Logo

Կառլոս Բարոն․«Լուանի սեյվը մրցաշարի լավագույն դրվագն էր»

14:32 / 06.05.2024Ֆուտզալ
null

Իսպանական «Պալմա Ֆուտզալի» դարպասապահ Կառլոս Բարոնը VNews-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Երևանում կայացած ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Բարսելոնայի» նկատմամբ 5-1 հաշվով հաղթանակին ու իր ակումբակից, Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլերի տպավորիչ սեյվին։

«Խաղում էինք շատ բարդ մրցակցի դեմ։ «Բարսելոնան» ունի տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ, բայց մեզ հաջողվեց հաղթել գրագետ խաղի ու մեծ ջանքեր գործադրելու շնորհիվ։ Ուրախ եմ, որ երկրորդ տարին անընդմեջ նվաճեցինք Չեմպիոնների լիգայի գավաթ։

Լուանի սեյվը մրցաշարի լավագույն դրվագն էր: Նա անհավատալի գործեց դարպասային գծի վրա»,- ասել է իսպանացի դարպասապահը։

Հիշեցնենք, որ 2-1 հաշվի ժամանակ Լուան Մյուլերը տպավորիչ սեյվով իր թիմին փրկել էր գոլից։ Եզրափակիչում նա, դուրս գալով փոխարինման, հուսալի խաղով օգնել էր «Պալմա Ֆուտզալին» երկրորդ տարին անընդմեջ դառնալ Չեմպիոնների լիգայի գավաթակիր։ Պորտուգալական «Բենֆիկայի» դեմ կիսաեզրափակիչի խաղում էլ Հայաստանի հավաքականի դարպասապահը դարձել էր գոլի հեղինակ։

Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի «4-ի եզրափակիչը» կայացավ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մասնակցում էին նաև 3-րդ ու 4-րդ տեղերը գրաված պորտուգալական «Բենֆիկան» ու «Սպորտինգը»։

«Բարսա» - «Պալմա», «Սպորտինգ» - «Բենֆիկա» հանդիպումները` VNews-ի ֆոտոշարքում