Logo

Ինչպես է ձախողվել Թիկնիզյանի՝ «Վերդեր» տեղափոխությունը

17:18 / 28.04.2024Ֆուտբոլ
null

Fast Media հեռուստաընկերության մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը մանրամասներ է հայտնել այն մասին, թե ինչպես է նախորդ տարվա ամռանը ձախողվել Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի՝ գերմանական «Վերդեր» տեղափոխությունը:

«Ցանկանում եմ կիսվել իմ ունեցած տեղեկություններով, թե ինչպես Թիկնիզյանը չտեղափոխվեց Բունդեսլիգա:

Հնարավոր տրանսֆերի գլխավոր գործող անձինք եղել են Գերմանիայում բնակվող, ՖԻՖԱ-ի լիցենզավորված գործակալներ Արկադի Վասիլյանը և վերջինիս որդին՝ Արթուր Վասիլյանը։

2023 թվականի ամռանը Վասիլյանները նախաձեռնել են Թիկնիզյանի տեղափոխության բանակցությունների փուլը: Թոփ-5 լիգաները ներկայացնող մի քանի ակումբներ ևս հետաքրքրված են եղել պաշտպանի ծառայություններով և կրկին Վասիլյանների ջանքերի շնորհիվ:

Կազմակերպվել է տեսակապ, որին մասնակցել են Վասիլյանները, Թիկնիզյանը, «Վերդերի» ղեկավարներից Յոհանես Յանսը, Կլեմենս Ֆրիտցը, ինչպես նաև գլխավոր մարզիչ Օլե Վերները: Տեսակապի ընթացքում Թիկնիզյանը մեծ ցանկություն է հայտնել տեղափոխվելու «Վերդեր» և տվել է իր համաձայնությունը:

Այնուհետև «Վերդերի» ղեկավարները Վասիլյաններին հրավիրել են Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում «Թուլուզի» դեմ ընկերական խաղին, որտեղ պետք է տեղի ունենար բանակցությունների երկրորդ՝ հավանաբար եզրափակիչ փուլը:

«Վերդերը» տրանսֆերի համար նախապես հայտարարած 2,5 միլիոն եվրոն բարձրացրել է 3,2 միլիոն եվրո և պլյուս բոնուսներ, բայց անգամ դա չի բավարարել «Լոկոմոտիվին»: Արդյունքում բանակցությունները դադարել են:

Իհարկե այդ ընթացքում Արկադի և Արթուր Վասիլյանների անմիջական կապերի շնորհիվ շատ այլ ակումբներ նույնպես հետաքրքրված են եղել ձեռք բերել Նաիրի տրանսֆերը, բայց այդ ամենի մասին առայժմ չեմ ցանկանում խոսել...

Նկարում հայր և որդի Վսիլյաններն են «Վերդեր» - «Թուլուզ» ընկերական խաղի ժամանակ»,- սոցցանցերում գրել է Սուրեն Մելիքսեթյանը։

Հիշեցնենք, որ 24-ամյա Թիկնիզյանը 2021 թվականի օգոստոսից է խաղում «Լոկոմոտիվում», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, դարձել 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո: