիպուկ գտնվեց Քեյնը: Անգլիայի հավաքականի ավագը 8 գոլով ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուի կոչման պայքարում բաժանում է առաջին տեղը:

Այնուամենայնիվ, 83-րդ րոպեին «Ռեալը» խուսափեց պարտությունից, բրազիլացի վինգեր Ռոդրիգոն 11-մետրանոց վաստակեց, նշակետից դիպուկ գտնվեց նրա հայրենակից Վինիսիուսը՝ դառնալով դուբլի հեղինակ:

Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա մայիսի 8-ին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Բավարիա» (Գերմանիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 2-2 (տեսանյութ)

Լերոյ Սանե, 53, Հարի Քեյն, 57 (11մ) - Վինիսիուս, 24, 83 (11մ)

Հիշեցնենք, որ գլխավոր եվրագավաթի կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Դորտմունդի «Բորուսիան» և ֆրանսիական ՊՍԺ-ն, որոնք դիմակայության առաջին խաղը կանցկացնեն մայիսի 1-ին: