Logo

Fastex ՀՊԼ. 34-րդ տուրին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
10:57 / 25.05.2023Ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում մայիսի 25-ին կմեկնարկի 34-րդ տուրը: VNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։

«Լեռնային Արցախ» - «Արարատ» -

Մայիսի 25, ժամը՝ 17:00, Վայք, Քաղաքային մարզադաշտ

20 խաղ, «Լեռնային Արցախը» հաղթել է 2 անգամ, «Արարատը»՝ 12, գրանցվել է 6 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 15-49

1-ին շրջան. 09.09.2022 «Լեռնային Արցախ» - «Արարատ»՝ 2-1 (1-0)

Գոլերը՝ 1-0-2-0՝ Յեիսոն Ռասինես 33՛, 65՛, 2-1՝ Ռազմիկ Հակոբյան 77՛:

2-րդ շրջան. 12.11.2022  «Արարատ» - «Լեռնային Արցախ»՝  0-0

3-րդ շրջան. 31.03.2023  «Արարատ» - «Լեռնային Արցախ»՝ 2-0 (0-0) 

Գոլերը՝ 1-0՝ Ալեքսանդր Գլիշիչ 48՛, 2-0՝ Ռազմիկ Հակոբյան 82՛, 11մ:

«Լեռնային Արցախ»՝ 10-րդ տեղ (21 միավոր), «Արարատ»՝ 7-րդ տեղ (33 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Լեռնային Արցախին» ոչ մի կերպ չի հաջողվում առաջնության գարնանային հատվածում միավոր վաստակել: Թեև նախորդ տուրում արցախցիները լուրջ դիմադրություն ցույց տվեցին «Փյունիկին», սակայն 0-2 հաշվով պարտվեցին: Դա առաջնությունում «Լեռնային Արցախի» 16-րդ անընդմեջ պարտությունն էր: 
Վերջին 20 հանդիպումներում «Լեռնային Արցախը»  հաղթանակ չի տարել՝ վաստակելով ընդամենը 3 միավոր: Առաջնությունում վերջին հաղթանակը «Լեռնային Արցախը» տարել է անցյալ տարվա հոկտեմբերի 24-ին՝ նվազագույն հաշվով առավելության հասնելով ԲԿՄԱ-ի նկատմամբ:

2. «Արարատին» վերջապես հաջողվեց ընդհատել առաջնությունում առանց հաղթանակների 6 խաղերի շարքը, որի ընթացքում ընդամենը 2 միավոր էր վաստակել: Արարատցիները սեփական դաշտում նվազագույն հաշվով հաղթեցին «Նոային»: Նախորդ հաղթանակն «Արարատը» տարել էր ապրիլի 9-ին՝ նվազագույն հաշվով պարտության մատնելով ԲԿՄԱ-ին: 

3. Եթե «Արարատին» էլ «Լեռնային Արցախը» պարտվի, ապա կկրկնի «Լոռիի» և «Կիլիկիայի» հակառեկորդները: «Լոռին» 1997թ. առաջնության մեկնարկային 17 հանդիպումներում էլ պարտվել է, իսկ «Կիլիկիան» 2007թ. առաջնությունում վերջին 17 խաղերում է զիջել մրցակիցներին:

4. Մրցակիցների ծանոթությունը տեղի է ունեցել նախորդ դարում: 1993թ. օգոստոսի 20-ին Երևանում մրցակիցների միջև կայացած առաջնության առաջին խաղում արարատցիները 7-0 հաշվով ջախջախեցին «Երազանքին»: Արդյունավետ խաղով աչքի ընկավ Արմեն Շահգելդյանը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ: Դա մրցակիցների մրցավեճում գրանցված ամենախոշոր հաշիվն էր: Ընդհանուր առմամբ «Արարատը» «Լեռնային Արցախին» 7 անգամ է խոշոր հաշվով հաղթել: Արարատցիներից հեթ-տրիկ է ձևակերպել նաև Ռազմիկ Գրիգորյանը 1994թ. հունիսի 21-ին Երևանում կայացած խաղում (5-1):

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Լեռնային Արցախ»՝ Մարատ Հովհաննիսյան - 3 գոլ:

«Արարատ»՝ Վահե Յաղմուրյան - 4 գոլ:

«Վան» - «Շիրակ» 

Մայիսի 26, ժամը՝ 17:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ

6 խաղ, «Վանը» հաղթել է 3 անգամ, «Շիրակը»՝ 1, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 8-5

1-ին շրջան. 08.09.2022  «Շիրակ» - «Վան»՝ 1-1 (0-0)

Գոլերը՝ 0-1՝ Արտյոմ Բիլի 50՛, 1-1՝ Արտեմ Գևորգյան 72՛, 11մ:

2-րդ շրջան. 09.11.2022  «Վան» - «Շիրակ»՝ 2-1 (0-1) 

Գոլերը՝ 0-1՝ Դոնալդ Կոդիա 45՛, 1-1՝ Էդգար Մովսեսյան 67՛, 2-1՝ Նարեկ Հովհաննիսյան 90+2՛:

3-րդ շրջան. 01.04.2023  «Շիրակ» - «Վան»՝ 1-0 (0-0) 

Գոլը՝ 1-0՝ Մուսա Փոլ Բակայոկո 68՛:

«Վան»՝ 5-րդ տեղ (37 միավոր), «Շիրակ»՝ 6-րդ տեղ (33 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում «Վանն» անհաջող խաղաց՝ հյուրընկալվելիս 1-4 հաշվով պարտվելով «Արարատ-Արմենիային»: Դա ընթացիկ առաջնությունում Հայաստանի կրկնակի չեմպիոնից խոշոր հաշվով կրած «Վանի» 3-րդ պարտությունն էր, որին այդպես էլ չհաջողվեց միավոր վաստակել մրցակցի հետ դիմակայությունում: Ընթացիկ առաջնությունում «Վանը» խոշոր հաշվով 7 պարտություն է կրել:

«Շիրակի» հետ հանդիպումը շատ կարևոր է «Վանի» համար: Հաղթանակի դեպքում չարենցավանյան ակումբն անկախ վերջին երկու խաղերի արդյունքներից, առաջնությունը կավարտի 5-րդ տեղում:

2. «Շիրակը» Գյումրիում 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ նվազագույն հաշվով զիջելով «Ալաշկերտին»: Առաջնության վերջին 4 խաղերն էլ շիրակցիներն անցկացրել են Գյումրիում՝ վաստակելով ընդամենը մեկ միավոր «Արարատի» հետ գրանցած գոլազուրկ ոչ-ոքիի շնորհիվ: 
Այդ խաղերում գյումրեցիները չեն գտել մրցակիցների դարպասի բանալին: «Շիրակում» արդեն 384 րոպե գոլային երաշտ է: Վերջին գոլը թիմը խփել է ապրիլի 20-ին ԲԿՄԱ-ի հետ հանդիպման 66-րդ րոպեին, երբ Մուսդա Փոլ Բակայոկոն դիպուկ է իրացրել 11մ հարվածը:

«Շիրակի» համար էլ «Վանի» հետ մրցավեճը շատ կարևոր է: Հաղթանակի դեպքում գյումրեցիները լավ հնարավորություն կստանան պայքարելու 5-րդ տեղի համար:

3. «Շիրակին» ոչ մի կերպ չէր հաջողվում Fastex ՀՊԼ-ում հաղթել «Վանին»: «Լոռիից» հետո «Վանը» Բարձրագույն խմբի երկրորդ ակումբն էր, որին «Շիրակը» դեռ չէր հաղթել: Եվ ահա 3-րդ շրջանի խաղում շիրակցիները Մուսա Փոլ Բակայոկոյի խփած միակ գոլի շնորհիվ վերջապես հաղթեցին «Վանին»:

4. Այս խաղում խփված 2-րդ գնդակը կլինի Fastex ՀՊԼ-ում «Շիրակի» հանդիպումներում գրանցված ընդհանուր 2400-րդ գոլը:

5. Եթե Մուսա Փոլ Բակայոկոյին հաջողվի գրավել «Վանի» դարպասը, ապա Fastex ՀՊԼ-ում խփած 24 գնդակով կդառնա «Շիրակի» ամենաարդյունավետ լեգեոնականը՝ գերազանցելով Ժան Ժակ Բուգուհիի և Մորի Կոնեի ռեկորդային ցուցանիշը:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Վան»՝ Ուիլֆրեդ Կուասի Էզա, Էդգար Մովսեսյան - 2-ական գոլ:

«Շիրակն» այս հանդիպմանը կներկայանա կազմի զգալի կորուստներով: Խաղին չեն մասնակցի 10 դեղին քարտ ստացած Դոնալդ Կոդիան և 5-ական անգամ զգուշացված Արսեն Սադոյանն ու Ալեքսա Վիդիչը:

ԲԿՄԱ - «Փյունիկ»

Մայիսի 26, ժամը՝ 20:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

8 խաղ, որոնցից 7-ում հաղթել է «Փյունիկը», մեկում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց  թողած գոլերի հարաբերակցությունը՝ 2-16

1-ին շրջան. 12.09.2022 «Փյունիկ» - ԲԿՄԱ` 3-1 (1-0) 

Գոլերը՝ 1-0՝ Դամե Դիոպ 29՛, 1-1՝ Սերոբ Գրիգորյան 60՛, 2-1՝ Արաս Օզբիլիս 66՛, 3-1՝ Ռենսո Սամբրանո 90՛:

2-րդ շրջան. 13.11.2022  ԲԿՄԱ - «Փյունիկ» ՝ 1-1 (1-0)  

Գոլերը՝ 1-0՝ Արթուր Սերոբյան 19՛, 1-1՝ Լուկա Յուրիչիչ 47՛:

3-րդ շրջան. 01.04.2023  «Փյունիկ» - ԲԿՄԱ՝ 3-0 (2-0) 

Գոլերը՝ 1-0՝ Արտակ Դաշյան 17՛, 2-0-3-0՛ Յուսուֆ Օտուբանջո 43՛, 55՛:

ԲԿՄԱ՝ 8-րդ տեղ (30 միավոր), «Փյունիկ»՝ 2-րդ տեղ (76 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. Վերջին շրջանում ԲԿՄԱ-ն բավական հաջող ելույթներ է ունենում, որի արդյունքում թիմի պատմության մեջ ռեկորդային՝4 անընդմեջ հաղթանակ էր տարել: Տպավորիչ այդ շարքն ընդհատվեց «Ուրարտուի» հետ մրցավեճում, որում բանակայինները լուրջ դիմադրություն ցույց տվեցին առաջատարին՝ զիջելով նվազագույն հաշվով: Այսպիսով, ընդհատվեց նաև ԲԿՄԱ-ի առանց պարտությունների 5 խաղերի ռեկորդային շարքը: Նախորդ պարտությունը ԲԿՄԱ-ն կրել էր ապրիլի 15-ին «Արարատ-Արմենիայից» (1-2):

2. «Փյունիկը» թեև դժվարությամբ, սակայն 2-0 հաշվով պարտության մատնելով  «Լեռնային Արցախին», 14-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Հայաստանի գործող չեմպիոնը կարող է թիմային նոր ռեկորդ սահմանել, եթե առաջնության ավարտական 3 խաղերում էլ հաղթի: Առայժմ «Փյունիկի» համար ռեկորդային է 2004թ. առաջնությունը, որում թիմը Վարդան Մինասյանի գլխավորությամբ 16 անընդմեջ հաղթանակ էր տարել: Հետաքրքիր է, որ հաղթանակների այդ շարքը սկսվել էր 9-րդ տուրից, երբ Վարդան Մինասյանը ստանձնել էր «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնը՝ փոխարինելով թիմից հեռացած ռումինացի Միխայ Ստոյկիցային:

3. Առաջնության վերջին 4 հանդիպումներում մեկական անգամ գրավելով մրցակիցների դարպասները, Յուսուֆ Օտուբանջոն 16 գնդակով Լուկա Յուրիչիչի հետ գլխավորեց առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը: Գարնանային հատվածում նիգերիացի ֆուտբոլիստն ամենաարդյունավետն է՝ խփելով 12 գնդակ: «Լեռնային Արցախի» դարպասը խփած գոլը պաշտոնական մրցումներում Օտուբանջոյի հոբելյանական՝ 50-րդ գնդակն էր: Fastex ՀՊԼ-ում խփած 43 գնդակով նա ընդգրկվեց 21-րդ դարում Հայաստանի առաջնությունների 25 լավագույն ռմբարկուների ցանկում: 

4. Թեև Ժիրայր Շաղոյանը վաղուց է հեռացել ԲԿՄԱ-ից, սակայն մինչ օրս նա 5 գոլով ընթացիկ առաջնությունում թիմի լավագույն ռմբարկուն է: Նրա ցուցանիշը կարող են գոնե կրկնել Գրենիկ Պետրոսյանն ու Գոռ Լուլուկյանը, որոնց հաշվին 4-ական գոլ է գրանցված:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Փյունիկ»՝ Ուգո Ֆիրմինու, Յուսուֆ Օտուբանջո – 2-ական գոլ:

Այս խաղում «Փյունիկը» կազմի լուրջ կորուստներ ունի: 5 դեղին քարտի պատճառով հանդիպմանը չեն մասնակցի Արտակ Դաշյանն ու Լուկա Յուրիչիչը:

«Ալաշկերտ»  - «Ուրարտու» 

Մայիսի 27, ժամը՝ 17:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ
40 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 16 անգամ, «Ուրարտուն»՝ 10, գրանցվել է 14 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 57-49

1-ին շրջան. 10.09.2022 «Ուրարտու» - «Ալաշկերտ» ՝ 1-1 (0-1)

Գոլերը՝ 0-1՝ Տիագո Գալվաո 16՛, 1-1՝ Դավիթ Խուրցիձե 57՛:

2-րդ շրջան. 10.11.2022   «Ալաշկերտ» - «Ուրարտու»՝ 0-0 

3-րդ շրջան. 02.04.2023  «Ուրարտու»  - «Ալաշկերտ»՝ 1-0 (0-0) 

Գոլը՝ 1-0՝ Կարեն Մելքոնյան 37՛:

«Ալաշկերտ»՝ 4-րդ տեղ (60 միավոր), «Ուրարտու»՝ 1-ին տեղ (79 միավոր): 

Հետաքրքիր փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. Տուրի կենտրոնական հանդիպումը մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Մարզական առումով այն կարևոր է միայն «Ուրարտուի» համար, որը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը և հավակնել չեմպիոնի տիտղոսին:

Իսկ ահա «Ալաշկերտն» այլևս խնդիր չունի լուծելու ընթացիկ առաջնությունում: Ալաշկերտցիները նույնիսկ տեսականորեն զրկվել են մրցանակային տեղ զբաղեցնելու հնարավորությունից՝ ապահովելով տեղը մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում: Նախորդ տուրում Վահե Գևորգյանի գլխավորած թիմը Գյումրիում Մաթեո Մուժեկի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց «Շիրակին»:

2. Նախորդ տուրում «Ուրարտուն» նվազագույն հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին, որի նկատմամբ առավելության է հասել Fastex ՀՊԼ-ում անցկացրած բոլոր 8 խաղերում էլ: Դա ընթացիկ առաջնությունում «Ուրարտուի» 5-րդ անընդմեջ հաղթանակն էր: Վերջին 4 հանդիպումներում թիմի դարպասն անառիկ է մնացել: 

3. Նախորդ մրցաշրջանում մրցակիցների դիմակայությունում առավելությունն «Ալաշկերտի» կողմն էր, որը հաղթել էր առաջին շրջանում, հաջորդ 3 խաղերն  ավարտել էր ոչ-ոքի: Մինչև ընթացիկ առաջնության 3-րդ շրջանի հանդիպումը,  մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 8 խաղերից 3-ն ավարտվել էր «Ալաշկերտի» հաղթանակով, 5 անգամ գրանցվել էր ոչ-ոքի: 

Եվ ահա 3-րդ շրջանի խաղում Կարեն Մելքոնյանի խփած միակ գոլի շնորհիվ «Ուրարտուին» վերջապես հաջողվեց հաղթել «Ալաշկերտին»:

4. Եթե Արտակ Եդիգարյանին հաջողվի գրավել «Ուրարտուի» դարպասը, ապա Fastex ՀՊԼ-ում հոբելյանական՝ 60-րդ գոլը կխփի: Նա 10 գնդակով կդառնա «Ուրարտուի» հետ դիմակայությունում «Ալաշկերտի» լավագույն ռմբարկուն:

 Իսկ Ուրոշ Նենադովիչը գոլ խփելու դեպքում 32 գնդակով կընդգրկվի Հայաստանի առաջնությունների 100 լավագույն ռմբարկուների ցանկում:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Ալաշկերտ»՝ Արտակ Եդիգարյան, Միհրան Մանասյան - 9-ական գոլ: 

«Ուրարտու»՝ Վահագն Այվազյան, Կարեն Մելքոնյան - 4-ական գոլ:

«Նոա» - «Արարատ-Արմենիա»

Մայիսի 27, ժամը՝ 20:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

18 խաղ, «Նոան» հաղթել է 1 անգամ, «Արարատ-Արմենիան»՝ 13, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 11-37

1-ին շրջան. 09.09.2022 «Արարատ-Արմենիա» - «Նոա»՝  3-0 (1-0) 

Գոլերը՝ 1-0՝ Ագդոն Մենեզես 18՛, 2-0՝ Ռոմերսիո 62՛, 3-0՝ Ուգո Ֆիրմինու 72՛:

2-րդ շրջան. 13.11.2022  «Նոա» - «Արարատ-Արմենիա»՝  1-2 (1-2) 

Գոլերը՝ 0-1՝ Ուգո Ֆիրմինու 17՛, 0-2՝ Տենտոն Յենե 28՛, 1-2՝ Դրամանե Սալու 29՛:

3-րդ շրջան. 02.04.2023  «Արարատ-Արմենիա»  - «Նոա»՝ 3-0 (2-0)

Գոլերը՝ 1-0-2-0՝ Ուիլֆրեդ Կուասի Էզա 12՛, 41՛, 3-0՝ Արթուր Սերոբյան 59՛:

«Նոա»՝ 9-րդ տեղ (23 միավոր), «Արարատ-Արմենիա»՝ 3-րդ տեղ (72 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Նոան» 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ նախորդ տուրում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով զիջելով «Արարատին»: Առաջնության վերջին 6 հանդիպումներում Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմն ընդամենը 3 միավոր է վաստակել «Լեռնային Արցախի» նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ: 

2. Չեմպիոնի տիտղոսի համար պայքարող «Արարատ-Արմենիան» Fastex ՀՊԼ-ում հոբելյանական՝ 150-րդ հանդիպումը նշեց «Վանի» նկատմամբ 4-1 խոշոր հաշվով տարած հաղթանակով: Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը խոշոր հաշվով 9-րդ հաղթանակը տոնեց, ինչը թիմային ռեկորդ է: Մինչև այդ լավագույն արդյունքը գրանցվել էր նախորդ առաջնությունում՝ խոշոր հաշվով 6 հաղթանակ:

Սակայն մինչև «Նոայի» հետ հանդիպման մեկնարկն «Արարատ-Արմենիան» կարող է զրկվել չեմպիոնի տիտղոսի համար պայքարելու վերջին հնարավորությունից, եթե «Ուրարտուն» նույն օրն ավելի վաղ կայանալիք խաղում հաղթի «Ալաշկերտին»:  

3. Որքան էլ որ զարմանալի է, սակայն մինչև նախորդ առաջնության 4-րդ շրջանի հանդիպումն «Արարատ-Արմենիան» Բարձրագույն խմբի միակ թիմն էր, որին «Նոան» Fastex ՀՊԼ-ում դեռ չէր հաղթել: Անցկացված 14 հանդիպումներից 10-ում հաջողությունն ուղեկցել էր «Արարատ-Արմենիային», 4-ում գրանցվել էր ոչ-ոքի:
Եվ ահա մայիսի 9-ին կայացած խաղում «Նոան» վերջապես ընդհատեց տխուր ավանդույթը: Հանդիպման 3-րդ րոպեին Դմիտրի Լավրիշչևի խփած միակ գոլը «Նոային» հաղթանակ պարգևեց, որը կարելի է պատմական համարել: Իսկ «Արարատ-Արմենիայի» համար այդ պարտությունը փաստորեն ճակատագրական եղավ «Փյունիկի» հետ չեմպիոնական մրցավազքում: Այդ հաղթանակն առայժմ միակն է Fastex ՀՊԼ-ում մրցակիցների միջև անցկացված 18 հանդիպումներում:
Ընթացիկ առաջնությունում էլ «Արարատ-Արմենիայի» առավելությունը «Նոայի» նկատմամբ բացահայտ է՝ 3 հաղթանակ, որից երկուսը՝ խոշոր հաշվով:

4. Իսկ պաշտոնական մրցումներում «Նոային» երկու անգամ հաջողվել է առավելության հասնել «Արարատ-Արմենիայի» նկատմամբ ու տիտղոսներ նվաճել:  2019/20թթ. Հայաստանի գավաթի խաղարկությունում «Նոան» գերարդյունավետ եզրափակիչում (5-5) հետխաղյա 11մ հարվածներով 7-6 հաշվով հաղթելով «Արարատ-Արմենիային», նվաճել է պատվավոր մրցանակը: 

Մրցակիցների միջև կայացած Սուպերգավաթի մրցավեճում էլ հաջողությունն ուղեկցել է «Նոային», որը լրացուցիչ ժամանակում հաղթել է 2-1 հաշվով:

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Վսևոլոդ Երմակովը Fastex ՀՊԼ-ում 151-րդ խաղը կանցկացնի և շրջանցելով Նոա Կասուլեին (150 խաղ), կեզրափակի Հայաստանի առաջնություններում առավել շատ հանդիպումների մասնակցած լեգեոնականների հնգյակը: Ցանկը գլխավորում է «Միկայի» բրազիլացի նախկին պաշտպան Ալեքս Էնրիկե դա Սիլվան (230 խաղ), որին հաջորդում են կոլումբացի Վբեյմար Անգուլոն (182), նիգերիացի Սոլոմոն Իմե Ուդոն (175) և վրացի Գագա Թբիլաշվիլին (165):    

Դիմակայության լավագույն ռմբարկուները

 «Նոա»՝ Մաքսիմ Մայրովիչ - 2 գոլ:

«Արարատ-Արմենիա»՝ Մաիլսոն Լիմա - 5 գոլ:

Հանդիպմանը չի մասնակցի 5-րդ դեղին քարտին արժանացած «Արարատ-Արմենիայի» պաշտպան Հակոբ Հակոբյանը: