Logo

Հայկական ֆուտբոլի ոդիսականը կամ ինքնախաբեության արվեստը

Հեղինակ
Էռնեստ Շաբոյան
13:57 / 01.04.2024Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայաստանի հավաքականը տարին սկսեց երկու անընդմեջ պարտությամբ: Եթե Կոսովոյի հետ տնային խաղում մենք չկարողացանք գրավել մրցակցի դարպասը, ապա չեխերի հետ առաջինը հասանք հաջողության, սակայն ոչ միայն չզարգացրինք այն, այլ նաև 2 գոլ բաց թողեցինք:

Այո՛, գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին հարցեր մնացին. ինչո՞ւ ուկրաինացի մասնագետը նոր սխեմաներ չփորձարկեց, ինչո՞ւ Տիգրան Ավանեսյանին դաշտ դուրս բերեց 81-րդ րոպեին, իսկ Սերգեյ Մուրադյանին՝ 90-րդ: Սակայն չեմ ցանկանում մուտք գործել ներքին խոհանոց, դրա նպատակն էլ չունեմ: Պետրակովը գիտի իր գործը, ի վերջո որոշողը մարզիչն է: Այստեղ խնդիրն այլ է:

Ֆուտբոլային հասարակության արձագանքը

Բավական է մեկ հաջող հանդիպում և ազգը ճախրում է, էյֆորիան ամենուր է: Պարտության դեպքում քննադատության մի մեծ ալիք մարզչի հասցեին, կրկին ակտիվանում են ֆուտբոլի «լուրջ հայրենասերները», հայկական ֆուտբոլի գուռուները, բայց ոչ ոք չի ցանկանում բարձրաձայնել գլխավոր խնդիրը. ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում, ի՞նչ ճանապարհ ենք ընտրել հայկական ֆուտբոլի զարգացման համար, ո՞րն է մեր նպատակը: Ինչո՞ւ է հայկական ֆուտբոլի պատասխանատու մարմինն ամեն անգամ խոսում որակավորման մրցաշարի արգելքը հաղթահարելու մասին, արդյոք այդ նպատակն իրատեսական է: Իհարկե, լուրջ նպատակներ ունենալն ու դրան հասնելու ցանկությունը լավ է: Սակայն այլ բան է ցանկանալը, բոլորովին այլ բան է այդ նպատակին հասնելու համար ճիշտ ռազմավարություն մշակելը:

Իսկ ո՞րն է մեր ռազմավարությունը: Նախ հասկանանք, թե որքան է զարգացել հայկական ֆուտբոլը: 

Ակումբային ֆուտբոլի զարգացման ցուցիչը

Համաձայն եմ, որ ակումբային ֆուտբոլի մակարդակը նախորդ տարիների համեմատ բարձրացել է, շատ լավ: Իսկ ինչքա՞ն է բարձրացել, ո՞րն է ցուցիչը. եվրագավաթնե՞րը: Հիմա կասեք մեր ակումբները պատմական նվաճման հասան՝ որակավորվելով Կոնֆերենցիաների լիգային: Բայց եկեք իրատես լինենք, եթե չլիներ ՈւԵՖԱ-ի այդ «Բիզնես նախագիծը» մենք ներկայացուցիչ կունենայի՞նք Եվրոպայում: Իսկ մոռանո՞ւմ եք, որ նույնիսկ Կոնֆերենցիաների լիգային ուղիղ չենք որակավորվել, այնտեղ հայտնվել ենք Չեմպիոնների լիգայի որակավորման փուլերից դուրս մնալուց հետո: Ես ամենևին չեմ ցանկանում ցածրացնել «Փյունիկի» կամ «Ալաշկերտի» աշխատանքը, ի վերջո թիմերն օգտվեցին իրենց շանսից, «Փյունիկն» իրոք տպավորեց: Խոսքը հայկական ակումբային ֆուտբոլի զարգացման մասին է, ոչ թե այս դեպքում լոկալ հաջողության:

Ասում ենք նախորդ տարիների համեմատ առաջընթաց կա, բայց այդ առաջընթացն ապահովում են լեգեոնականները, ոչ թե տեղացի ֆուտբոլիստները: Եթե նախկինում ակումբները ցածրակարգ լեգեոնականներ էին «պեղում», ապա այժմ ստորագրում են որոշակի մակարդակ ունեցող ֆուտբոլիստների, որոնք հաղթում են մրցակցությունը մեր տղաների հետ պայքարում (շատ դեպքերում տեղական կադրերն առաջնությունում շանս չեն էլ ստանում):

Հիմա հարց. եթե Հայաստանի առաջնություն տեղափոխված լեգեոնականի հետ մրցակցությունում հայ ֆուտբոլիստը չի կարողանում հաղթել, ապա ինչպես կարող է լուրջ նպատակներով մեկնել Եվրոպա:

Ինչո՞ւ մեր տղաները մրցունակ չեն. հայկական ֆուտբոլի «սրտացավ հասարակությունը» գիտի այս հարցի պատասխանը, բայց հանելուկ է, թե ինչու սայլը տեղից չի շարժվում: Մինչև ակումբի հիմնական թիմ հասնելը երկար ճանապարհ կա: Որտե՞ղ են մոլորվում այն տաղանդավոր պատանիները, որոնց մեծ ապագա են խոստանում: 

Ստացվում է, որ 30 տարվա ընթացքում մենք ընդամենը մեկ թոփ ֆուտբոլիստ ենք տվել: Բայց մենք նույնիսկ եվրոպական թոփ-5 առաջնություններում հանդես եկող միջին ակումբում էլ ֆուտբոլիստ չունենք: Այսինքն հայկական ֆուտբոլի դպրոց չկա:

Ակումբային ֆուտբոլի մակարդակը նախորդ տարիների մակարդակի հետ համեմատելը նշանակում է մեզ դատապարտել մեկուսացման: Նշանակում է ցուցիչը սխալ ենք ընտրել, որովհետև խոսում ենք ակումբային ֆուտբոլի զարգացման մասին, (լեգեոնականների հաշվին) բայց եվրոպական ասպարեզում կայուն չենք, հույսը Կոնֆերենցիաների լիգան է, այն էլ շունչներս պահած սպասում ենք, որ թույլ մրցակից բաժին հասնի:

Զարգանում ենք ոչ թե եվրոպական ստանդարտները ցուցիչ ընտրելով, այլ նախորդ տարիների համեմատ, զարգացնում ենք ոչ թե տեղացի ֆուտբոլիստներին, այլ լեգեոնականներին: Ո՞ւր է տանում այս ռազմավարությունը։

«Հայաստանում կան տաղանդավոր երեխաներ, բայց ինչու է նրանց աճը դադարում 12, 13, 14 տարեկանում»:

Ալեքսանդր Պետրակովը վերջերս «Ֆասթ Մեդիա» հեռուստաընկերության հետ հարզազրույցի ժամանակ շատ կարևոր շեշտադրում կատարեց, բայց ոչ ոք դրան ուշադրություն չդարձրեց: Սա անկյունաքարային միտք է, բայց ոչ բարդ հասկանալու համար: Սակայն մեր հասարակությանը լոկալ խնդիրներ են հուզում՝ Բարսեղյանին հավաքական չհրավիրելը, Ադամյանի և Բայրամյանի հետ հարաբերությունները: Երբ այդ տղաները հրավիրվում էին, նույն հասարակությունը պահանջում էր չհրավիրել: Հասկանո՞ւմ եք, թե որն է մեր խնդիրը. խոսելը, շատ խոսելը: Կապ չունի, թե որտեղ են խոսում՝ հեռուստատեսությունում, թե սոցցանցերում, տանը, թե բակում: Պետրակովն այս պահին միակն է հայկական ֆուտբոլում, որը համարձակ բարձրաձայնում է խնդիրները, թեև որոշ հարցերից գուցե խուսափում է նաև ուկրաինացի մարզիչը։

Հասանք վերը նշված այն ճանապարհին, որտեղ մոլորվում են տաղանդավոր պատանիները: Ի՞նչ աշխատանք է տարվում մանկապատանեկան ֆուտբոլում: Այն, որ այս ոլորտում որակյալ կադրերի պակաս կա, փաստ է: Որակավորված մարզիչներ իրոք կան, բայց նրանք քիչ տոկոս են կազմում: Նշանակում է, որ այստեղ էլ մակարդակի խնդիր ունենք: Հոգեբաններ արդյոք աշխատո՞ւմ են երեխաների հետ, ի՞նչ կրթական մակարդակ է ֆուտբոլային դպրոցներում, քանի օտար լեզվի են տիրապետում սաները: Ի՞նչ մեթոդներով են աշխատում մարզիչները, ի վերջո ինչո՞ւ է տաղանդավոր երեխաների աճը դադարում 12, 13, 14 տարեկանում: 

null

Հավաքականը քավության նոխազ դարձնելն արդար չէ

Պետրակովը մեկ անգամ չէ, որ խոսել է խաղային բոլոր օղակներում առկա դեֆիցիտի մասին, խոսքը վերաբերում է տեղական կադրերին: Շատերը նրան քննադատում են, բայց Պետրակովը չի հոգնում կրկնել, որ հավաքականը բարձր մակարդակ է, հավաքականը երկիր է ներկայացնում, հավաքականում պետք է խաղան ուժեղագույնները, որպեսզի հնարավոր լինի խնդիր լուծել: Իրականությունը պետք է ճիշտ ընկալել, մարզչի ասածը՝ նույնպես: Պետրակովն էլ նշեց, որ հավաքականի տղաներն անում են այն, ինչ ինքն է պահանջում, այլ բան է, որ արդյունք չկա: Մենք այս պահին այսքան ենք կարողանում: Ազգային թիմում խաղացող տղաներին քննադատելն անընդունելի է, նրանք կռվում են ամեն խաղում, հետևաբար, հավաքականը քավության նոխազ դարձնելն արդար չէ: 

Մարզչին քննադատում են, որ կարգապահություն է պահում, խոսում է կադրային սուղ խնդիրների մասին, մեղադրում են, որ այլ մեթոդ չունի խնդիրը լուծելու համար (ի դեպ, մեթոդներից մեկը հենց չհրավիրելն է, ինչն էլ Պետրակովը կիրառում է), մյուս կողմից էլ հրաշք են ակնկալում, բայց մոռանում են, որ համակարգը գլոբալ առումով ճիշտ չի աշխատում:

Ոչ ոք չի ընդունում, կամ ավելի շուտ չի ցանկանում ընդունել, որ հայկական ֆուտբոլի դպրոցը հավաքականի մակարդակի ֆուտբոլիստ չի տալիս, բայց խոսում են Եվրոյի կամ Մունդիալի որակավորման փուլ հաղթահարելու մասին: Ինքնախաբեությունը վաղուց նորաձև է դարձել:

Վստահ եմ, որ շատերը չեն համաձայնի Պետրակովի հետ (ես մարզիչի հետ համաձայն եմ): Ընդունենք, որ մեր դպրոցը տալիս է համապատասխան մակարդակի ֆուտբոլիստ, այդ դեպքում ինչու հավաքականը չի արդարացնում: Ուշադրություն դարձրեք, որ ես չեմ խոսում որակավորման արգելքի հաղթահարման մասին: Եթե մենք ունենք հավաքականի մակարդակին համապատասխան տեղացի ֆուտբոլիստներ, ապա ինչո՞ւ կայուն արդյունքներ չենք գրանցում անգամ միջակ թիմերի հետ: Եթե մենք տալիս ենք հավաքականի մակարդակի ֆուտբոլիստներ, ապա ինչո՞ւ այդ ֆուտբոլիստները եվրոպական միջակ լիգաներում չեն խաղում, էլ չեմ խոսում թոփ լիգաների մասին:

Հիմա ո՞րն է մեր նպատակը: Գնալ նատուրալիզացման ճանապարհով և փորձել աստղերի ճիշտ դասավորության պայմաններում նվաճել մեծ մրցաշարի ուղեգիր, և դա դարձնել ինքնանպատակ ու գեղեցիկ պատմություն հետագա սերունդների համար, թե՞ կազմել ռազմավարություն և ատամները սեղմած աշխատել ու տարիներ անց քաղել պտուղները:

Այս հարցի պատասխանը թողնում եմ ընթերցողին: Ինչո՞ւ, որովհետև գլխավորը երկրորդականից տարբերելը լուրջ արվեստ է: Թե չէ մեկ էլ տեսար Ազգերի լիգայի C դիվիզիոնի խմբերից մեկը հաղթելը կհավասարեցնեն «Արարատ 73»-ի պատմական նվաճման հետ և տրիումֆի ընկալման նոր արժեհամակարգ կձևավորեն:

Ես խնդիրներից ընդամենը երկուսին անդրադարձա, այն էլ՝ ոչ ամբողջությամբ: Սա միայն այսբերգի վերին շերտն էր: Իսկ շերտերն ու ծալքերը շատ են, բայց ոչ անլուծելի: