Logo

Ֆուտբոլի՞ստ, թե՞ պոետ. Բենզեմայի 10 հանճարեղությունները «Ռեալի» կազմում

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
15:46 / 06.06.2023ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Կարիմ Բենզեման հեռացավ «Ռեալից»՝ թիկունքում թողնելով 14 մրցաշրջան: Ֆրանսիացու կարիերան Մադրիդում հարթ չի եղել: Առաջին տարիներին նա քննադատությունների էր ենթարկվում, սուլոցներ լսում իր հասցեին «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում հավաքվածներից, բայց ժամանակն ամեն ինչ իր տեղը դրեց: Բենզեման դարձավ «Ռեալի» պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն և լավագույն ասիստենտը, ինչպես նաև ակումբի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը: 

Բայց տիտղոսներից, նվաճումներից ու մրցանակներից զատ՝ 35-ամյա հարձակվողը հրաշալի հիշողություններ ու հույզեր է թողել «Ռեալի» երկրպագուների սրտում: Բենզեման ոչ միայն արդյունք էր ապահովում, այլ նաև դա անում էր անչափ գեղեցիկ ոճով: Կարիմի կարիերայից կարելի է բազմաթիվ տպավորիչ դրվագներ առանձնացնել ու շատ մեծ տեսանյութ պատրաստել:

VNews-ը ներկայացնում է ֆրանսիացի հարձակվողի մադրիդյան կարիերայում 10 ամենահիշարժան, լեգենդար ու, ինչու ոչ, հանճարեղ դրվագները:

Շշմեցուցիչ անցումը «Վիսենտե Կալդերոնում»

2016/17 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում մադրիդյան երկու թիմերը բախվեցին միմյանց: Առաջին խաղում «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեուում» հաղթել էր շատ վստահ՝ 3-0 հաշվով: Թվում էր՝ «Արքայական ակումբը» վճռել էր դիմակայության ելքը, բայց «Աթլետիկոյի» ֆուտբոլիստները չէին հանձնվում:

«Վիսենտե Կալդերոնում» «հնդկացիները» շատ արագ վերակենդանացրին դիմակայության ինտրիգը՝ հանդիպման առաջին 20 րոպեների ընթացքում 2 գնդակ ուղարկելով Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասը: Խաղի դինամիկան այնպիսին էր, որ «Աթլետիկոն» կարող էր ոչ միայն հավասարեցնել դիմակայության հաշիվը, այլ նաև ամբողջական քամբեք իրականացնել և հաղթել: Բայց հենց այդ ժամանակ տեղի ունեցավ ՉԼ-ի պատմության ամենակախարդական դրվագներից մեկը:

Բենզեման ստացավ գնդակը շատ բարդ դիրքում, կարելի է ասել՝ խաղային տեսանկյունից անելանելի վիճակում: Նրան շրջափակել էին «Աթլետիկոյի» 3 պաշտպանները, ազատ թիմակից էլ չկար գնդակը նրանց փոխանցելու համար: Հենց այդ պահին Բենզեմայի գլխում ծագեց դիմային գծի վրայով «Աթլետիկոյի» պաշտպաններին շրջանցելու գաղափարը: Անկյունն այնքան սուր էր, որ այդտեղից դուրս գալը պարզապես անհավանական էր թվում, բայց Բենզեման այդ սահմանափակ տարածության վրա հաջողացրեց թիկունքում թողնել Դիեգո Գոդինին, Ստեֆան Սավիչին ու Խոսե Մարիա Խիմենեսին: Այդ գրոհն ավարտվեց գոլով ու կոտրեց «Աթլետիկոյի» հնարավոր քամբեքի ճանապարհը։

«Այդպես էլ չհասկացա, թե ինչպես Բենզեման դուրս եկավ այդ իրավիճակից», - խաղից հետո խոստովանեց Զինեդին Զիդանը:

Այդ գոլից հետո «Ռեալը» եզրափակիչում հաղթեց Թուրինի «Յուվենտուսին» ու նվաճեց ՉԼ գավաթը, իսկ «Վիսենտե Կալդերոնը» փակվեց: 

Պանենկան Մանչեսթերում

Չեմպիոնների լիգայի պատմության ամենադրամատիկ կիսաեզրափակիչներից մեկը կայացավ նախորդ մրցաշրջանում՝ «Սիթի օֆ Մանչեսթեր» ստադիոնում: 

«Մանչեսթեր Սիթիի» ու «Ռեալի» հանդիպման 80-րդ րոպեին, երբ անգլիացիները հաշվի մեջ առջևում էին 4-2 հաշվով, մրցավարը նշանակեց 11-մետրանոց: Գնդակը վերցրեց Կարիմ Բենզեման ու դրեց այն նշանակետին: Ըստ ամենայնի՝ բոլորը գիտեին, որ Կարիմը նախորդ 2 դեպքում վրիպել էր նշանակետից՝ «Օսասունայի» դեմ խաղում, իսկ առհասարակ նախորդ 4 11-մետրանոցներից նա դիպուկ էր եղել 3-ում:

«Ռեալի» երկրպագուները քարացած սպասում էին, Պեպ Գվարդիոլան տեխնիկական գոտում կքանստած եղունգներն էր կրծում... Իսկ Բենզեման կենտրոնացած էր, կարգավորում էր շնչառությունը, նայում էր գնդակին՝ դեմքի հանգիստ, բայց լուրջ արտահայտությամբ: Մեկ հայացք մրցավարին՝ ազդանշանը ստանալու համար... Ու ոչ մեծ թափավազքով մոտենում է Կարիմը գնդակին, Էդերսոնը նետվում է իրենից ձախ՝ հավանաբար կարծելով, թե Բենզեման 3-րդ անգամ նույն անկյունը չի հարվածի, իսկ ֆրանսիացին հարվածում է կենտրոնով՝ «Պանենկա» ոճով, ու գնդակը նետում է դարպասի վերին հատվածը: Այդ պահին նրա երակներով արյուն չէր հոսում:

Թե՛ «Ռեալի», թե՛ «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուները քարացած էին: Նրանցից ոչ ոք չէր սպասում, որ դիմակայության այդ վճռորոշ պահին, մրցաշարի այդ ճակատագրական փուլում, այն էլ՝ նախորդ խաղում 2 անգամ վրիպելուց հետո, Բենզեման այդպես կհարվածեր ու կգրավեր դարպասը: Դա հոգեբանական ուժի ու ինքնավստահության անհավանական ցուցադրում էր:

Վան Բաստենի գոլը՝ «Էլ Սադարում»

Տեղափոխվենք Բենզեմայի՝ մադրիդյան կարիերայի սկիզբ, 2012 թվական: Իսպանիայի առաջնության հերթական տուրը ֆրանսիացու համար դարձավ պատմական հանդիպում:

Խաղի սկզբում Կրիշտիանու Ռոնալդուն ստացավ գնդակը ձախ եզրում ու բարձրից փոխանցում կատարեց տուգանային հրապարակ: Դարպասի հեռավոր անկյունի մոտ Բենզեման սպասում էր գնդակին: Այդպիսի իրավիճակում շատերը կփորձեին կասեցնել գնդակը, որոշները՝ հարվածել գլխով, բայց Բենզեման ոչ թե գնդակը հարմարեցրեց իրեն, այլ ինքը հարմարվեց գնդակի հետագծին ու բարձրությանը: Կարիմը գնդակը որսաց օդում ու մեկ հպումով խոցեց «Օսասունայի» դարպասը՝ կրկնելով Մարկո Վան Բաստենի լեգենդար գոլը Եվրո-1988-ի եզրափակիչում, երբ հոլանդացին նմանատիպ դիրքից նմանատիպ հարվածով գրավեց ԽՍՀՄ հավաքականի դարպասը:

Բենզեման տարբեր առիթներով նշում է, որ այս գոլը լավագույններից է իր կարիերայում:

Շրջադարձ գոլը Ամստերդամում

Մնանք 2012 թվականում, բայց տեղափոխվենք արդեն հաջորդ մրցաշրջանի սկիզբ:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Ռեալի» մրցակիցն «Այաքսն» էր: «Յոհան Կրույֆ» Արենայում «Ռեալը» առանց դժվարությունների հաղթեց հոլանդական թիմին, ու այդ մրցավեճի ամենագեղեցիկ գոլը խփեց Բենզեման:

Այդ ժամանակահատվածում «Ռեալի» խաղային գլխավոր այցեքարտը հակագրոհային ֆուտբոլն էր: Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ մադրիդցիները շատ լավ էին կարողանում պաշտպանությունից արագ անցնել հարձակման: Նմանատիպ իրավիճակ էլ եղավ հենց «Այաքսի» հետ մրցավեճում, և այդ գեղեցիկ հակագրոհը շրջադարձ հարվածով «թագադրեց» Բենզեման: Նույնիսկ Յոհան Կրույֆը, երկնքից դիտելով այդ գոլը, հավանաբար, ծափահարեց:

«Կամուրջը»՝ Պույոլի վրայով

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչներից մեկում «Կլասիկո» էր: Մադրիդում «Ռեալը» պարտվել էր 1-2 հաշվով, իսկ պատասխան խաղում առաջին կեսից հետո զիջում էր մրցակցին նույն հաշվով:

Երկրորդ խաղակեսում խաղադաշտ դուրս եկավ Բենզեման ու վերադարձրեց «Ռեալին» խաղի մեջ: Կարիմն ընդունեց գնդակը, նրան դիմավորեց Կառլես Պույոլը՝ «Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի լեգենդար պաշտպանը: Այդ ժամանակ դեռ 24 տարեկան Բենզեման «համարձակվեց» գնդակն անցկացնել Պույոլի վրայով, խոցել «Բարսելոնայի» դարպասն ու «Կամպ Նոուում» հավաքվածների սրտերը:

«Ռեալին» մեկ գոլ էր պակասում դիմակայության հաշիվը հավասարեցնելու համար, և այդ գոլը մադրիդցիներն այդպես էլ չխփեցին ու դուրս մնացին պայքարից, բայց փոխարենը պատմության մեջ մնաց «Էլ Կլասիկոներում» խփված ամենագեղեցիկ գոլերից մեկը:

Կանգնած դիրքից «կարիճ» հարվածը

Բենզեմայի խաղային առանձնահատկություններից էր անկանխատեսելիությունը: Ոչ մի մարզիչ, ֆուտբոլիստ, մարզական մեկնաբան, լրագրող կամ բախտագուշակ չէր կարող կռահել, թե որն է լինելու Բենզեմայի վերջին գործողությունը կամ հպումը գնդակին:

2015-ի մարտին «Լևանտեի» դեմ Լա լիգայի խաղերից մեկում Բենզեման կրկին տուգանային հրապարակում բարձրից փոխանցում ստացավ ու կրկին որոշեց առանց ժամանակ կորցնելու հարվածել մեկ հպումով: Այս անգամ գնդակը շատ անհարմար հասավ նրան, բայց այստեղ էլ ֆրանսիացին գտավ հարվածելու տարբերակը: Կանգնած դիրքից Բենզեման հարվածեց կրնկով, բայց հորիզոնական դարպասաձողը փչացրեց գլուխգործոցը:

«Սթեմֆորդ Բրիջի» նվաճումը

Քչերը կարող են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում հեթ-տրիկ ձևակերպել, հատկապես՝ «Սթեմֆորդ Բրիջի» նման բարդ ստադիոնում: Բենզեման հենց այդ քչերից է:

Ֆրանսիացու 3 գոլերից առաջինը ֆանտաստիկ էր, գլխով խաղի տեխնիկայի իսկական մաստեր-կլաս: Բենզեման պատ խաղարկեց Վինիսիուսի հետ, բրազիլացին բարձրից փոխանցում կատարեց, բայց այն շատ ուժեղ էր, ընթացքն էլ՝ հակառակ դարպասին: Բենզեման օգտագործեց փոխանցման ուժն ու պարզապես շեղեց գնդակի ուղղությունը: Հարվածն ընթացավ դարպասի մոտակա անկյունը, բայց այնքան հուժկու էր, որ Էդուար Մենդին ոչինչ անել չկարողացավ: «Սթեմֆորդ Բրիջում» լսվում էին միայն Մադրիդից ժամանած երկրպագուների ձայները:

Բացառիկ գոլը ՉԼ եզրափակիչում

Բենզեման 5 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, բայց եզրափակիչներում խփել է ընդամենը 1 գոլ: Սակայն ինչպիսի՜ գոլ...

2018-ին Կիևում «Ռեալի» մրցակիցը «Լիվերպուլն» էր: Երկրորդ խաղակեսում, երբ դեռ հաշիվը չէր բացվել, Տոնի Կրոսի փոխանցումից հետո մերսիսայդցիների դարպասապահ Լորիս Կարիուսը վերցրեց գնդակը: Շատերը նմանատիպ իրավիճակում կհանձնվեին և պրեսինգի չէին դիմի՝ հատկապես, որ «Ռեալի» որևէ ֆուտբոլիստ օգնության չէր գալիս և ճնշում չէր գործադրում ո՛չ «Լիվերպուլի» պաշտպանների, ո՛չ էլ Կարիուսի վրա: «Լիվերպուլի» դարպասապահն էլ հենց այդպես մտածեց ու հաշվարկեց, և առանց ծանրութեթև անելու գնդակը փորձեց ուղարկել թիմակցին, բայց հայտնվեց Բենզեմայի ծուղակում: Բոլորն ապշած էին, իսկ հաշիվը՝ բացված:

Նմանատիպ գոլեր Բենզեման մի քանի անգամ խփել է կարիերայում: Ջանլուիջի Դոնարուման, Սվեն Ուլրայխը, Էդուար Մենդին նրա զոհերից են:

«Կույր» ասիստը Կազեմիրոյին

2019/20 մրցաշրջանում կորոնավիրուսով պայմանավորված դադարից հետո Իսպանիայի առաջնությունում հանդիպումները վերսկսեցին: Մնացած 11 խաղից 10-ում «Ռեալը» հաղթեց ու հռչակվեց երկրի չեմպիոն:

Այդ հաղթական 10 խաղերից մեկում մրցակիցն «Էսպանյոլն» էր, որը պայքարում էր Լա լիգայում տեղը պահպանելու համար: «Կորնելյայում» կայացած խաղում միակ գոլը խփեց Կազեմիրոն, բայց բոլորի հիշողություններում Բենզեման է, քանի որ ասիստը շատ ավելի տպավորիչ էր:

Ֆրանսիացին ստացավ գնդակը տուգանային հրապարակում, ընդունեց այն, հարված կատարելն այդ սուր դիրքից անհնար էր, փոխանցում կատարելը՝ նույնպես, բայց ոչ Կարիմի համար: Բենզեման ակնթարթորեն զգաց՝ ինչպես է կենտրոն տեղաշարժվում Կազեմիրոն և կրունկով, ընդ որում՝ մրցակցի ոտքերի արանքով ու առանց նայելու կարողացավ հարվածային դիրք դուրս բերել բրազիլացուն:

Կախարդական 17 րոպեները ՊՍԺ-ի դեմ

Եթե նախորդ բոլոր դեպքերում Բենզեմայի հանճարեղությունները տեղավորվում էին մեկ գործողության մեջ, ապա ՊՍԺ-ի դեմ ֆրանսիացին 17 րոպե տևողությամբ մենահամերգ ունեցավ:

ՉԼ նախորդ մրցաշրջանի 1/8 եզրափակիչում ամեն ինչ անհաջող էր դասավորվում «Ռեալի» համար: Դիմակայությունում արդեն 3 խաղակես էր անցել, «Ռեալը» պարտվում էր նվազագույն հաշվով, ու ոչինչ չէր խոսում այն մասին, որ իրավիճակը կտրուկ շրջվելու է:

Նախ՝ Բենզեման ստիպեց Դոնարումային սխալվել ու խփեց առաջին գոլը: Րոպեներ անց եզրափակեց Մոդրիչի փոխանցումը, իսկ վայրկյաններ անց մեկ հպումով դիպուկահարին բնորոշ ճշգրտությամբ ու արագությամբ խոցեց փարիզցիների դարպասը 3-րդ անգամ ու խենթացրեց «Սանտիագո Բեռնաբեուն»: