Միլանի «Ինտերը» պատմության մեջ 9-րդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը: Եզրափակիչում Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում մրցեց «Ֆիորենտինայի» հետ և կամային հաղթանակի հասավ 2-1 հաշվով:
Բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում: «Ֆիորենտինայի» կազմում հաշիվը բացեց արգենտինացի վինգեր Նիկոլաս Գոնսալեսը, «Ինտերից» դուբլ գրանցեց արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը:
«Ինտերի» պահեստայինների թվում էր Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը խաղադաշտ դուրս չեկավ։ 34-ամյա կիսապաշտպանը դեռ լիովին չի վերականգնվել վնասվածքից։
«Ինտերը» երկրորդ տարին անընդմեջ դարձավ Իտալիայի գավաթակիր:
«Ինտերն» այս մրցաշրջանում նվաճեց երկրորդ տիտղոսը. ամիսներ առաջ միլանյան գրանդը նվաճել էր նաև Իտալիայի Սուպերգավաթը: «Ինտերը» հունիսի 10-ին Ստամբուլում Չեմպիոնների լիգայի գավաթը կվիճարկի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Իտալիայի գավաթ, եզրափակիչ
«Ֆիորենտինա» - «Ինտեր»՝ 1-2
Նիկոլաս Գոնսալես, 3 - Լաուտարո Մարտինես, 29, 37