Logo

Մերոնք դրսում․ Սպասվող խաղերի ժամանակացույցը և ոչ միայն

Հեղինակ
Սուրեն Մելիքսեթյան
15:07 / 26.04.2024Ֆուտբոլ
null

Vnews-ը ներկայացնում է արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների` առաջիկա օրերին սպասվող հանդիպումների ժամանակացույցը և հետաքրքիր տեղեկություններ։

Լուկաս Սելարայան

Սաուդյան Արաբիայի առաջնություն, 29-րդ տուր, «Ալ Հիլալ» - «Ալ Ֆաթեհ» (Ապրիլի 26, Երևանի ժամանակով 19:00)

«Ալ Հիլալը» 77 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ալ Ֆաթեհը» 40 միավորով 6-րդ տեղում է:

«Ալ Հիլալը» հիանալի մրցաշրջան է անցկացնում և առաջնության նախորդ 20 տուրում նույնքան հաղթանակ է տարել, սակայն օրերս կրեց մրցաշրջանի առաջին պարտությունը՝ Ասիայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում պայքարը զիջելով ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ Աինին»: «Ալ Ֆաթեհը» նախորդ տուրում 3-1 հաշվով հաղթեց «Ալ Ռայեդին»: Երկրորդ գոլը խփեց Լուկաս Սելարայանը, որն իր մասնակցությամբ նախորդ 3 խաղում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Վահան Բիչախչյան

Լեհաստանի առաջնություն, 30-րդ տուր, «Յագելոնիա» - «Պոգոն» (Ապրիլի 26, Երևանի ժամանակով 22:30)

«Յագելոնիան» 55 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Պոգոնը» 47 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը:

Թիմերը բոլորովին վերջերս հանդիպեցին Լեհաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում, որտեղ «Պոգոնը» հաղթեց 2-1 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ: Առաջնության նախորդ 3 տուրում թե՛ «Յագելոնիան», թե՛ «Պոգոնը» տարել են 1 հաղթանակ:

Նարեկ Գրիգորյան

Ռումինիայի առաջնություն, չեմպիոնական գոտու 7-րդ տուր, «Ստյաուա» - «Ֆարուլ» (Ապրիլի 27, Երևանի ժամանակով 21:30)

«Ստյաուան» 46 միավորով առաջատարն է, իսկ «Ֆարուլը» 35 միավորով երկրորդ տեղում է:

«Ստյաուան» առաջնության նախորդ 2 տուրում ոչ-ոքի է խաղացել, 2 դեպքում ել գրանցվել է 2-2 հաշիվը: «Ֆարուլը» հանդիպմանը մոտենում է 3 անընդմեջ հաղթանակով: «Ստյաուան» նախորդ 9 տնային խաղում 7 հաղթանակ է տարել և 2 հանդիպում ավարտել ոչ-ոքի, «Ֆարուլն» էլ անպարտելի է նախորդ 4 արտագնա խաղում:

Հենրիխ Մխիթարյան

Իտալիայի Ա սերիա, 34-րդ տուր, «Ինտեր» - «Տորինո» (Ապրիլի 28, Երևանի ժամանակով 14:30)

«Ինտերը» 86 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Տորինոն» 46 միավորով 10-րդ տեղում է:

Նախորդ տուրում «Ինտերը» դերբիում 2-1 հաշվով հաղթեց «Միլանին» և 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն: «Տորինոն» նախորդ 2 տուրում գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել: Թուրինցիները նախորդ անգամ «Ներաձուրիին» հաղթել են 2019 թվականին, իսկ դրանից հետո կայացած 9 խաղից 8-ում առավելության է հասել «Ինտերը», 1 խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի:

Նաիր Թիկնիզյան

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 26-րդ տուր, «Սպարտակ» - «Լոկոմոտիվ» (Ապրիլի 28, Երևանի ժամանակով 17:15)

«Լոկոմոտիվը» 41 միավորով 4-րդ տեղում է, իսկ «Սպարտակը» 38 միավորով եզրափակում է լավագույն հնգյակը:

Թիմերի միջև կայացած նախորդ 5 խաղից 4-ում հաղթել է «Սպարտակը», իսկ վերջին հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով: Վնասվածքից ապաքինված Նաիր Թիկնիզյանը նախորդ տուրում վատառողջ լինելու պատճառով դուրս էր մնացել «Լոկոմոտիվի» հայտացուցակից, իսկ առաջիկա խաղին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի մասնակցությունը հարցականի տակ է: Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա հայ պաշտպանը 20 խաղում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Ստյոպա Մկրտչյան

Խորվաթիայի առաջնություն, 32-րդ տուր, «Գորիցա» - «Օսիեկ» (Ապրիլի 28, Երևանի ժամանակով 19:00)

«Օսիեկը» 45 միավորով 4-րդ տեղում է, իսկ «Գորիցան» 35 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը:

«Գորիցան» նախորդ 2 խաղում պարտվել է և գոլ չի խփել, իսկ «Օսիեկը» 3 անընդմեջ հաղթանակից հետո նախորդ տուրում պարտվեց «Իստրային»: Թիմերի միջև կայացած նախորդ 2 խաղերն ավարտվել են 3-0 հաշվով: Առաջինում հաղթել է «Գորիցան», երկրորդում՝ «Օսիեկը»:

Սարգիս Ադամյան

Գերմանիայի Բունդեսլիգա, 31-րդ տուր, «Մայնց» - «Քյոլն» (Ապրիլի 28, Երևանի ժամանակով 19:30)

«Մայնցը» 27 միավորով 15-րդն է, իսկ «Քյոլնը» 22 միավորով նախավերջին՝ 17-րդ տեղում է:

Երկու թիմերն էլ պայքարում են Բունդեսլիգայում տեղը պահպանելու համար: «Մայնցը» մարտի 3-ին «Բավարիային» 1-8 հաշվով պարտվելուց հետո 5 խաղ է անցկացրել, որոնցից 3-ում հաղթել է և գրանցել 2 ոչ-ոքի: «Քյոլնը» նախորդ 2 տուրում պարտվել է 0-2 հաշվով: Թիմերի միջև ընթացիկ մրցաշրջանում կայացած առաջին խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի: 

Տիգրան Բարսեղյան

Սլովակիայի առաջնություն, 29-րդ տուր, «Դունայսկա Ստրեդա» - «Սլովան» (Ապրիլի 28, Երևանի ժամանակով 19:30)

Չեմպիոնությունը ժամանակից շուտ նվաճած «Սլովանն» ունի 70 միավոր, իսկ «Դունայսկա Ստրեդան» 46 միավորով 4-րդ տեղում է:

«Դունայսկա Ստրեդայի» մասնակցությամբ նախորդ 4 խաղերից 3-ն ավարտվել են ոչ-ոքի: Այդ ոչ-ոքիներից մեկը գրանցվել է «Սլովանի» հետ խաղում: Նախորդ տուրում «Տրնավայի» դարպասը գրաված Տիգրան Բարսեղյանը 11 գոլով և նույնքան գոլային փոխանցումով առաջնության ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է:

Էդգար Սևիկյան

Հունգարիայի առաջնություն, 30-րդ տուր, «ՄՏԿ Բուդապեշտ» - «Ֆերենցվարոշ» (Ապրիլի 28, Երևանի ժամանակով 19:45)

Նախորդ տուրում չեմպիոնությունն ապահոված «Ֆերենցվարոշը» 65 միավորով առաջին տեղում է, իսկ «ՄՏԿ Բուդապեշտը» 43 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը:

Թիմերի միջև կայացած նախորդ 2 խաղում «Ֆերենցվարոշը» հաղթել է 6-1 և 5-1 հաշվով: Էդգար Սևիկյանն օրեր առաջ Հունգարիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում դարձավ հաղթական գոլի հեղինակ և Դեյան Ստանկովիչի թիմին դուրս բերեց եզրափակիչ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հունգարական ակումբի կազմում խփել է 2 գոլ;

Տիգրան Ավանեսյան

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 26-րդ տուր, «Բալթիկա» - ԲԿՄԱ (Ապրիլի 28, Երևանի ժամանակով 22:30)

«Բալթիկան» 23 միավորով զբաղեցնում է նախավերջին՝ 15-րդ տեղը:

Թիմերը վերջերս հանդիպեցին նաև Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում, որտեղ «Բանակայինները» հաղթեցին 2-0 հաշվով, իսկ «Բալթկայի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց ԲԿՄԱ-ի սան Տիգրան Ավանեսյանը: ՌՊԼ-ի նախորդ 2 խաղում էլ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը ստացել է համապատասխանաբար 4 և 21 րոպե խաղաժամանակ:

Էդուարդ Սպերցյան և Գեորգի Հարությունյան

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 26-րդ տուր, «Կռիլյա Սովետով» - «Կրասնոդար» (Ապրիլի 29, Երևանի ժամանակով 14:00)

«Կրասնոդարը» 49 միավորով երկրորդն է, իսկ «Կռիլյա Սովետովը» 39 միավորով ընթանում 5-րդ տեղում:

«Կրասնոդարը» նախորդ տուրում 3-2 հաշվով հաղթեց «Բալթիկային» և, օգտվելով «Զենիթի» սայթաքումից, առաջատարի հետ միավորների տարբերությունը հասցրեց 1-ի: Այդ խաղում Էդուարդ Սպերցյանը դարձավ գեղեցիկ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: 

Ուգոչուկվու Իվու

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 26-րդ տուր, «Ռուբին» - «Ուրալ» (Ապրիլի 29, Երևանի ժամանակով 16:15)

«Ռուբինը» 36 միավորով 9-րդ տեղում է, իսկ «Ուրալը» 24 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը:

Նախորդ տուրում «Ռուբինը» մրցակցի դաշտում 2-0 հաշվով հաղթեց առաջատար «Զենիթին», իսկ Ուգոչուկվու Իվուն մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Կազանցիները նախորդ 3 տնային խաղից 2-ում ոչ-ոքի են գրանցել: «Ուրալի» մասնակցությամբ նախորդ 2 արտագնա խաղում ևս կողմերը չեն պարզել հաղթողին:

Խորեն Բայրամյան

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 26-րդ տուր, «Ռոստով» - «Օրենբուրգ» (Ապրիլի 29, Երևանի ժամանակով 20:45)

«Ռոստովը» 37 միավորով 8-րդ տեղում է, իսկ «Օրենբուրգը» 26 միավորով 12-րդն է:

«Ռոստովը» նախորդ 7 պաշտոնական խաղում միայն 1 պարտություն է կրել, իսկ «Օրենբուրգը» պարտվել է նախորդ 3 անընդմեջ մրցավեճում: Թիմերի միջև կայացած նախորդ 3 խաղում «Ռոստովը» կրել է 1 պարտություն, 2 հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի:

Անդրե Կալիզիր

Շվեդիայի առաջնություն, 6-րդ տուր, «Բրոմապոյկարնա» - «Գյոտեբորգ» (Ապրիլի 29, Երևանի ժամանակով 21:00)

«Բրոմապոյկարնան» 8 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Գյոթեբորգը» վաստակել է 4 միավոր և զբաղեցնում է 13-րդ տեղը:

Անդրե Կալիզիրը «Բրոմապոյկարնայի» նախորդ 2 խաղերից մեկում մնացել է պահեստայինների նստարանին, մյուսում դուրս է մնացել թիմի հայտացուցակից: «Բրոմապոյկարնան» նախորդ անգամ «Գյոտեբորգին» հաղթել է 2013 թվականին, իսկ դրանից հետո կայացած 7 խաղից 5-ում պարտվել է, ևս 2 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Ընդ որում, նախորդ 6 խաղում Անդրե Կալիզիրն ու թիմակիցները չեն կարողացել գոլ խփել առաջիկա մրցակցին: