Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը գրառում է կատարել սոցցանցերում՝ շախմատային հանրության ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։
«Սիրելի ընկերներ, գրում եմ ձեզ հարգանքով, շփոթությամբ և իմ զգացմունքները ձեզ հետ կիսելու ցանկությամբ:
Ես գրում եմ ձեզ այն մասին, ինչի մասին մտածում եմ ամեն օր, և գրում եմ ինձ հարազատ լեզվով` ռուսերենով, քանի որ հուսով եմ՝ դա ինձ թույլ կտա պարզ արտահայտվել:
Ստեփանակերտ քաղաքը, որտեղ ապրում են ինձ համար հարազատ մարդիկ, և ամբողջ Արցախը, 9 ամսից ավելի շրջափակման մեջ է։ Սա նշանակում է, որ այնտեղ գործնականում չի մատակարարվում սննդամթերք, այդ թվում՝ երեխաների բնականոն զարգացման համար անհրաժեշտ մթերք, դեղամիջոցներ, այդ թվում՝ սրտի հիվանդության հետ կապված խնդիրներ ունեցող տարեցների համար:
Աշխարհն արդեն սկսում է օգտագործել «ցեղասպանություն» բառը։ Եվ սա 21-րդ դարում։
Շրջափակումը պայմանավորված չէ անհրաժեշտությամբ, ռազմավարական նշանակությամբ կամ որևէ այլ պատճառով։ Ընդհանրապես, դժվար է նշել, թե որն է պատճառը, երբ հասարակ մարդիկ զրկված են ամենաանհրաժեշտից, առաջին հերթին՝ սնունդ և նաև գազ և էլեկտրականություն։
Ես հավատում եմ, որ հասարակ ադրբեջանցիներին այս շրջափակումը պետք չէ։ Սա պարզապես մի մասն է մի մարդու վարքագծի, որն իրեն վեր է դասում Աստծո օրենքից և համընդհանուր բարոյականությունից: Մարդ, որն իմ ժողովրդին շներ է անվանում։ Այս մարդու անունն Իլհամ Ալիև է։
Չեմ կարծում, որ մարդկային որակները որոշվում են ազգությամբ։ Բոլոր ազգերում կան վատ և լավ մարդիկ, սա առաջնային չէ:
Բայց կան լավ մարդիկ, ովքեր լռում են, քանի որ վախենում են վատերից։ Ես հոգնել եմ լռելուց և կարծում եմ, որ մարդիկ, ովքեր կարեկցում են և չեն կարողանում դիտել, թե ինչպես է սովամահ լինում 120 հազար մարդ, մեծամասնություն են կազմում:
Դիմում եմ իմ գործընկեր գրոսմայստերներին։ Մենք իրավունք չունենք մեր լռությամբ արդարացնել տեղի ունեցողը։ Եվ վստահ եմ, որ իմ ադրբեջանցի գործընկերներն ամենևին էլ հետաքրքրված չեն այն անմարդկային իրավիճակով, որն Իլհամ Ալիևը ստեղծում է ղարաբաղցիների համար։
Եկեք արթնանանք, ժողովո՛ւրդ։ Մենք չենք կարող մեր լռությամբ թույլ տալ, որ տեղի ունենա մի բան, որի համար մարդկությունը դարեր շարունակ ամաչելու է: Մենք պարտավոր ենք խոսել կատարվածի մասին և փորձել հասնել նրանց, ովքեր կարող են փոխել այս ամոթալի իրավիճակը։
Սիրով, Ձեր Լևոն»,- սոցցանցերում գրել է Արոնյանը: