Logo

Էլ կլասիկո և միլանյան դերբի․ Առաջիկա օրերի գլխավոր խաղերը

Հեղինակ
Էռնեստ Շաբոյան
15:41 / 19.04.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Ֆուտբոլի Իսպանիայի ու Իտալիայի առաջնություններում թոփ դիմակայություններ են սպասվում առաջիկա տուրում։ Լա լիգայում կկայանա Էլ կլասիկոն, իսկ Ա սերիայում՝ միլանյան դերբի։

VNews-ը ներկայացնում է երկու խաղերի անոնսը։

«Ռեալ» - «Բարսելոնա»

Իսպանական գրանդ ակումբները տարբեր տրամադրությունով են մոտենալու հերթական Կլասիկոյին:

«Բարսան» ֆրանսիական ՊՍԺ-ի հետ խաղում չկարողացավ պահպանել առաջին մրցավեճում ձեռք բերած առավելությունը: Կատարյալ ֆիասկո Մոնժուիկում: Կատալոնացիներն իրենց նման չէին, այո՛, կարմիր քարտը լրջորեն ազդեց խաղի ընթացքի վրա, «Բլաուգրանան» շուրջ 70 րոպե 10 հոգով էր, բայց ֆուտբոլի պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ թիմերը, նման իրավիճակում հայտնվելով, կարողանում են արդյունքի հասնել:

Չմոռանանք, որ Չավիի թիմն առաջինն էր հասել հաջողության, սակայն 10 հոգով 2 գնդակի առավելությունը չպահելու համար տանտերերն առաջին հերթին պետք է մեղադրեն իրենց:

«Բարսելոնան» ավարտեց պայքարը եվրոպական ճակատում, բայց Պրիմերայում նույնպես գործն ավարտված կարելի է համարել: «Ռեալն» 8 միավորի առավելություն ունի և առաջնության ավարտից 7 տուր առաջ ձեռքից բաց չի թողնի առաջատարի դիրքը:

Ստացվում է, որ Ժոան Լապորտայի ակումբը տապալեց այս ցիկլը, իսկ Կլասիկոյում հնարավոր հաջողությունը մասամբ կբուժի վերքերը:

«Ռեալը» բոլորովին այլ ճանապարհ է անցնում: Մադրիդն ընթացիկ մրցաշրջանում ավելի հասուն է, ֆիզիկապես ամուր, իսկ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի հետ խաղում մենք պրագմատիկ «Ռեալ» տեսանք: «Արքայական ակումբը» շատ գրագետ էր պաշտպանվում: «Մանչեսթեր Սիթին» ահռելի առավելություն ուներ, վերահսկում էր գնդակը, նման պայմաններում Կառլո Անչելոտիի տղաներն ընդամենը 2 անգամ սխալվեցին թիկունքում, բայց Կևին Դե Բրույնեն օգտագործեց միայն մեկը:

Վերջին տարիներին Կլասիոկոների շարմն այլևս այն չէ, սակայն այս անգամ սցենարը կարող է փոխվել: Չավին այլևս կորցնելու ոչինչ չունի և հեռանալուց առաջ փորձելու է աղմուկով փակել դուռը: Մադրիդն էլ բավականին մեծ էներգիա ծախսեց ու դժվար է ասել, թե արդյոք կկարողանա ֆիզիկապես վերականգնվել:

Մրցաշրջանի վերջին Էլ Կլասիկոն Fast Sports-ի ուղիղ եթերում կլինի ապրիլի 21-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

«Միլան» - «Ինտեր»

«Ներաձուրին» ամեն ինչ արեց, որպեսզի 20-րդ Սկուդետոյի տրիումֆը կայանա «Ջուզեպե Մեացա» ստադիոնում: Բայց սա էլ դեռ վերջը չէ. «Ինտերը» չեմպիոնական տիտղոսը պաշտոնապես կարող է ամրագրել «ոխերիմ» մրցակցի հետ մրցավեճում: Հաջողության դեպքում 21-րդ դարի այս «Դերբի դե լա Մադոնիան» հավերժ կդաջվի միլանյան գրանդի երկրապագուների հիշողություններում:

Նախորդ տուրում Սիմոնե Ինձագիի տղաները սայթաքման եզրին էին: «Կալյարիի» հետ խաղում ակնհայտ երևում էր, թե որքան են հոգնած «Ինտերի» ֆուտբոլիստները:

Հենրիխ Մխիթարյանն ու ընկերները սպրինտի նման անցկացրին մրցաշրջանը, ուժերն աստիճանաբար սպառվում են, մոտիվացիան՝ նույնպես: «Ինտերին» վերջին շտրիխն է մնում, վերջին քայլը, սա է առաջիկա հանդիպման գլխավոր մոտիվացիան:

«Միլանը» գարնանային հատվածը գերազանց անցկացրեց, ի դեպ, փոփոխությունները նկատվեցին այն բանից հետո, երբ Զլատան Իբրահիմովիչը նշանակվեց Ջերի Կարդինալեի օգնական: Անկախ ամեն ինչից, մրցաշրջանի ավարտից հետո «Միլանում» լուրջ փոփոխություններ են սպասվում: Մարզչից մինչև կազմի բեռնաթափում:

Բայց «Ռոսոներին» էլ մոտիվացիայի պակաս չունի: Նախ մրցակիցը հին բարեկամն է, իսկ հետո հարկավոր է պահպանել երկրորդ տեղը:

Այնպես որ, բոլոր նախադրյալները կան վառ և հետաքրքիր հանդիպում ակնկալելու համար:

«Ինտերի» հնարավոր 20-րդ չեմպիոնական խաղը Fast Sports-ի ուղիղ եթերում կլինի ապրիլի 22-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին: