Logo

Ինչո՞ւ չի կայացել Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը «Լացիո». Հարցազրույց գործարքի մասնակցի հետ

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
17:25 / 16.04.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Վերջին շրջանում շատ են խոսակցությունները, որ Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է տեղափոխվել եվրոպական թոփ լիգա: Սկզբում շշուկները գերմանական Բունդեսլիգայի շուրջ էին, հետո հիմնական տարբերակ էր նշվում Իտալիայի Ա սերիան: Պարզվում է՝ 24-ամյա ֆուտբոլիստի՝ Իտալիա տեղափոխվելու շուրջ բանակցություններին մասնակցել է նաև հայ գործակալ Լևոն Օհանյանը:

VNews-ը զրուցեց գործակալի հետ, երբ Իտալիայի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նախորդ 2 տրանսֆերային պատուհանների ժամանակ Թիկնիզյանն իսկապես հնարավորություն է ունեցել տեղափոխվել Իտալիայի առաջնություն։ 

- Մեզ տեղեկություն է հասել, որ դուք առնչություն եք ունեցել Նաիր Թիկնիզյանի հնարավոր տրանսֆերին և մասնակցել եք բանակցությունների: Կարո՞ղ եք հաստատել այդ տեղեկությունը:

- Այո, ճիշտ է: Թիկնիզյանը մեծ հնարավորություն ուներ հայտնվել Ա սերիայի ակումբներից մեկում:

- Կարո՞ղ եք ակումբի անունը նշել: 

- Այդ ակումբը «Լացիոն» էր: Կային այլ ակումբներ, որոնք նույնպես հետաքրքրված էին, բայց չէին կարող Նաիրի տրանսֆերը վճարել: «Լացիոն» միակն էր, որ պատրաստ էր այդ գումարը վճարել:

- Ինչպե՞ս ստացվեց, որ դուք հայտնվեցիք այդ հնարավոր գործարքի մասնակիցների թվում:

 - Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Թիկնիզյանն առաջին խաղն անցկացրեց Հայաստանի հավաքականում: Ես միանգամից հասկացա, որ նա պատրաստ է խաղալ Եվրոպայում և կարող եմ օգնել այդ հարցում: Ռուսաստանի քաղաքացի ֆուտբոլիստների համար Եվրոպա տեղափոխվելու շանսերը գրեթե զրոյական են, ուստի շատ կարևոր էր նաև, որ նա արդեն Հայաստանի քաղաքացի է: Մենք կապ հաստատեցինք նրա ռուս գործակալի հետ, ստացանք դրական պատասխան: Հետո զրուցեցինք «Լացիոյի» հետ, համոզվեցինք, որ նույնպես հետաքրքրված են: Դրանից հետո պետք է արդեն փաստաթղթերը ձևակերպեինք պաշտոնական բանակցությունների համար: Հենց այդ պահին Նաիրի գործակալը սկսեց տարօրինակ պահվածք դրսևորել: Կարճ կասեմ... եթե ֆուտբոլիստի ու գործակալի հետաքրքրությունները լրիվ տարբեր են, խաղացողի կարիերայի վրա դա կարող է լուրջ ազդեցություն ունենալ:

- Կմանրամասնե՞ք փաստաթղթերի վերաբերյալ ձեր ասածը:

- Նկատի ունեմ ՝ գործակալը լիազորություն պետք է տրամադրեր, բայց նա անմիջապես սկսեց մեզ շրջանցելով կապ հաստատել «Լացիոյի» հետ: Նույնը նաև այն ակումբների հետ, որոնց հետաքրքրության մասին նույնպես ինձնից էր տեղեկացել: Գործակալն իրեն ոչ կոռեկտ պահեց և բնականաբար գործարքը խափանվեց:

- Իսկ ինչո՞ւ էիք որոշել բանակցել «Լացիոյի» հետ առանց գործակալի տված լիազորության:

- Մենք նախընտրում ենք որոշակի գործընթաց բանավոր պայմանավորվել, հետո կոնկրետ իրավիճակի դեպքում լիազորություն վերցնել, երբ արդեն ակումբի հետաքրքրությունը հստակ է:

- «Լացիոն» արդեն բանակցո՞ւմ էր «Լոկոմոտիվի» հետ:

 - Ոչ: Շատ կարևոր է հասկանալ, որ Իտալիայում չեն ցանկանում ռուսական ակումբների կամ գործակալների հետ անմիջապես բանակցել: Այլ բան է, որ միջնորդն այլազգի գործակալ լիներ: «Լացիոն» մտադիր էր մեր միջոցով բանակցել «Լոկոմոտիվի» հետ, որովհետև վստահում էր մեզ: Շատ կարևոր է, թե ով է կամուրջը երկու ակումբների միջև:

- Դուք ձեր մասին հոգնակի եք խոսում: Նկատի ուենք ձեր գործակալությունը, թե՞ այլ մարդ էլ էր մասնակցում բանակցություններին:

- Իմ իտալացի գործընկերոջ հետ էի, նա Եվրոպայում բավականին հայտնի է:

 - Վերջին ամիսների ընթացքում «Լացիոն» մի քանի անգամ հերքել է Թիկնիզյանի ծառայություններով հետաքրքրվելու փաստը: Դա ինչպե՞ս կբացատրեք:

- Նաիրի գործակալի հետ տհաճ միջադեպը սկսվեց 2023-ի ամռանը, երբ նա իր խոսքը դրժեց: Ձմեռային տրանսֆերային պատուհանից առաջ տեղեկացա, որ «Լացիոն» շարունակում է հետաքրքրվել Թիկնիզյանի ծառայություններով, ես էլ, լինելով հայրենասեր, ազգային հավաքականի մասին մտածող մարդ, ֆուտբոլիստին եվրոպական լավ թիմ ուղարկելու երկրորդ փորձը ձեռնարկեցի: Կապ հաստատեցի Նաիրի հետ, բացատրեցի իրավիճակը: Նա շատ զարմացած էր, փորձեց զրուցել իր գործակալի հետ, հետո ասաց՝ անպայման կտրամադրեն բոլոր փաստաթղթերը, որովհետև նրա երազանքն է խաղալ Եվրոպայում և իր գործակալը պետք է ամեն ինչ անի դրա համար: Դրանից հետո 3-4 անգամ նրա գործակալն ասում էր «այո», բայց ոչինչ չէր անում: Նաև նա կրկին փորձում էր զրուցել ակումբների հետ, ինչը չէր ստացվում: Թիկնիզյանի գործակալը, ամենայն հավանականությամբ, մտածում էր միայն «Զենիթի» ուղղությամբ և դրա համար ամեն ինչ տապալվեց Եվրոպայում:

- Ինչո՞ւ հենց «Զենիթի» ուղղությամբ:

- Դժվար չէ կռահել, թե ինչու: Ի զարմանս ինձ, Թիկնիզյանը հանգիստ էր վերաբերվում այս ամենին: Նա պատկերացնում էր, որ ձմռանը տեղափոխվելու է Եվրոպա, ինչը չստացվեց և նա հանգիստ շարունակեց ելույթները «Լոկոմոտիվում»:

- Դուք նախկինում «Լացիոյի» հետ գործարք կատարե՞լ էիք:

- Այո, Ռումինիայից «Լացիոյի» երիտասարդական թիմ է տեղափոխվել ֆուտբոլիստ, որի գործակալը ես եմ: Այդպես մասնակցել եմ գործարքների նաև իտալական «Բոլոնիայի» և «Էմպոլիի» հետ: Նաև հաճախ Աֆրիկա եմ մեկնում տաղանդավոր ֆուտբոլիստներ գտնելու համար:

- Ինչպիսի՞ն են այժմ Նաիրի՝ Եվրոպա տեղափոխվելու շանսերը:

- Նա վաղուց 18 տարեկան չէ: Եթե եվրոպական անձնագիր չունես, տեղերը սահմանափակ են: Ակումբները փորձում են ավելի երիտասարդների ձեռք բերել, որ հետո կարողանան վաճառել տրանսֆերը: «Լոկոմոտիվն» էլ մեծ գումար է պահանջում Թիկնիզյանի տրանսֆերի դիմաց, ինչը պատճառներից մեկն է, թե ինչու մյուս եվրոպական թիմերը չեն ցանկանում առաջարկ կատարել:

Այդուհանդերձ, կա մեկ ակումբ, որը պատրաստ է եղել մեծ գումարներ վճարել, դա «Գալաթասարայն» էր: Բայց Թիկնիզյանը հայրենասեր մարդ է և մերժեց թուրքական ակումբին:

- Այս պայմաններում որքա՞ն եք համարում Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի ադեկվատ գինը:

- 3 միլիոն եվրոյի սահմաններում, սակայն «Լոկոմոտիվը» շատ ավելի է պահանջում:

- Թիկնիզյանի վերաբերյալ վերջին տրանսֆերային տեղեկությունը «Բոլոնիայից» էր, որը նույնպես շատ արագ հերքվեց: Որքանո՞վ է ճիշտ տեղափոխվել նման ակումբ, որը թոփ չէ, բայց հնարավոր է մասնակցի Չեմպիոնների լիգային:

- Ֆուտբոլիստի մենեջմենթը պետք է ճիշտ աշխատի, որ տրանսֆերը հնարավոր դառնա: «Բոլոնիան» շատ զգույշ է մոտենում յուրաքանչյուր գործարքին, նրանք փողի գինը լավ գիտեն: Իտալիայում գրեթե բոլորը տեղյակ են Թիկնիզյանի ձախողված տրանսֆերի պատճառների մասին և ես համոզված չեմ, որ այդքանից հետո հեշտ կլինի բանակցել: