Logo

ԵԱ․ Ամոյանը և Խաչատրյանը կիսաեզրափակիչում են, Հայաստանի մյուս ըմբիշները պարտվեցին

16:14 / 12.02.2024Ըմբշամարտ
null

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջինը օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 5 ներկայացուցիչներից միայն երկուսին հաջողվեց դուրս գալ կիսաեզրափակիչ։ Երեկոյան մրցահերթում եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն Մանվել Խաչատրյանը (55 կգ) և Մալխաս Ամոյանը (77 կգ)։

Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը սկսեց քառորդ եզրափակիչից, որտեղ 13-5 հաշվով հաղթեց Եվրոպայի գործող չեմպիոն, թուրք Ադեմ Ուզունին։ Եզրափակիչի ուղեգիրը հայ ըմբիշը կվիճարկի մոլդովացի Արտյոմ Դելենաուի հետ։

Եվրոպայի նախորդ երկու առաջնությունների չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) քառորդ եզրափակիչում 3-2 հաշվով հաղթեց UWW-ի դրոշի ներք հանդես եկող ռուսաստանցի Ադլետ Տյուլյուբաևին։ Մալխասը տիտղոսի պաշտպանությունը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ ժամկետից շուտ 10-1 հաշվով հաղթելով իտալացի Ռիկարդո Աբրեսցիային։ Կիսաեզրափակիչում Մալխաս Ամոյանի մրցակիցը կլինի մոլդովացի Ալեքսանդրին Գուտուն։

Հրաչյա Պողոսյանը (63 կգ) մեկնարկել է 1/8 եզրափակիչից՝ պարտվելով շվեդ Ալեքսանդր Բիչային (5-5)։

Գևորգ Թադևոսյանը (87 կգ) 1/8 եզրափկաիչում 1-3 հաշվով պարտվել է բելառուս Կիրիլ Մակսևիչին։ Որակավորման փուլում հայ ըմբիշի մրցակիցը՝ Նորվեգիան ներկայացնող Էքսաուս Մբուկուն, չէր ներկայացել գոտամարտին։

Դավիթ Օվասապյանը (130 կգ) որակավորման փուլում հաղթահարել է Շվեյցարիան ներկայացնող Հոսեին Ալիշահի արգելքը՝ 6-0, 1/8 եզրափակիչում 5-0 հաշվով հաղթել է սերբ Բորիս Պետրուշիչին, սակայն քառորդ եզրափակիչում 0-5 հաշվով պարտվել է աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, թուրք Ռիզա Կայալպին։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ) ու Արթուր Ալեքսանյանը (97 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն փետրվարի 13-ին։