Logo

Մատենադարանում տեղի է ունեցել «Պատկերի պոեզիան» խորագրով ցուցադրության բացումը

17:32 / 03.05.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Մաշտոցյան Մատենադարանում տեղի է ունեցել «Պատկերի պոեզիան» խորագրով ցուցադրության բացումը` նվիրված պարսկահայ նկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին, հայտնում է Մատենադարանի ֆեյսբուքյան էջը։

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն այս ցուցադրությունը համարել է երկու քաղաքակրթությունների ու մշակութային պատկանելության համերաշխության դրսևորում։ Միևնույն ժամանակ այն արտացոլում է Մատենադարանի տնօրենության որդեգրած քաղաքականությունը՝ դիվերսիֆիկացնել ցուցադրությունները։ «Պատկերի պոեզիան» ցուցադրությանը բացառիկ ձեռագրական ցուցանմուշներից բացի առաջին անգամ պահոցներից հանվել ու հանրությանն են ներկայացվում Անդրե Սևրուգյանի ստեղծագործական տարբեր փուլերին պատկանող հաստոցային գեղանկարներ։

Ցուցադրությունը կայացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների հետ համագործակցությամբ, ինչպես նաև Հայաստանի պատմության թանգարանի, Երևանի պետական համալսարանի պատմության թանգարանի, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Հայոց ցեղասպանության թանգարան-իստիտուտի, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի, Սարդարապատի հուշահամալիրի, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի մասնակցությամբ։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Տեր Սևակ քահանա Սարիբեկյանը և Մատենադարանի թանգարանային մասի ղեկավար` Իվեթ Թաջարյանը։