Logo

«Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ»․ Անգլիական գահը նվաճելու համար արքային գահընկեց անելու փորձ

Հեղինակ
Էռնեստ Շաբոյան
14:48 / 29.03.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի կենտրոնական խաղում կհանդիպեն առաջատար «Արսենալն» ու գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», որը մեկ միավոր է զիջում լոնդոնյան ակումբին և երրորդ տեղում է։

VNews-ը ներկայացնում է հանգստյան օրերի գլխավոր հանդիպման անոնսը։

Միջազգային դադարից հետո ակումբային ֆուտբոլը վերադառնում է շքեղ վերնագրով: «Մառախլապատ ալիբիոնում» «Մանչեսթեր Սիթին» ընդունելու է «Արսենալին»:

Մրցաշարային աղյուսակում կրքերը ծայրաստիճան լարված են: Լավագույն եռյակն այնքան խիտ է դասավորվել, որ անգամ աննշան թվացող սայթաքումը կարող է վերջ դնել չեմպիոնական նկրտումներին:

Ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում «Զինագործներն» «Էմիրեյթսում» տնային հաղթանակ կորզեցին 86-րդ րոպեին: Սակայն այդ ժամանակ «Սիթին» այն ընթացքը չէր հավաքել, ինչպես այժմ: Բայց «Արսենալն» էլ ալիքի վրա է, այնպես որ, թիմերի գերազանց մարզավիճակն ավելի է հետաքրքրացնում խաղը:

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը վերջին անգամ պարտվել է նախորդ տարվա դեկտեմբերին: Պեպ Գվարդիոլայի թիմն առանց պարտությունների շարքը հասցրել է 13-ի: Այս ընթացքում բարդ հանդիպումներ եղան «Լիվերպուլի», «Չելսիի», անգամ «Քրիսթալ Փելասի» հետ, բայց ամեն անգամ չեմպիոնն ապացուցում էր բարձր կարգը: Խոսքը միայն կամային որակների մասին չէ: «Քաղաքաբնակները» նույնիսկ բարդ դասավորվող խաղերում չեն շեղվում ուղեծրից, նրանք շարունակում են ջլատել մրցակցին, իսկ մնացածն անում է ժամանակը:

«Արսենալն» արդեն վաղուց թրծվել է թեժ մարտերում: Միկել Արտետան բազմաթիվ լաբորատոր փորձարկումներից հետո ստացել է այն պատվաստանյութը, որը կարողանում է կիրառել երբեմնի ուսուցչի և գաղափարակցի հետ մենամարտերում:

«Զինագործները» զինված են մեծ համբերությամբ, նրանք նույնպես կարողանում են սպասել, բայց երբեմն այնպիսի խելահեղ տեմպ են հաղորդում խաղին, որ մրցակիցները զրկվում են թթվածնից:

Հանուն արդարության պետք է նշել, որ «Սիթին» վերջին շրջանում այնքան էլ արդյունավետ չէ Պրեմիեր լիգայում: Այո՛, մանչեսթերյան դերբիում կապույտ թիմը 3 գոլ խփեց, սակայն այժմ «Յունայթեդին» 3 գոլ խփելն այնքան հեշտ է, որքան «Ֆասթ Թիվի» հավելվածը ներբեռնելը: Պետք է հաշվի առնել նաև դաժան գրաֆիկը, իսկ նման պայմաններում քչերն են կարողանում գոյատևել:

«Արսենալն» այս հատվածում չէր խնայում ոչ մեկին: Արտետայի ֆուտբոլիստներն ագահ են և չեն հագեցնում գոլաին ծարավը: Նախորդ 5 խաղում մայրաքաղաքայինները 23 գոլ են խփել և բաց են թողել ընդամենը երկուսը:

Վիճակագրական տվյալներով «Արսենալն» իրավամբ առաջատարն է՝ 20 հաղթանակ, 70 խփած և 24 բաց թողած գոլ: «Սիթին» մեկ հաղթանակ պակաս ունի, 63 գոլ է խփել, բաց է թողել 28-ը: Այս ցուցանիշով Գվարդիոլայի կոլեկտիվը զիջում է նաև երկրորդ տեղում ընթացող «Լիվերպուլին»:

Տնային խաղերում Մանչեսթերի կապույտ հատվածը 10 հաղթանակ է տարել, իսկ հյուսիսլոնդոնյան թիմը՝ 11, արտագնա մրցավեճերում հավասարություն է՝ 9-9:

Հետաքրքիր է նաև երկու թիմերի առաջատարների վիճակագրությունը.

Բուկայո Սական, որը հրաշալի մրցաշրջան է անցկացնում, Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 13 գոլ է խփել և 7 ասիստ է կատարել: 22-ամյա տաղանդը միջինը մեկ խաղում մրցակիցների դարպասը գրավում է 0.51 անգամ, իսկ արդյունավետ փոխանցումով աչքի է ընկնում միջինը 0.28 անգամ:

Անգլիացին այս ընթացքում կատարել է 48 հարված, որից 28-ը` մրցակիցների դարպասի ուղղությամբ: Ընդհանուր 1047 փոխանցում, որից 871-ը ճշգրիտ, 75 արագացում գնդակով՝ 32-ը հաջող: Գերազանց արդյունք է, այնպես չէ:

Գվարդիոլայի բլոքբասթերի այս եթերաշրջանի հերոս Ֆիլ Ֆոդենը 11 գոլ է խփել և 7 գոլային փոխանցում է կատարել: Անգլիացին միջինը մեկ խաղում գոլով աչքի է ընկնում 0.43 անգամ, ասիստով՝ 0.27: 50 հարված, որից 35-ը դարպասի ուղղությամբ, 1323 փոխանցում, որից 1174-ը հասել է նպատակին, 73 դրիբլինգ, 37-ը՝ հաջող:

«Արսենալը» երբեք այսքան ագրեսիվ չի եղել, լոնդոնյան գրանդն այս անգամ լուրջ արշավանք է ձեռնարկել անգլիական գահը նվաճելու և երբեմնի փառքը վերադարձնելու համար, բայց դրա համար հարկավոր է գահընկեց անել արքային:

Այս ուիքենդի գլխավոր դիմակայությունը «Ֆաստ Սոպորտի» ուղիղ եթերում կլինի կիրակի՝ ժամը 19:30-ին: