Մայիսի 31-ին «Սևիլիան» 7-րդ անգամ կխաղա Եվրոպա լիգայի եզրափակիչում. Բուդապեշտում անդալուզյան թիմի մրցակիցը կլինի «Ռոման»:
Մրցաշրջանի սկզբում շատ քչերը կարող էին պատկերացնել, որ «Սևիլիան» կարող է երազել ինչ-որ տիտղոսի մասին: Ամիսներ առաջ ակումբը հակառեկորդը հակառեկորդի հետևից էր գրանցում, իսկ այս մրցաշրջանը նման էր չավարտվող մղձավանջի: Խուլեն Լոպետեգին հեռացվեց, Խորխե Սամպաոլին եկավ իրավիճակը շտկելու, բայց ոչինչ չփոխվեց. «Սևիլիան» շարունակում էր թափառել մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում ու նույնիսկ «սիրախաղի» մեջ մտնել վտանգավոր գոտու հետ:
Ամեն ինչ փոխվեց 2 ամիս առաջ, երբ «Սևիլիան» 3-րդ գլխավոր մարզիչն ունեցավ այս մրցաշրջանում: Հայտնի լինելով որպես ճգնաժամային մասնագետ՝ Խոսե Լուիս Մենդիլիբարը ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց՝ ունենալով մեկ պարզ խնդիր՝ պահել «Սևիլիային» Լա լիգայում: 2 ամսվա ընթացքում Մենդիլիբարը ոչ միայն «Սևիլիայի» համար երաշխավորեց Լա լիգայում մնալը, այլ նաև թիմին բարձրացրեց լավագույն տասնյակ. այժմ անդալուզցիները պայքարում են եվրագավաթային գոտում հայտնվելու համար: Դե իսկ Եվրոպա լիգայում «Սևիլիան» հրաշք գործեց՝ փլեյ-օֆֆում հաղթահարելով հաղթելու երկու ֆավորիտների՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Յուվենտուսի» արգելքը:
«Սևիլիայում» դեռ չեն շտապում հայտարարել, որ Մենդիլիբարը շարունակելու է աշխատել հաջորդ մրցաշրջանում: Եթե 62-ամյա մասնագետն ավելի լավ CV կամ ավելի հնչեղ անուն ունենար, նոր պայմանագիրն այժմ նրա սեղանին կլիներ: Նրա ապագան պայմանավորված է մրցաշրջանի վերջնական արդյունքներով, բայց անկախ ամեն ինչից՝ փաստն այն է, որ «Էյբարի» ու «Ալավեսի» նախկին գլխավոր մարզիչը եկավ և տրանսֆորմացիայի ենթարկեց «Սևիլիան»: Իսկ ինչպե՞ս արեց դա:
Փոխեց հանդերձարանի հոգեբանությունը
Մենդիլիբարն ու իր մարզչական շտաբի անդամները շատ պարզ և բաց են խոսել ֆուտբոլիստների հետ իրենց ժամանման առաջին օրից: Նրանք լսել են բոլորի անհանգստություններն ու վախերը, այն անհարմարությունները, որ ունեցել են նախկին մարզիչների հետ: Խաղացողները խոստովանել են, որ երբեմն համաձայն չեն եղել մարզիչների որոշումներին, անհիմն ռիսկերին:
Բասկ մասնագետը հիշեցրել է ֆուտբոլիստներին, որ նրանք այս մրցաշրջանում խաղացել են Չեմպիոնների լիգայում և արժանի են խաղալ եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարում, որ նրանք չպետք է վախենան Լա լիգա 2 նահանջելուց, այլ միայն ու միայն մտածեն եվրագավաթային գոտում հայտնվելու մասին: Ի վերջո, թիմի կազմում 3 աշխարհի չեմպիոն կա: Մենդիլիբարը լսեց ու փորձեց հարմարվել բոլորին՝ կատարելով նաև հոգեբանի գործառույթներ: Ու ամեն ինչ փոխվեց առաջին հաղթանակներից հետո: Վստահությունը եկավ, իսկ Լա լիգա 2-ում հայտնվելն արդեն չէր վախեցնում ոչ ոքի:
Երբ Մենդիլիբարը գլխավորեց «Սևիլիան», թիմին վտանգավոր գոտուց 2 միավոր էր բաժանում: Այժմ անդալուզցիների՝ Լա լիգա 2 նահանջելը մաթեմատիկորեն անհնար է:
Պարզ խաղային համակարգ
«Սևիլիայի» խաղացողներն առիթը բաց չեն թողնում ընդգծելու Մենդիլիբարի՝ ֆուտբոլի մասին ունեցած խոր, բայց նաև շատ պարզ պատկերացումները: Թիմի նախկին մարզիչներն ունեին իրենց «կնճռոտ» մեթոդները, ունեին տաքարյուն բնավորություն, իսկ նրանց օրոք թիմի խաղային համակարգն ուներ բարդ առանձնահատկություններ, մինչդեռ Մենդիլիբարի մոտեցումը շատ ավելի պարզ է: Չկա որևէ լարվածություն՝ թե՛ միջանձնային հարաբերություններում, թե՛ մարզումային գործընթացներում:
Մենդիլիբարի հիմնական պահանջը մեկն է՝ խաղալ առավելագույն ինտենսիվությամբ: Բասկ մասնագետը ծանոթացել է կազմին ու հասկացել, որ այս ֆուտբոլիստներից լավագույնը ստանալու ամենահեշտ միջոցը պարզապես էներգիա և ինտենսիվություն ներդնելն է՝ բարձր, ագրեսիվ պրեսինգ և անդադար կատարվող բարձրից փոխանցումներ դեպի տուգանային հրապարակ («Յուվեի» դեմ կիսաեզրափակիչ խաղում 80 (❗) նմանատիպ փոխանցում է կատարվել): Լավ է ստացվում նաև կենտրոնական պաշտպանների՝ գրոհներին միանալը, եթե իհարկե նրանց թիկունքում ապահովագրում են հենակետայինները:
Արդյունքները
Առանց արդյունքների հնարավոր չէ արդյունավետ բանեցնել գաղափարները, հնարավոր չի լինի նաև հրաշքներ գործելը: Լավ խաղից բացի, այս «Սևիլիան» կարողանում է նաև դրական արդյունքներ գրանցել: Երբեմն հենց Մենդիլիբարը խոստովանում է, որ իրեն դուր չի գալիս այն, ինչ տեսնում է խաղադաշտում, բայց այսպիսի իրավիճակում գլխավորը արդյունքն է, հատկապես՝ Իսպանիայի առաջնությունում:
Մենդիլիբարի գլխավորությամբ «Սևիլիան» Լա լիգայում անցկացրել է 9 հանդիպում, տարել 6 հաղթանակ, գրանցել 3 ոչ-ոքի ու կրել 1 պարտություն: Եթե Իսպանիայի առաջնության հաշվարկը սկսվեր Մենդիլիբարի ժամանումից հետո, ապա անդալուզյան թիմը կհռչակվեր Իսպանիայի չեմպիոն, քանի որ իր ցուցանիշներով գերազանցում է նույնիսկ առաջատար «Բարսելոնային»: Եվրոպա լիգայում էլ թիմն անպարտելի է մնացել ՄՅՈՒ-ի ու «Յուվենտուսի» դեմ 2 արտագնա խաղերում, իսկ պատասխան խաղերում լուծել է բոլոր հարցերը:
Ընդհանուր՝ 13 խաղ և ընդամենը 1 պարտություն: Անհավանական է թվում:
Դիպուկ որոշումներն ու փոփոխությունները
Մենդիլիբարի վերաբերյալ շատ է մատնանշվում այն հանգամանքը, որ նա չի սիրում «դիպչել» կազմին, անվերապահ վստահում է այն ֆուտբոլիստներին, որոնց ընդգրկել է մեկնարկային կազմում, և նրանց հիմնականում փոխարինում է ավելի շատ ֆուտբոլիստների հոգնածության պատճառով, քան տակտիկական փոփոխություններ կատարելու մտադրությամբ: Բայց նույնիսկ այդքան քիչ միջամտելով՝ Մենդիլիբարը փոփոխություններ կատարելիս միայն ու միայն բարելավում է իրավիճակը: «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մրցավեճում Մարկաոն վնասվածք ստացավ, երբ հաշիվը դեռ 1-0 էր՝ հօգուտ «Սևիլիայի»: Պաշտպանի փոխարեն մեկ այլ պաշտպանի խաղադաշտ դուրս բերելու փոխարեն մարզիչը որոշում կայացրեց օգտագործել Սուսոյին: Ավելի շատ հարձակում, ավելի շատ գրոհներ և ավելի մեծ հնարավորություններ: Արդյունքում՝ Մենդիլիբարի համարձակությունը պարգևատրվեց խոշոր հաշվով հաղթանակով:
«Յուվենտուսի» դեմ խաղում էլ, երբ թիմը պարտվում էր, Մենդիլիբարը կրկին ժամանակին ճիշտ փոփոխություն կատարեց. Սուսոն մտավ խաղադաշտ և... Գոլա՜սո: Նաև, իհարկե, Էրիկ Լամելայի փոխարինումն աշխատեց՝ Լուկաս Օկամպոսի փոխարեն. ևս մեկ գոլ:
Նրա 2 փոփոխությունները «Սևիլիային» ԵԼ-ի եզրափակիչի ուղեգիր ապահովեցին: Մենդիլիբարը չի սիրում 5 փոփոխություն կատարել մեկ խաղի ընթացքում: Հիմնականում սահմանափակվում է 2-3-ով: Այդքանն էլ նրան բավարար է:
Ֆուտբոլիստների փայլուն մարզավիճակը
Եվ, ամենակարևորը, թիմի կազմն արթնացավ: Մենդիլիբարի գալուց հետո գրեթե բոլոր ֆուտբոլիստները ցույց են տալիս իրենց լավագույն որակները: Ընդ որում՝ Մենդիլիբարն օգտագործում է իր տրամադրության տակ եղած բոլոր ֆուտբոլիստներին: Օրինակ՝ «Յուվենտուսի» դեմ խաղի համեմատ՝ անդալուզյան դերբիում Մենդիլիբարը 8 փոփոխություն էր կատարել մեկնարկային կազմում, ու միևնույն է՝ թիմը շարունակում է ցույց տալ նույն մակարդակի ֆուտբոլ: 62-ամյա մասնագետը կարողացել է վերակենդանացնել Օկամպոսին, Սուսոյին ու Օլիվեր Տորեսին: Իվան Ռակիտիչին տվել է կատարյալ ազատություն, ու խորվաթ կիսապաշտպանը երկրորդ շունչ է առել: Նույնը կարելի է ասել Ֆերնանդոյի մասին:
Հրաշալի մարզավիճակում են թիմի ամենակարևոր ֆուտբոլիստներից երկուսը՝ Յասին Բունուն և Յուսեֆ Էն-Նեսիրին: Երկուսն էլ հունվարին՝ հրաշալի Մունդիալ անցկացնելուց հետո, ունեին առաջարկներ տարբեր ակումբներից, բայց նրանք մերժեցին բոլոր առաջարկները՝ դժվարին իրավիճակում մնալով «Սևիլիայում»: Եվ այժմ Մենդիլիբարն օգնում է նրանց ստանալ արժանի վարձատրություն: Մարոկկացիները արդեն մեկ անգամ խաղացել են ԵԼ-ի եզրափակիչում ու նույնիսկ նվաճել գավաթը: Էն-Նեսիրին, առհասարակ, Մունդիալի ավարտից հետո 14 գոլ է խփել ու ճանաչվել է Լա լիգայի՝ ապրիլի լավագույն ֆուտբոլիստ:
Յուրաքանչյուր ֆուտբոլիստ վստահ է, որ իր պահը նույնպես գալու է: Մենդիլիբարը կարիերայի ընթացքում իր տրամադրության տակ երբեք չի ունեցել նման հավասարակշռված ու երկար պահեստայինների նստարանով կազմ: Ու այժմ վայելում է իր այդ արտոնությունը: Մենդիլիբարը 2 ամիս առաջ աշխատանք չուներ, իսկ այժմ իր մարզչական կարիերայի մեծագույն նվաճման շեմին է: