Logo

Կնախանձեր նույնիսկ Անգլիայի Պրեմիեր լիգան․ Ո՞վ կդառնա չեմպիոն եռակողմ կռվում

Հեղինակ
Արման Աբելյան
12:47 / 13.05.2024ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Իսպանիայում, Իտալիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում վաղուց հայտնի են չեմպիոնները: Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքին 3 թիմ էր մասնակցում, սակայն «Լիվերպուլն» այլևս պայքարում չէ․ տիտղոսը վիճարկում են «Մանչեսթեր Սիթին» ու «Արսենալը»: Բայց կա մի լիգա, որը պատրաստ է մատուցել 3 թիմից բաղկացած թեժ չեմպիոնական մրցավազք: Հուրախություն հայ երկրպագուներին՝ դա Հայաստանի Պրեմիեր լիգան է:

Մրցաշրջանի ավարտին 3 տուր է մնացել․ «Նոան» ունի 74 միավոր, «Փյունիկը»՝ 73, «Արարատ-Արմենիան»՝ 71: Վերջին տարիներին անզիջում չեմպիոնական պայքար Հայաստանում էլի եղել է, սակայն վերջնամասում պայքարում 2 թիմեր են մնացել: Հիմա այդպես չէ: Եթե «Նոան» դառնա չեմպիոն, կստացվի, որ Հայաստանի Պրեմիեր լիգան վերջին 5 մրցաշրջաններում հաղթել են 5 տարբեր թիմեր՝ «Արարատ-Արմենիա», «Ալաշկերտ», «Փյունիկ», նախորդ մրցաշրջանում՝ «Ուրարտու»:

VNews-ը փորձել է պարզել՝ ի՞նչ շանսեր ունեն չեմպիոնական պայքարի թիմերը, որո՞նք են առավելությունները և թերություններն ու ի՞նչ մրցակցություն է սպասվում վերջին 3 տուրում:

«Նոա»

Ինչի՞ շնորհիվ կարող է չեմպիոն դառնալ

«Նոան» գարնանը միայն 1 անգամ է պարտվել («Շիրակ»), հաղթել է մնացած 12 խաղից 10-ում: Իսպանացի Կառլոս Ինառեխոսի թիմը բավականին կայուն է, թեև երկար ժամանակ խաղային առումով չէր տպավորում: Սակայն թիմը վերջին 1-2 ամսում խաղի որակի առաջընթաց ունի: «Նոան» շատ է գնդակ վերահսկում, սիրում է կենտրոնում և կիսաեզրերում առավելություն ստեղծել մրցակիցների նկատմամբ ու այդպես հաջողության հասնել: Առաջնության գլխավոր ռմբարկուն հենց «Նոայից» է՝ Արթուր Միրանյանը՝ խփած 22 գոլով: Հայաստանի հավաքականի հարձակվողը թիմի համար շարունակում է կարևոր գոլեր խփել և հսկայական օգուտ տալ խաղային բոլոր առումներով: Հատկապես հիշարժան է ապրիլին «Վանի» դեմ խաղի վերջին վայրկյաններին խփած հրաշալի գոլը (1-0):

«Չտեսնված» երևույթ Հայաստանում․ Ֆուտբոլիստ, որ սառույց է կոտրում

Այս թիմն արդեն 16 գոլ է խփել ստանդարտ իրավիճակներից (չհաշված 11-մետրանոցները), ինչը լավագույն ցուցանիշն է առաջնությունում: Լավ մարզավիճակում են թիմի նաև մյուս փորձառու ֆուտբոլիստները՝ Օգնյեն Չանչարևիչ, Հովհաննես Համբարձումյան, Ալեքսանդր Միլյկովիչ: Վերջին ամիսներին նկատելի առաջընթաց ունեն կիսապաշտպաններ Գոռ Մանվելյանն ու Ջասթին Մեթյուն, որոնք տեխնիկապես ուժեղ խաղացողներ են: «Նոայի» խաղին մեծ բալանս է տալիս հենակետային կիսապաշտպան Մարտիմ Մայան, որը հատկապես լավ է սկսում գրոհները: 

Ի՞նչը կարող է խանգարել չեմպիոն դառնալ

«Նոան» վերջին 3 տուրում խաղալու է թե՛ «Արարատ-Արմենիայի», թե՛ «Փյունիկի» դեմ: Այս 2 խաղերը մեծ փորձություն են լինելու երևանյան թիմի համար: Կա նաև մարզչի գործոնը․ Ինառեխոսը 3 տարի առաջ «Ալ Շաբաբի» ղեկին Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն է դարձել, սակայն նա առաջին անգամ է հենց Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնական պայքարում: Նրա մրցակիցներ Եղիշե Մելիքյանն ու Վարդան Մինասյանը մեկ անգամ չէ, որ անցել են այս ամենի միջով և զգացել չեմպիոնության համը:

Չնայած «Նոան» գոլային պահեր ստեղծելու խնդիր հիմնականում չի ունենում, սակայն իր վերջին 5 հաղթանակները գրանցել է նվազագույն առավելությամբ, 4-ում՝ 1-0 հաշվով: Միրանյանն արդարացնում է իրեն, բայց որոշ խաղերում, հնարավոր է, արգելակի, ինչպես եղավ «Շիրակի» դեմ պարտված մրցավեճում: «Նոայի» համար մեծ կորուստ է նաև այն, որ մեկ ամիս է՝ թիմին չի օգնում հոլանդացի հարձակվող Պաուլ Գլադոնը (9 գոլ), որը վնասվածք ունի: Առաջատարը փաստացի մեկ հարձակվողով է մնացել: Այս պարագայում արդյունավետություն պետք է սպասել նաև վինգերներից: Օրինակ՝ Էդգար Մովսեսյանն արդեն 8 գոլ է խփել, իսկ Իլիաս Ալհաֆթը՝ 5, թեպետ վերջինս բոլոր գոլերը 2023-ին է գրանցել:

«Փյունիկ»

Ինչի՞ շնորհիվ կարող է չեմպիոն դառնալ

Եղիշե Մելիքյանի թիմն անպարտելի է վերջին 9 խաղում, որից 6-ում հաղթել է: «Փյունիկը» չափազանց կայուն է վերջին 3 տարում ու մնում է առաջնության ամենամարզչական թիմը: Այն տակտիկապես շատ ճկուն է և կրկին յուրովի է մոտենում ցանկացած հանդիպման: Իհարկե, անցյալ տարվա վերջում ու այս տարվա սկզբում եղավ արդյունքների որոշակի անկում, բայց դա արդեն հաղթահարվել է: Բացի այդ, «Փյունիկը» չէր կորցրել իր խաղի որակը, պարզապես կային որոշ վնասվածքներ: Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը նաև սկսել էր «ոչ պարտադիր» դրություններում գոլեր ընդունել, ինչը ևս կարգավորվել է: Յուսուֆ Օտուբանջոն 19 գոլով առաջնության երկրորդ ռմբարկուն է: Նիգերիացի հարձակվողը նախորդ մրցաշրջանի պես էլի հրաշալի է հանդես գալիս ամենաորոշիչ պահին:

Հաճախ կարելի է նկատել, որ ֆուտբոլիստներն այս թիմ գալուց հետո մարզավիճակի մեծ աճ են գրանցում: Դա տեղի ունեցավ նաև կիսապաշտպան Սոլոմոն Ուդոյի հետ: Թիմում կարևոր դեր է ստանձնել նաև բրազիլացի վինգեր Վագները: Իհարկե, հսկայական է թիմի առաջատարներ Հովհաննես Հարությունյանի ու Արտակ Դաշյանի դերը, որոնք գարնանը տարբեր ժամկետներով բացակայեցին վնասվածքների պատճառով: Նույնը վերաբերում է նաև կենտրոնի մյուս ֆուտբոլիստներ Եվգենի Կոչուկին ու Լուկաս Վիլելային: Հիմա նրանք բոլորը պատրաստ են մրցաշրջանի կարևոր փուլում օգնելու թիմին: «Փյունիկը» 15 գոլ է խփել ստանդարտներից (չհաշված 11-մետրանոցները), իսկ անկյունայիններից գրանցած 9 գոլն ամենաբարձր ցուցանիշն է:

Ի՞նչը կարող է խանգարել չեմպիոն դառնալ

Թիմին էլի հանգիստ չեն տալիս վնասվածքները․ հիմա էլ շարքից դուրս են մնացել 3 հարձակվողները՝ Սերժ Դեբլե, Լուկա Յուրիչիչ, Սեմ Հենդրիքս: Դեբլեն Հայաստան վերադառնալուց հետո այդպես էլ չհասցրեց լիարժեք օգուտ տալ և շատ գոլեր խփել: Մելիքյանը վնասվածքների մեծ թիվը կապում է նրա հետ, որ «Փյունիկը» խաղում և մարզվում է արհեստական խոտածածկով խաղադաշտում, քանի որ բոլորն էլ ծնկի խնդիրներ են ունենում: Ամեն դեպքում, փոխչեմպիոնը վերջին 3 խաղում 12 գոլ է խփել: Խաղացանկն էլ հարաբերականորեն է հեշտ: «Նոայից» բացի, պետք է խաղալ նաև ԲԿՄԱ-ի և Գյումրիում «Շիրակի» դեմ: Գյումրեցիներն այս տարի հասցրել են ոչ-ոքի խաղալ «Փյունիկի» հետ: Այս առաջնությունում հեշտ մրցակից պարզապես չկա:

«Փյունիկն» անմիջական մրցակիցների հետ վերջին 5 խաղերից միայն 1-ում է հաղթել, 3-ում ոչ-ոքի գրանցել: «Նոայի» դեմ նախորդ խաղում Մելիքյանի թիմը վերջնամասում բաց թողեց հաղթանակը (1-1): Սա կարևոր է, որովհետև «Նոայի» դեմ մայիսի 21-ին կայանալիք խաղում «Փյունիկին» պարտադիր հաղթանակ է պետք լինելու: Հարկավոր կլինի տրամադրվել ու չկրկնել նախորդ մրցաշրջանի չեմպիոնական խաղի սխալը: «Փյունիկն» այդ ժամանակ ամենակարևոր պահին լավ չխաղաց և պարտվեց «Ուրարտուին»: Սակայն «Նռնագույնները» փորձառու թիմ են ու այս անգամ դժվար թե տրամադրվելու առումով խնդիր ունենան:

«Արարատ-Արմենիա»

Ինչի՞ շնորհիվ կարող է չեմպիոն դառնալ

Վարդան Մինասյանի թիմն անպարտելի է վերջին 8 խաղում, որից 7-ում հաղթել է: «Արարատ-Արմենիան» վերջին 1-2 ամսվա կտրվածքով չեմպիոնական մրցավազքի թիմերից ամենալավ մարզավիճակում է: Խոսքը ոչ միայն արդյունքների, այլև ցուցադրած խաղի բարձր որակի մասին է: Զգալի առաջընթաց կա գնդակի վերահսկողության, պրեսինգի, հակապրեսինգի ու մնացած առումներով: Մինասյանի թիմն ամենաշատն է գոլային պահեր ստեղծում: Մայիսի 12-ին առաջին անգամ Հայաստանի գավաթակիր դարձած երևանյան ակումբը գարնանը 3 մրցավեճում հաղթանակ կորզեց ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ, «Փյունիկի» դեմ էլ վերջնամասում ոչ-ոքի գրանցեց (2-2), ինչը ևս խոսում է բնավորության մասին: Առհասարակ, «Արարատ-Արմենիան» վերջնամասերում (76-րդ րոպեից հետո) ամենաշատ գոլ խփող թիմն է (20):

Նորընծա գավաթակրի ձմեռային սելեկցիան հաջողված էր: Թիմային պաշտպանության որակը լավն է, բայց, առաջին հերթին, տպավորում է հարձակման գիծը: Ֆանտաստիկ մարզավիճակում գտնվող նիգերիացի վինգեր Տենտոն Յենեն 16 գոլ է խփել ու 7 գոլային փոխանցում կատարել: Գվինեացի հարձակվող Մոհամեդ Յատարան 17 գոլի հեղինակ է դարձել: Հիանալի մարզավիճակում են նաև վինգերներ Ժիրայր Շաղոյանը, Արթուր Սերոբյանն ու Ջոնաթան Դուարտեն, լավ է զգում իրեն նաև արգենտինացի հարձակվող Ալեքսիս Ռոդրիգեսը: Համալրված են նաև պաշտպանական և կիսապաշտպանական գծերը: Կարեն Մուրադյանն ու Ալվին Թերան մեծ ուժ են կենտրոնում, իսկ Արմեն Համբարձումյանը թիմի ամենախելացի կիսապաշտպաններից և առաջատարներից մեկն է:

Ի՞նչը կարող է խանգարել չեմպիոն դառնալ

Եթե «Նոան» հաղթի իր մնացած բոլոր խաղերում, ապա չեմպիոն կդառնա: Եթե «Փյունիկը» հաղթի իր մնացած մրցավեճերում, ապա չեմպիոն կհռչակվի: Ի տարբերություն նրանց՝ «Արարատ-Արմենիան» կախում ունի մրցակիցներից: Նախևառաջ պետք է հաղթել «Նոային» ու միավորներով հավասարվել նրան, հետո էլ սպասել «Փյունիկի» սայթաքումներին: «Արարատ-Արմենիան» արդեն 2 անգամ պարտվել է «Նոային», այս տարվա սկզբին էլ կորցրել է կարևոր միավորներ, որոնք կարող են թանկ արժենալ:

Մեծ է ճնշումը թիմի վրա, որովհետև «Արարատ-Արմենիայի» պես ակումբը 2020-ից հետո Հայաստանի չեմպիոն չի դարձել: Եվ, բացի Մինասյանից, այլ մարզչի չի հաջողվում մեկ մրցաշրջանից ավելի աշխատել այստեղ: Թիմին հոգեբանորեն շատ կօգնի այս կարևոր հատվածին Հայաստանի գավաթակիր դառնալուց հետո մոտենալը: Առաջնության վերջնամասում, «Նոայի» դեմ առաջիկա խաղից զատ, շատ ծանր են լինելու նաև «Շիրակի» ու «Ալաշկերտի» դեմ հանդիպումները: Հետաքրքիր կլինի տեսնել՝ ինչպես է «Արարատ-Արմենիան» օգտվում մրցաշրջանի վերջնամասի իր մարզավիճակից ու արդյոք պատրաստ կլինի օգտվելու անմիջական մրցակիցների հնարավոր սայթաքումներից: