Logo

Մերոնք դրսում․ Սպասվող խաղերի ժամանակացույցը և ոչ միայն

Հեղինակ
Սուրեն Մելիքսեթյան
18:25 / 19.04.2024Ֆուտբոլ
null

Vnews-ը ներկայացնում է արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների` առաջիկա օրերին սպասվող հանդիպումների ժամանակացույցը և հետաքրքիր տեղեկություններ։

Էդուարդ Սպերցյան և Գեորգի Հարությունյան

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 25-րդ տուր, «Կրասնոդար» - «Ֆակել» (Ապրիլի 19, Երևանի ժամանակով 20:00)

«Կրասնոդարը» 43 միավորով երկրորդ տեղում է, իսկ «Ֆակելը» 26 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը:

Նախորդ տուրում «Կրասնոդարը» 1-2 հաշվով պարտվեց առաջատար «Զենիթին» և այս պահին պետերբուրգյան ակումբին զիջում է 4 միավոր: «Ֆակելը» նախորդ 2 խաղում նույնքան պարտություն է կրել: Թիմերը մինչև այս 4 պաշտոնական խաղ են անցկացրել, որոնցից մեկում հաղթել է «Ֆակելը», իսկ նախորդ 3 հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքի: Նախորդ մրցաշրջանի տնային խաղում Էդուարդ Սպերցյանը գրավել է Վորոնեժի թիմի դարպասը:

Արթուր Քարտաշյան

Վրաստանի առաջնություն, 10-րդ տուր, «Թելավի» - «Իբերիա 1999» (Ապրիլի 19, Երևանի ժամանակով 20:00)

«Թելավին» 10 միավորով 6-րդ տեղում է, իսկ «Իբերիան» 22 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

«Թելավին» նախորդ 2 խաղում 4 միավոր է վաստակել, իսկ «Իբերիա 1999»-ը չորս անընդմեջ հաղթանակ է տարել: Արթուր Քարտաշյանը «Թելավիի» կազմում մասնակցել է 3 հանդիպման:

Նարեկ Գրիգորյան

Ռումինիայի առաջնություն, չեմպիոնական գոտու 5-րդ տուր, «Ֆարուլ» - «Կլուժ» (Ապրիլի 19, Երևանի ժամանակով 21:30)

«Ֆարուլը» 29 միավորով 4-րդ տեղում է, իսկ «Կլուժը» 31 միավորով երկրորդն է:

«Ֆարուլը» նախորդ տուրում 2-1 հաշվով հաղթեց «Ունիվերսիտատյա Կրայովային», իսկ Նարեկ Գրիգորյանը դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ: «Կլուժը» նախորդ 5 խաղից միայն 1-ում է հաղթել:

Ուգոչուկվու Իվու և Նաիր Թիկնիզյան

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 25-րդ տուր, «Ռուբին» - «Լոկոմոտիվ» (Ապրիլի 20, Երևանի ժամանակով 15:00)

«Ռուբինը» 32 միավորով 9-րդ տեղում է, իսկ «Լոկոմոտիվը» 37 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը:

«Ռուբինը» նախորդ 2 տուրում պարտվել է և չի կարողացել գոլ խփել, իսկ «Լոկոմոտիվը» նախորդ տուրում 3-3 հաշվով ոչ-ոքի խաղաց ԲԿՄԱ-ի հետ: Վնասվածքի պատճառով «Երկաթուղայինների» նախորդ 3 խաղերը բաց թողած Նաիր Թիկնիզյանը ԲԿՄԱ-ի դեմ խաղի վերջում դուրս եկավ փոխարինման և Ռուսաստանի Պրեմիեր լիգայում անցկացրեց 100-րդ հանդիպումը: Ընթացիկ մրցաշրջանի 6-րդ տուրում «Լոկոմոտիվը» տանը 3-0 հաշվով հաղթել էր «Ռուբինին», Թիկնիզյանն էլ բացել էր խաղի հաշիվը:

Վահան Բիչախչյան

Լեհաստանի առաջնություն, 29-րդ տուր, «Պոգոն» - «Պյաստ» (Ապրիլի 20, Երևանի ժամանակով 17:00)

«Պոգոնը» 47 միավորով 4-րդ տեղում է, իսկ «Պյաստը» 32 միավորով 13-րդն է:

Նախորդ տուրում «Պոգոնը» 5-0 հաշվով հաղթեց «Ռուխին», իսկ Վահան Բիչախչյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Թիմերի միջև վերջին 3 խաղերն ավարտվել են ոչ-ոքի, իսկ նախորդ 2-ի դեպքում առհասարակ գոլեր չեն գրանցվել:

Սարգիս Ադամյան

Գերմանիայի Բունդեսլիգա, 30-րդ տուր, «Քյոլն» - «Դարմշտադտ» (Ապրիլի 20, Երևանի ժամանակով 17:30)

«Քյոլնը» 22 միավորով նախավերջին՝ 17-րդ տեղում է, իսկ «Դարմշտադտը» 14 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

«Քյոլնը» 3 անընդմեջ անպարտելի խաղից հետո նախորդ տուրում 0-2 հաշվով պարտվեց «Բավարիային»: Սարգիս Ադամյանը մասնակցել է «Այծերի» նախորդ 11 խաղերին՝ վերջին 7-ում լինելով մեկնարկային կազմում: «Դարմշտադտը» նախորդ անգամ հաղթել է 7-րդ տուրում՝ անցած տարվա հոկտեմբերի 7-ին առավելության հասնելով «Աուգսբուրգի» նկատմամբ:

Տիգրան Ավանեսյան

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 25-րդ տուր, «Բալթիկա» - «Կռիլյա Սովետով» (Ապրիլի 20, Երևանի ժամանակով 17:30)

«Բալթիկան» 20 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը, իսկ «Կռիլյա Սովետովը» 36 միավորով 6-րդն է:

Նախորդ տուրում «Բալթիկան» մրցակցի դաշտում 7-1 հաշվով հաղթեց «Ախմատին», որից հետո գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում 0-2 հաշվով պարտություն կրեց ԲԿՄԱ-ից: Բանակայինների դեմ ամբողջական հանդիպում անցկարցեց Հայաստանի հավաքականի նորեկ Տիգրան Ավանեսյանը: «Կռիլյա Սովետովը» նախորդ 3 խաղում 7 միավոր է վաստակել: Սամարան ներկայացնող ակումբը «Զենիթի» հետ ոչ-ոքի խաղալուց հետո հաղթել է «Ուրալին» և «Ռուբինին»:

Ստյոպա Մկրտչյան

Խորվաթիայի առաջնություն, 31-րդ տուր, «Օսիեկ» - «Իստրա» (Ապրիլի 20, Երևանի ժամանակով 19:00)

«Օսիեկը» 45 միավորով 4-րդ տեղում է, իսկ «Իստրան» 28 միավորով հանգրվանել է նախավերջին՝ 9-րդ տեղում։

«Օսիեկը» հանդիպմանը մոտենում է 3 անընդմեջ հաղթանակով: Նախորդ տուրում Ստյոպա Մկրտչյանը և թիմակիցները 2-1 հաշվով արտագնա հաղթանակ տարան «Հայդուկի» նկատմամբ, Հայաստանի հավաքականի պաշտպանն էլ մասնակցեց ամբողջ խաղին: «Իստրան» նախորդ 6 խաղում չի հաղթել:

Էդգար Սևիկյան

Հունգարիայի առաջնություն, 29-րդ տուր, «Ֆերենցվարոշ» - «Կիշվարդա» (Ապրիլի 20, Երևանի ժամանակով 19:00)

«Ֆերենցվարոշը» 64 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Կիշվարդան» 24 միավորով նախավերջին՝ 11-րդ տեղում է:

«Ֆերենցվարոշը» խաղին մոտենում է 5 անընդմեջ հաղթանակով, իսկ «Կիշվարդան» նախորդ 3 խաղից 2-ում հաղթել է, 1-ում՝ ոչ-ոքի խաղացել: Թիմերի միջև նախորդ 7 խաղից 6-ում հաղթել է «Ֆերենցվարոշը», ևս 1-ն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի:

Վարազդատ Հարոյան

Չինաստանի Սուպերլիգա, 7-րդ տուր, «Բեյցզին Գոան» - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Ապրիլի 21, Երևանի ժամանակով 16:00)

«Բեյցզին Գոանը» 9 միավորով 6-րդ տեղում է, իսկ «Ցինդաո Ուեստ Քոսթը» 7 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը:

«Բեյցզին Գոանն» ընթացիկ մրցաշրջանում միայն 1 պարտություն է կրել, «Ցինդաո Ուեստ Քոսթն» էլ նախորդ 2 խաղում պարտվել է: Թիմերը պաշտոնական խաղերում 1 անգամ են հանդիպել: 2023 թվականին կայացած Չինաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Բեյցզին Գոանը» հաղթել է 4-1 հաշվով:

Անդրե Կալիզիր

Շվեդիայի առաջնություն, 4-րդ տուր, «Հալմստադ» - «Բրոմապոյկարնա» (Ապրիլի 21, Երևանի ժամանակով 18:30) 

«Հալմստադը» 6 միավորով 6-րդ տեղում է, իսկ «Բրոմապոյկարնան» 8-րդ տեղն է՝ 4 միավորով։

«Հալմստադը» նախորդ 2 տուրում հաղթել է 1-0 հաշվով, իսկ «Բրոմապոյկարնան» 4 անընդմեջ խաղ անպարտելի մնալուց հետո նախորդ տուրում 3-4 հաշվով պարտվեց «Հեկենին»: Մարտին թիմերը հանդիպեցին նաև Շվեդիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում, որտեղ Անդրե Կալիզիրը և թիմակիցները պարտվեցին լրացուցիչ ժամանակում:

Տիգրան Բարսեղյան

Սլովակիայի առաջնություն, չեմպիոնական գոտու 6-րդ տուր, «Տրնավա» - «Սլովան» (Ապրիլի 21, Երևանի ժամանակով 19:30)

«Սլովանը» 67 միավորով գլխավորում է առաջատարն է, իսկ «Տրնավան» երկրորդն է և հետ է 16 միավոր:

Նախորդ տուրում 2 թիմերն էլ ոչ-ոքի խաղացին, ինչի արդյունքում «Սլովանը» 6-րդ անգամ անընդմեջ դարձավ Սլովակիայի չեմպիոն: Տիգրան Բարսեղյանն էլ երրորդ տարին անընդմեջ նվաճեց Սլովակիայի չեմպիոնի տիտղոսը: Ընթացիկ մրցաշրջանում թիմերը հանդիպել են 3 անգամ: «Սլովանը» հաղթել է այդ խաղերից 2-ում, իսկ Բարսեղյանը վերոնշյալ 3 խաղում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ:

Խորեն Բայրամյան

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 25-րդ տուր, «Ռոստով» - «Սպարտակ» (Ապրիլի 21, Երևանի ժամանակով 21:30)

«Սպարտակը» 35 միավորով 7-րդն է, իսկ «Ռոստովը» 34 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը:

«Ռոստովը» մրցաշրջանի գարնանային հատվածում ընդամենը 1 պարտություն է կրել, իսկ օրեր առաջ դուրս եկավ նաև Ռուսաստանի գավաթի խաղարկության մարզային գոտու կիսաեզրափակիչ: «Սպարտակը» նախորդ 5 խաղում տարել է ընդամենը 1 հաղթանակ:

Նորբերտո Բալեկյան

Արգենտինայի գավաթի խաղարկություն, քառորդ եզրափակիչ, «Ռիվեր Փլեյթ» - «Բոկա Խունիորս», (Ապրիլի 21, Երևանի ժամանակով 22:30)

Թիմերի միջև նախորդ 3 խաղում «Բոկա Խունիորսը» չի հաղթել:

«Ռիվեր Փլեյթը» հանդիպմանը մոտենում է 4 անընդմեջ հաղթանակով, իսկ «Բոկա Խունիորսը» նախորդ 8 խաղում տարել է 6 հաղթանակ և կրել ընդամենը 1 պարտություն: Նորբերտո Բալեկյանը «Բոկա Խունիորսի» նախորդ 3 խաղից 2-ում մնացել է պահեստայինների նստարանին, մյուսում չի եղել հայտացուցակում:

Հենրիխ Մխիթարյան

Իտալիայի Ա սերիա, 33-րդ տուր, «Միլան» - «Ինտեր» (Ապրիլի 22, Երևանի ժամանակով 22:45)

«Ինտերը» 83 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Միլանը» 69 միավորով երկրորդ տեղում է:

Միլանյան դերբիում հաղթելու դեպքում «Ինտերը» ժամանակից շուտ կդառնա Իտալիայի չեմպիոն: Թիմերի միջև կայացած նախորդ 5 խաղում «Ինտերը» նույնքան հաղթանակ է տարել: Ընթացիկ մրցաշրջանի 4-րդ տուրում «Ինտերը» միլանյան դերբիում հաղթել էր 5-1 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձել էր դուբլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 32 խաղի, դարձել 2 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ։ Հայ կիսապաշտպանը կարիերայում դեռ չի դարձել եվրոպական թոփ-5 լիգաների (Անգլիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա) չեմպիոն։ Երևանի «Փյունիկի» Դոնեցկի «Մետալուրգի» ու «Շախտյորի», Դորտմունդի «Բորուսիայի», անգլիական «Արսենալի», «Մանչեսթեր Յունայթեդի» ու իտալական «Ռոմայի» նախկին ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում դարձել է Հայաստանի քառակի և Ուկրաինայի եռակի չեմպիոն, նվաճել Եվրոպա լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի գավաթները և նվաճել այլ տիտղոսներ։