Logo

Եվրոպական խաղեր. Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:54 / 08.06.2023Բռնցքամարտ
Բացառիկ
null

Հայաստանը 7 մասնակից է ունենալու հունիսի 21-ից հուլիսի 2-ը Լեհաստանում կայանալիք Եվրոպական երրորդ խաղերի բռնցքամարտի տղամարդկանց մրցումներում։ Այդ մասին VNews-ին հայտնեց և թիմի կազմը ներկայացրեց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը։

Լեհաստանում ռինգ են դուրս գալու Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ)։

Մայիսին Տաշքենդում կայացած աշխարհի առաջնության երկու բրոնզե մեդալակիրներից հավաքականում ընդգրկվել է միայն Նարեկ Մանասյանը։ Իսկ ահա 2019 թվականի Եվրոպական խաղերի հաղթող, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ձեռքի վնասվածքի պատճառով բաց կթողնի առաջիկա մրցումը։

«Այժմ ուսումնամարզական հավաք ենք անցկացնում Երևանի «Օլիմպավանում»։ Մարզումներն ավարտելու ենք հունիսի 18-ին և դրանից մեկ կամ երկու օր անց մեկնելու ենք մրցավայր։ Արդեն կատարում ենք վերջին հղկումները։ Տղաներն անցկացնում են մարզումային մենամարտեր, հարվածներն են մշակում բռնցքամարտի «պարկերի» վրա, կատարում են արագացումներ և այլն։ Բոլորն էլ գտնվում են այն մարզավիճակում, որը պահանջվում է մեկնարկից երկու շաբաթ առաջ։ Մեկ շաբաթից մարզիկները կլինեն ավելի լավ մարզավիճակում։ Անշուշտ, աշխարհի առաջնության մասնակիցների մոտ որոշակի հոգնածություն է նկատվում, սակայն ստիպված ենք համակերպվել իրավիճակին, քանի որ վերականգնվելու ժամանակ պարզապես չկա։ Մրցանակային ակնկալիքներ, իհարկե, ունեմ, բայց չեմ ցանկանում կանխատեսումներով զբաղվել»,- նշեց Կարեն Աղամալյանը։

2019 թվականի Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել էին 4 մեդալ։ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) և Հովհաննես Բաչկովը (64 կգ) նվաճել էին չեմպիոնի կոչումը, իսկ Կարեն Տոնականյանը (60 կգ) և Գոռ Ներսիսյանը (81 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր։

Բռնցքամարտը երրորդ անգամ է ընդգրկվել Եվրոպական խաղերի ծրագրում։ Այս անգամ մրցաշարն ունի հատուկ կարգավիճակ, քանի որ մասնակիցները մեդալներից բացի վիճարկելու են նաև 2024 թվականի Օլիմպիական խաղերի 44 ուղեգիր։ Ակնկալվում է, որ Կրակովի մարզապալատում պայքարի է բռնվելու 42 երկրի 325 մարզիկ-մարզուհի։ Կանայք մրցելու են 50, 54, 57, 60, 66, 75 կգ քաշային կարգերում։ Հայաստանը ներկայացված է տղամարդկանց մրցաշարի բոլոր քաշային կարգերում։ 7-ն էլ օլիմպիական են։

Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցումներն անցկացվելու են հունիսի 23-ից հուլիսի 2-ը։