Logo

Ի՞նչ է ուզում Պետրակովը, և ի՞նչ է պահանջվում նրանից․ Հավաքականի ընկերական խաղերի հետքերով

Հեղինակ
Արման Աբելյան
17:05 / 28.03.2024Հոդվածներ
Բացառիկ
null

Հայաստանի ազգային հավաքականը տարին սկսեց 2 պարտությամբ: Ալեքսանդր Պետրակովի թիմն ընկերական խաղերում զիջեց Կոսովոյի (0-1) ու Չեխիայի (1-2) հավաքականներին։

Ի՞նչ եզրակացություններ կարելի է անել այս խաղերից, որո՞նք են դրական և բացասական միտումները․ այս թեմաներին VNews-ը կանդրադառնա 5 գործոնի միջոցով:

Կանխատեսելի ենք դառնում մրցակիցների համար

Հայաստանի հավաքականն այս խաղերում ոչ մի վայրկյան չհրաժարվեց իր 3-4-3 կամ 5-4-1 սխեմայից: Մի կողմից, հասկանալի է, որ մեր կարգի հավաքականները սովորաբար հակված չեն հաճախ սխեմաներ փոխելուն: Մյուս կողմից, մրցակիցների համար ավելի հեշտ է դառնում մեզ հետ խաղերին պատրաստվելը: Դասավորությունն ինքնին շատ դեպքերում շատ բան չի նշանակում, կարևոր է խաղաոճը: Բայց խոսենք կոնկրետ օրինակների շուրջ:

Թե՛ Կոսովոն, թե՛ Չեխիան միևնույն տակտիկական «հնարքին» դիմեցին: Երկուսն էլ այնպիսի սխեմաներ էին ընտրել, որոնցով մեր նկատմամբ կենտրոնում մեկ ֆուտբոլիստի առավելություն էին ստանում, ինչը շատ կարևոր է: Կոսովոն առաջին կեսում առավելություն ուներ հիմնականում հենց դրա շնորհիվ: Հայաստանի հավաքականը չէր կարողանում լիարժեք բարձր պրեսինգի դիմել, որովհետև Կոսովոյի կիսապաշտպան Մուսլիյան ազատ էր մնում: Կենտրոնում ստեղծվում էր 3-ը 2-ի դեմ իրավիճակ: Միայն որոշ ժամանակ անց կենտրոնական պաշտպան Կալիզիրը սկսեց հարկ եղած դեպքում լքել դիրքն ու մոտենալ Մուսլիյային: Սակայն այդպես էլ ավելի մեծ ազատություն էր ստանում խաղի միակ գոլի հեղինակը՝ Ռաշիցան:

Նույն քայլին դիմեց Չեխիան: Նրա ընտրած 3-4-1-2 սխեմայում կենտրոնական կիսապաշտպաններ Հովհաննես Հարությունյանն ու Անդրե Կալիզիրը (նա այդ խաղում հենակետային գոտում էր) փակում էին մեկական մրցակցի, փոխարենն ազատ էր մնում նրանց թիկունքում տեղակայված Բարակը: Պետք է ասել, որ Չեխիան իր այս քանակական առավելությունից շատ ավելի վատ օգտվեց, քան Կոսովոն էր դա անում: Կիսապաշտպաններին հաճախ ապահովագրում էր նաև Վարազդատ Հարոյանը: Չեխիան իր այս դասավորությամբ նաև հեշտացրել էր մեզ պրեսինգի ենթարկելու ձևը՝ ստանալով հայելային սխեմա: Մրցակցի այս մոտեցումը ստիպում էր հաճախ հրաժարվել կարճ փոխանցումներով գրոհներ սկսելուց և օդային գնդակներ հասցեագրել Նորբերտո Բալեկյանին:

80-րդ խաղ անցկացրածների լավ ելույթները

Հարոյանի համար Կոսովոյի դեմ մրցավեճն 80-րդն էր հավաքականում, ու նա լավ աշխատանք կատարեց: Առանձնացան իսպանական «Մալյորկայի» հարձակվող Մուրիքիի հետ հաջող մենապայքարները: Իհարկե, Վատոն հաճախ է կոշտ մենապայքարների գնում, ու միշտ ռիսկ կա, որ դա կարող է ցավալի հետևանքների բերել: Օրինակ՝ Չեխիայի դեմ հանդիպման արդեն 16-րդ րոպեից Հայաստանի հավաքականի ավագը դեղին քարտ ուներ: Սակայն 2 խաղերում էլ իրեն առաջատարի պես դրսևորեց: Իսկ Կամո Հովհաննիսյանի համար 80-րդն էր Չեխիայի դեմ խաղը: Նա այդ օրը գերազանց էր թե՛ պաշտպանության, թե՛ հարձակման ժամանակ՝ խաղալով ձախից: Փայլուն արագացումից հետո ասիստ կատարեց Սևիկյանին: Ճիշտ է, ուներ մեղքի բաժին բաց թողած 2-րդ գոլի դրվագում:

Պետրակովը հաճախ է մատնանշում կենտրոնական պաշտպանների պակասը: Սակայն այդ առումով մեծ բացթողումներ չունեցանք: Ճիշտ է, 2 խաղերի որոշ դրվագներում պետք է ավելի լավ պաշտպանվեինք մրցակցի եզրային փոխանցումներից հետո: Գեորգի Հարությունյանի խաղն ավելի է կայունանում, Ստյոպա Մկրտչյանն էլ շատ լավ խաղաց Չեխիայի դեմ: Հավաքականում նորամուտը նշեց նաև «Նոայի» կենտրոնական պաշտպան Սերգեյ Մուրադյանը: Հարությունյանն ու Մուրադյանը 19 տարեկան են, Մկրտչյանը՝ 21․ նրանք դեռ երկար տարիներ կարող են օգնել հավաքականին:

Եզրերում բացակայում էին Նաիր Թիկնիզյանը, Արտակ Դաշյանը և Հովհաննես Համբարձումյանը: Ձախից Ժիրայր Մարգարյանի ելույթը Կոսովոյի դեմ հակասական էր, Էդգար Գրիգորյանն էլ շատ չխաղաց: Աջից Չեխիայի դեմ գործի մեջ տեսանք Դավիդ Դավիդյանին, որը բավականին սուր էր խաղում: «Փյունիկի» ֆուտբոլիստն առաջիկայում, միգուցե, վերադառնա իր լավագույն մարզավիճակին, ինչի շնորհիվ կօգնի նաև ազգային թիմին: Տեսնում ենք, որ եզրերում էլ կա մրցակցություն, թեպետ զգացվեց թե՛ Թիկնիզյանի, թե՛ Դաշյանի բացակայությունը:

Առանց Իվուի դժվար է

«Ռուբինի» ֆուտբոլիստի բացակայության պայմաններում բարդ էր կենտրոնը փակելը: Իգոչուկվու Իվուն մեծ տարածություն է փակում ու այդ առումով միակն է մեր կիսապաշտպանների շարքում: Հովհաննես Հարությունյանը 2 գրեթե ամբողջական խաղ անցկացրեց: Նրա ուժեղ կողմը գրոհները կառավարելն ու ստեղծարար լինելն է, ինչը միայն մասամբ տեսանք: Նա 2 խաղերում էլ նախընտրում էր գնդակով անվտանգ գործել ու միայն գրոհների ուղղությունները փոխել: Խաղը սրելու փորձերը շատ քիչ էին: Որոշ դեպքեր եղան Չեխիայի դեմ, բայց՝ անհաջող: «Փյունիկի» ֆուտբոլիստը Կոսովոյի դեմ խաղում ավելի լավ տեսք ուներ: Հարությունյանը դեռ դժվարանում է հավաքական բերել Հայաստանի Պրեմիեր լիգայում ու եվրագավաթային խաղերում ցույց տված մակարդակը:

Եղավ նորամուծություն՝ Չեխիայի դեմ հենակետային գոտում Կալիզիրն էր, որն այդ դիրքում մի քանի հանդիպում էր անցկացրել շվեդական «Բրոմապոյկարնայի» կազմում: Ճիշտ է, Պետրակովը նշեց, որ դա պարտադրված քայլ է եղել, քանի որ Էդուարդ Սպերցյանը պատրաստ է եղել միայն մեկ խաղակեսի մասնակցել: Մեկական խաղի հայտավորվեցին երիտասարդական հավաքականից հրավիրված կիսապաշտպաններ Էդգար Փիլոյանն ու Տիգրան Ավանեսյանը: Վերջինս նույնիսկ նորամուտը նշեց հավաքականում: Երկուսն էլ ունեն հավաքականը համալրելու ներուժ, նրանք բավականին բալանսավորված են և ունեն իրենց հստակ ուժեղ կողմերը:

Սպերցյանից սպասելիքները, բնականաբար, մեծ են: Բայց Էդուարդը կարող է 45 րոպե շատ վառ լինել ու դառնալ առաջատար, հետո 1 խաղ ընդհանրապես չնկատվել: «Կրասնոդարի» ֆուտբոլիստը Կոսովոյի դեմ իր խաղամակարդակից ցածր հանդես եկավ, փոխարենը Չեխիայի դեմ երկրորդ կեսում շատ նախաձեռնող էր ու ակտիվ փոխարինման դուրս գալուց հետո: Սպերցյանը քաջ գիտակցում է, որ հավաքականում նրա ամեն մի խաղին «աչքերը սրած» են հետևում եվրոպական ակումբների սկաուտները: Դա, միգուցե, փոքր-ինչ կաշկանդում է նրան: Բայց Սպերցյանը ցանկացած վիճակում էլ իր հատկապես հեռվից հարվածներով մեծ սպառնալիք է մրցակիցների համար: Կոսովոյի դարպասն էլ կարող էր գլխի հարվածով գրավել, սակայն մի փոքր բարձր հարվածեց:

Սևիկյան is on fire

Հարձակման գծում Էդգար Սևիկյանը լավագույնն էր 2 խաղերի հանրագումարում: Նա Կոսովոյի դեմ մրցավեճում նույնքան լավ փոխարինման մտավ, որքան դա արել էր Ուելսի դեմ վերջին տնային հանդիպմանը: Հունգարական «Ֆերենցվարոշի» ֆուտբոլիստը չեխերի դեմ խաղում մեկնարկային կազմում էր ու իր առաջին գոլը խփեց ազգային հավաքականում: Նա լավ անցումներ էր ձեռնարկում, առանձնակի փայլուն էր աշխատում պաշտպանության ժամանակ: Հիանալի էր պրեսինգի ենթարկում մրցակիցների պաշտպաններին ու նրանց ստիպեց մի քանի ակնհայտ սխալներ թույլ տալ վտանգավոր դիրքերում:

Մյուս դրական կետը Լուկաս Սելարայանն է՝ հավաքականի ամենակայուն ֆուտբոլիստը վերջին մեկ տարում: Ճիշտ է, Չեխիայի դեմ խաղը բացասական առումով տարբերվեց: Հիմա Լուկասն ավելին է, քան պարզապես ձախ վինգերը: Նա ունի որոշակի ազատություն, գրոհների ժամանակ կենտրոնում է հայտնվում, դրիբլինգի դիմում, ռիսկային փոխանցումներ կատարում և փոխում գրոհների եզրերը: Հաճախ հենց նա է «խաղացնում» թիմին: Եթե ստացվում է Սելարայանի խաղը, թիմակիցները ևս «բացվում» են:

Հավաքականը վերջին 8 խաղում ընդամենը 4 գոլ է խփել: Ընտրական փուլի որոշ խաղերում դժգոհում էինք պահերի իրացումից, բայց ընկերական հանդիպումներում ընդհանուր ամենաշատը 2-3 ակնհայտ հնարավորություն ենք ստեղծել․․․ Կոսովոյի դեմ խաղի երկրորդ կեսում գոնե կային լավ կոմբինացիաներ, սակայն չէր հերիքում վտանգավոր հարվածը: Չեխիայի դեմ, գոլային դրվագից զատ, դժվար է որևէ իմաստալից գրոհ հիշելը: Չեխիան մեզ հակագրոհելու մի շարք առիթներ տվեց, որոնցից չօգտվեցինք: Վերջին՝ կարևոր փոխանցման սարսափելի խոտան կար, մինչդեռ նույն Կամոն մի շարք լավ արագացումներ էր կատարում դեպի տուգանային հրապարակ:

2 խաղերում էլ հարձակվողի դիրքում Բալեկյանն էր: Նա, չնայած «Բոկա Խունիորսում» պրակտիկա չունենալուն, իր օգուտը տվեց հավաքականին՝ կրկին մենապայքարներ էր հաղթում, տուգանայիններ վաստակում և այլն: Բարդ է նրանից ավելին պահանջելը, որովհետև նա Արգենտինայում գրեթե չի էլ խաղացել որպես հարձակվող: Ծայրահեղ մտահոգիչ է Հրանտ-Լեոն Ռանոսի մարզավիճակը: Ակնհայտ է, որ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվողը վստահության պակաս ունի: Հայաստանի Պրեմիեր լիգայի գլխավոր ռմբարկու Արթուր Միրանյանն էլ ընդամենը 20 րոպե խաղաժամանակ ստացավ, թեև ավելիին էր արժանի: Համենայնդեպս, Պետրակովը հենց Միրանյանի լավ մարզավիճակով էր, առաջին հերթին, բացատրել այն, թե ինչու հավաքական չէր հրավիրել Սարգիս Ադամյանին:

Ի՞նչ ենք ուզում Պետրակովից, և ի՞նչ է պահանջվում նրանից

Պետրակովը հաճախ է բարձրաձայնում, որ Հայաստանում ինչ-որ դիրքում ֆուտբոլիստների խիստ պակաս կա՝ կենտրոնական պաշտպաններ, հենակետայիններ և այլն: Նշում է, որ Հայաստանի առաջնությունում այս պահին չկան ֆուտբոլիստներ, ովքեր պատրաստ են ուժեղացնել հավաքականը: Նա միշտ ընդգծում է առաջնության ու միջազգային խաղերի մեծ տարբերությունը, միաժամանակ հավաքական չի հրավիրում Գերմանիայի Բունդեսլիգայում խաղացող ֆուտբոլիստի: Տիգրան Բարսեղյանին չհրավիրելու համար մարզիչը հիմնավոր պատճառներ ունի: Բայրամյանի դեպքում ևս այդպես է, չնայած Խորենի պարագայում կարծես մինչև այս կարգապահական որևէ խնդիր չէր եղել: Ինչևէ:

Շատ լավ գիտենք, որ հավաքականի կազմը խնդիրներ ունի, տեղյակ ենք, որ շատերն ակումբներում խաղաժամանակի պակաս ունեն: Պետրակովի ասածներում հաճախ կա ճշմարտություն, բայց նա պետք է գիտակցի, որ իր՝ հավաքականը գլխավորելուց հետո այն արդեն իսկ բավականաչափ ուժեղացվել է՝ Չանչարևիչ, Թիկնիզյան, Իվու, Սևիկյան, Ռանոս․․․ Գեորգի Հարությունյանն էլ Պետրակովի «բացահայտումն» էր: Իսկ առաջնությունը վերջին տարիների իր ամենաբարձր կետում է, ինչն ապացուցում են թե՛ մրցակցությունը թիմերի միջև, թե՛ եվրագավաթներում արդյունքները: Հետևաբար, ամեն ինչ համեմատության մեջ է երևում․ Պետրակովին նախորդած մարզիչները հաճախ անհամեմատ ավելի սեղմ ընտրություն են ունեցել:

Եվ ուկրաինացի մարզչից ոչ ոք չի պահանջում հրաշք գործել, ընդամենը պետք է առավելագույնը քաղել այս հավաքականի պոտենցիալից: Այս մեկ տարում հավաքականն ունեցել է որոշ աճ, բայց դա բավական չէ: Մինչև նախավերջին տուրը շանս ունեինք Եվրո-2024 դուրս գալու, մյուս կողմից, կրկին սայթաքեցինք ամենակարևոր պահին, ինչը Լատվիայի դեմ խաղն էր: Խոակին Կապառոսը, իր բոլոր թերություններով հանդերձ, շատ դրական կողմ ուներ, մանավանդ հավաքականում աշխատանքի սկզբում․ նա համարձակ էր իր որոշումներում, և դրանք արդյունք էին տալիս: Եվ պարտադիր չէ, որ առաջնությունից հրավիրվող պայմանական ֆուտբոլիստը երկարաժամկետ օգուտ տա: Նա մարզչին կարող է օգնել մեկ կամ երկու խաղում, միգուցե, կես տարում ինչ-որ կոնկրետ առաջադրանք լուծելու հարցում, ինչպիսին Կապառոսն արեց մի շարք ֆուտբոլիստների դեպքում:

Առջևում ունենք 2 ընկերական խաղ և Ազգերի լիգա․ դատելով բոլոր հայտարարություններից՝ պայքարելու ենք խմբում հաղթելու համար, թեև շատ մշուշոտ է Ազգերի լիգայով աշխարհի առաջնություն դուրս գալու հեռանկարը: Ամեն դեպքում, մրցակարգի որոշակի փոփոխություն է եղել, ու դա հիմա ավելի իրատեսական է, քան առաջ: Հայաստանի հավաքականի համար կայուն հաղթելը դժվար է, բայց պետք է պարտադիր լինի մշտապես մրցունակ լինելն ու որոշակի խաղամակարդակ պահելը: Հենց դա կլինի որակի բարձրացումը, իսկ խոշոր մրցաշար դուրս գալը կամ չգալը շատ գործոններից է կախված: Տարվա առաջին խաղերը շատ հակասական էին, հարկավոր է ավելի համոզիչ լինել հունիսին, երբ կրկին ուժեղ մրցակիցներ ենք ունենալու: