Logo

ՉԼ. «Ռեալը» դրամատիկ «քամբեքով» հաղթեց «Բավարիային» և դուրս եկավ եզրափակիչ

01:01 / 09.05.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» պատմության մեջ 18-րդ անգամ ու երկու տարի անց դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և կպայքարի գլխավոր եվրագավաթի 15-րդ տիտղոսի համար։ «Արքայական ակումբը» կիսաեզրափակիչի պատասխան խաղում 2-1 հաշվով տպավորիչ կամային հաղթանակի հասավ Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ, որը մինչև 88-րդ րոպեն առջևում էր հաշվի մեջ։

Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում կայացած հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: 

Խաղի հաշիվը 68-րդ րոպեին տպավորիչ հարվածով բացեց գերմանական ակումբի կանադացի պաշտպան Ալֆոնսո Դևիսը, որը փոխարինման էր դուրս եկել առաջին խաղակեսում:

81-րդ րոպեին տանտերերի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դաշտ դուրս բերեց իսպանացի հարձակվող Խոսելուին, որը դարձավ հանդիպման գլխավոր հերոսը: 88-րդ րոպեին 34-ամյա ֆուտբոլիստը հավասարեցրեց հաշիվը, իսկ 3 րոպե անց դարձավ դուբլի հեղինակ և ապահովեց «Ռեալի» «քամբեքը»՝ 2-1։ Խոսելուի առաջին գոլի դրվագում անվստահ գործեց «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը, որը հիանալի հանդիպում էր անցկացնում:

Հիշեցնենք, որ Մյունխենում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր 2-2 հաշվով։

Իսպանիայի նորընծա չեմպիոնը հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տիտղոսը կվիճարկի Դորտմունդի «Բորուսիայի» հետ, որը կիսաեզրափակիչում պայքարից դուրս էր թողել ֆրանսիական ՊՍԺ-ին և 11 տարի անց դուրս եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ 

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ռեալ» (Իսպանիա) - «Բավարիա» (Գերմանիա)` 2-1 (տեսանյութ)

Խոսելու, 88, 90+1 - Ալֆոնսո Դևիս, 68