Logo

Մերոնք դրսում․ Սպասվող խաղերի ժամանակացույցը և ոչ միայն

Հեղինակ
Սուրեն Մելիքսեթյան
18:07 / 29.03.2024Ֆուտբոլ
null

Vnews-ը ներկայացնում է արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների` այս շաբաթվա ընթացքում սպասվող հանդիպումների ժամանակացույցը և հետաքրքիր տեղեկություններ։

Ավենտիս Ավենտիսյան

Խորվաթիայի Երկրորդ լիգա, 24-րդ տուր, «Սոլին» - «Յարուն» (Մարտի 29, Երևանի ժամանակով 18։30)

«Յարունը» 23 խաղից հետո 30 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Սոլինը» 17 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Թիմերի միջև նախորդ 3 խաղում «Յարունը» 1 անգամ հաղթել է, 2 խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի։ Պաշտպան Ավենտիս Ավենտիսյանը, որը Հայաստանի երիտասարդական հավաքականում մասնակցեց Չեռնոգորիայի և Ռումինիայի դեմ խաղերին, «Յարունի» կազմում 3 հանդիպում է անցկացրել։

Արթուր Քարտաշյան

Վրաստանի առաջնություն, 5-րդ տուր, «Կոլխեթի» - «Թելավի» (Մարտի 29, Երևանի ժամանակով 20։00)

«Կոլխեթին» 4 տուրից հետո 5 միավորով 6-րդ տեղում է, իսկ «Թելավին» 3 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը։

Թիմերը Վրաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում 4 անգամ են հանդիպել, բոլորը՝ 2019 թվականին։ Խաղերից 3-ում հաղթել է «Թելավին», 1-ում՝ «Կոլխեթին»։ Ձմռանը «Թելավի» տեղափոխված Արթուր Քարտաշյանը դեռևս նորամուտը չի նշել վրացական ակումբում։

Խորեն Բայրամյան

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 22-րդ տուր, «Դինամո» - «Ռոստով» (Մարտի 29, Երևանի ժամանակով 20։30)

«Դինամոն» 20 խաղից հետո 38 միավորով երրորդ տեղում է, իսկ «Ռոստովը» նույնքան խաղում վաստակել է 27 միավոր և զբաղեցնում է 10-րդ տեղը։

Գարնանային հատվածի մեկնարկային 2 խաղում հաղթելուց հետո «Դինամոն» նախորդ տուրում պարտվեց «Զենիթին»։ «Ռոստովը» ևս մրցաշրջանի վերսկսումից հետո 2 անընդմեջ հաղթանակ տարավ, որից հետո պարտություն կրեց ԲԿՄԱ-ից։ Խորեն Բայրամյանը 3 խաղում էլ եղել է «Ռոստովի» մեկնարկային կազմում, սակայն բոլոր դեպքերում փոխարինվել է։

Ստյոպա Մկրտչյան

Խորվաթիայի առաջնություն, 28-րդ տուր, «Սլավեն Բելուպո» - «Օսիեկ» (Մարտի 29, Երևանի ժամանակով 21։00)

«Սլավեն Բելուպոն» 27 միավորով 10 թիմերի մեջ զբաղեցնում է 8-րդ տեղը, իսկ «Օսիեկը» 36 միավորով 5-րդն է։

Չեխիայի հավաքականի դեմ ընկերական խաղին մասնակցած Ստյոպա Մկրտչյանն «Օսիեկի» նախորդ 2 խաղում մնացել է պահեստայինների նստարանին։ «Սլավեն Բելուպոն» նախորդ 6 խաղում վաստակել է ընդամենը 1 միավոր, իսկ «Օսիեկը» նախորդ 5 պաշտոնական մրցավեճից 2-ում ոչ-ոքի է խաղացել և կրել 3 պարտություն։

Գևորգ Նաջարյան

Ղազախստանի առաջնություն, 3-րդ տուր, «Ատիրաու» - «Ժետիսու» (Մարտի 30, Երևանի ժամանակով 15։00)

«Ատիրաուն» 2 տուրից հետո 2 միավորով 8-րդ տեղում է, իսկ «Ժետիսուն» նախորդ 2 խաղում պարտություն է կրել։

Գևորգ Նաջարյանն «Ատիրաուի» կազմում մասնակցել է առաջնության մեկնարկային 2 խաղերին, որոնցից մեկում կատարել է աջ լատերալի, մյուսում՝ աջ պաշտպանի պարտականություններ։

Վարազդատ Հարոյան

Չինաստանի Սուպերլիգա, 3-րդ տուր, «Ցինդաո Ուեստ Քոսթ» - «Ցինդաո Հայնյու» (Մարտի 30, Երևանի ժամանակով 15։35)

«Ցինդաո Ուեստ Քոսթն» առաջնության մեկնարկային 2 տուրում 1 միավոր է վաստակել, իսկ «Ցինդաո Հայնյուն» 2 խաղում էլ պարտվել է։

Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը, որը մասնակցեց Կոսովոյի և Չեխիայի դեմ ընկերական խաղերին, «Ցինդաո Ուեստ Քոսթի» մեկնարկային կազմում նախորդ 2 հանդիպումներում խաղացել է առանց փոխարինման։ Ազգային հավաքականի խաղերը ներառյալ Հարոյանը 2024 թվականին անցկացրած 4 խաղից 3-ում զգուշացվել է դեղին քարտով։

Հրանտ-Լեոն Ռանոս

Գերմանիայի Բունդեսլիգա, 27-րդ տուր, «Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Ֆրայբուրգ» (Մարտի 30, Երևանի ժամանակով 18։30)

«Բորուսիան» 26 խաղից հետո 28 միավորով 12-րդն է, իսկ «Ֆրայբուրգը» 33 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը։

Մյոնխենգլադբախցիները Բունդեսլիգայի նախորդ 3 խաղում ոչ-ոքի են խաղացել։ Թիմերի միջև կայացած նախորդ 4 խաղը ևս ոչ-ոքի է ավարտվել։ Կոսովոյի և Չեխիայի դեմ խաղերում փոխարինման դուրս եկած Հրանտ-Լեոն Ռանոսը 2024 թվականին «Բորուսիայի» կազմում ստացել է ընդամենը 7 րոպե խաղաժամանակ։

Տիգրան Ավանեսյան և Վալերի Ծառուկյան

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 22-րդ տուր, «Բալթիկա» - «Նիժնի Նովգորոդ» (Մարտի 30, Երևանի ժամանակով 18։30)

«Բալթիկան» 14 միավորով զբաղեցնում է նախավերջին՝ 15-րդ տեղը, իսկ «Նիժնի Նովգորոդը» 28 միավորով 9-րդ տեղում է։

«Բալթիկայի» կիսապաշտպանը 2024 թվականին ռուսական ակումբում դեռևս խաղաժամանակ չի ստացել, սակայն օրերս ամբողջական հանդիպում անցկացրեց Հայաստանի երիտասարդական հավաքականում, իսկ չեխերի դեմ խաղում նորամուտը նշեց ազգային հավաքականում՝ փոխարինման դուրս գալով 80-րդ րոպեին։ Ձմռանը «Նիժնի Նովգորոդ» տեղափոխված Վալերի Ծառուկյանն էլ մասնակցել է նոր ակումբի 2 պաշտոնական խաղերից 1-ին։

Արմեն Հովհաննիսյան

Մալթայի գավաթի խաղարկություն, քառորդ եզրափակիչ, «Մոստա» - «Սլիեմա» (Մարտի 30, Երևանի ժամանակով 19։30)

1/8 եզրափակիչում «Մոստան» 2-1 հաշվով հաղթել է «Վալետային», իսկ «Սլիեման» 1-0 հաշվով առավելության է հասել «Բալցանի» դեմ խաղում։

«Մոստան», որի կազմում խաղում է 24-ամյա հարձակվող Արմեն Հովհաննիսյանը, Մալթայի առաջնության նախորդ 2 խաղում պարտվել է։ Հովհաննիսյանը «Մոստայի» կազմում դարձել է 1 գոլի հեղինակ։

Տիգրան Բարսեղյան

Սլովակիայի առաջնություն, 25-րդ տուր, «Սլովան» - «Պոդբրեզովա» (Մարտի 30, Երևանի ժամանակով 20։30)

«Սլովանը» 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Պոդբրեզովան» 34 միավորով 6-րդ տեղում է։

Թիմերը վերջերս հանդիպեցին նաև գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում, որտեղ «Պոդբրեզովան» հաղթեց 3-1 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Այդ խաղում «Սլովանի» միակ գոլը խփեց Տիգրան Բարսեղյանը։ Գավաթային խաղում պարտվելուց հետո Բրատիսլավայի թիմը ներքին առաջնությունում պարտվեց նաև «Տրնավային»։ Բարսեղյանը մասնակցեց ամբողջ խաղին և զգուշացվեց դեղին քարտով։

Վահան Բիչախչյան

Լեհաստանի առաջնություն, 26-րդ տուր, «Պոգոն» - «Կրակովիա» (Մարտի 30, Երևանի ժամանակով 23։00)

«Պոգոնը» 41 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը, իսկ «Կրակովիան» 12-րդն է 28 միավորով։

«Պոգոնը» Լեհաստանի առաջնության նախորդ 3 խաղից 2-ում ոչ-ոքի է խաղացել և կրել 1 պարտություն, իսկ «Կրակովիան» 2024 թվականին անցկացրած 5 խաղից 4-ն ավարտել է ոչ-ոքի և 1-ում պարտվել։ Վահան Բիչախչյանը մրցաշրջանի գարնանային հատվածում մասնակցել է «Պոգոնի» բոլոր պաշտոնական խաղերին, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։

Լուկաս Սելարայան

Սաուդյան Արաբիայի առաջնություն, 25-րդ տուր, «Ալ Վեհդա» - «Ալ Ֆաթեհ» (Մարտի 30, Երևանի ժամանակով 23։00)

«Ալ Վեհդան» 27 միավորով 12-րդ տեղում է, իսկ «Ալ Ֆաթեհը» 31 միավորով 9-րդն է։

«Ալ Վեհդան» մրցաշրջանի վերսկսումից հետո անցկացրած 5 խաղում չի հաղթել։ Գարնանային հատվածի 5 խաղում հաղթանակ չունի նաև «Ալ Ֆաթեհը», որտեղ խաղում է Լուկաս Սելարայանը։

Նորբերտո Բալեկյան

Արգենտինայի առաջնություն, 12-րդ տուր, «Բոկա Խունիորս» - «Սան Լորենցո» (Մարտի 31, Երևանի ժամանակով 00։00)

«Բոկա Խունիորսը» նախորդ 2 խաղում նույնքան հաղթանակ է տարել և այս պահին 16 միավորով 7-րդ տեղում է, իսկ նախորդ 8 խաղում անպարտելի «Սան Լորենցոն» 9-րդն է։

Նախորդ 3 խաղում «Բոկա Խունիորսը» չի կարողացել հաղթել «Սան Լորենցոյին»։ Կոսովոյի և Չեխիայի հավաքականների դեմ խաղերին մեկնարկային կազմում մասնակցած Նորբերտո Բալեկյանը 2024 թվականին «Բոկա Խունիորսի» կազմում ստացել է ընդամենը 5 րոպե խաղաժամանակ։

Անդրե Կալիզիր

Շվեդիայի առաջնություն, առաջին տուր, ԳԱԻՍ - «Բրոմապոյկարնա», (Մարտի 31, Երևանի ժամանակով 16։00)

Շվեդիայի առաջնությանը մասնակցելու է 16 թիմ։ Նախորդ մրցաշրջանում ԳԱԻՍ-ը Շվեդիայի Երկրորդ լիգայում գրավեց երկրորդ տեղը և նվաճեց ուժեղագույնների խմբի ուղեգիր, իսկ «Բրոմապոյկարնան» զբաղեցրեց 14-րդ տեղը և միայն անցումային խաղերի շնորհիվ տեղը պահպանեց էլիտայում։

Հայաստանի հավաքականի պաշտպան Անդրե Կալիզիրը «Բրոմապոյկարնայի» կազմում նախորդ 4 խաղում կատարել է հենակետային կիսապաշտպանի պարտականություններ։ 33-ամյա ֆուտբոլիստը մասնակցեց Կոսովոյի և Չեխիայի դեմ խաղերին, իսկ չեխերի դեմ խաղում կրկին գործում էր հենակետայինի դիրքում։