Logo

Մխիթարյան․ «Այս չեմպիոնությունն առանձնահատուկ կլինի ինձ համար»

13:45 / 15.04.2024Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամփոփել է Իտալիայի Ա սերիայի 32-րդ տուրում «Կալյարիի» հետ տնային ոչ-ոքին (2-2)։

«Սա հետ քայլ չէր, մենք վաստակեցինք մեկ միավոր։ Հասկանալի է, որ ցանկանում էինք հաղթել, սակայն սա հետընթաց չէր։ Կա միայն մեկ նպատակ՝ Սկուդետոն, և մենք ցանկանում ենք նվաճել այդ տիտղոսը։

Դա կլինի իմ առաջին չեմպիոնությունը Եվրոպայում, և այն առանձնահատուկ է ինձ համար։ Հինալի եմ զգում ինձ և ցանկանում եմ մասնակցել յուրաքանչյուր խաղի։ Իհարկե, ցավում եմ, որ Դավիդեն, Կլասենը, Ասլանին ու Սենսին տեղ չունեն մեկնարկային կամզում, սակայն ես չեմ ընտրում կազմը։ Հիմա մենք խաղում ենք շաբաթական մեկ անգամ, հանգստանալու ժամանակը բավականաչափ է։ Այնպես որ, ես պատրաստ եմ խաղալ»,- Հայաստանի հավաքականի նախկին ավագի խոսքը մեջբերում է DAZN-ը։

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության ավարտից 6 տուր առաջ «Ինտերը» 83 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հաջորդ տուրում Սիմոնե Ինձագիի թիմը միլանյան դերբիում մրցելու է 69 միավորով երկրորդ տեղում գտնվող «Միլանի» դեմ և հաղթելու դեպքում ժամանակից շուտ կդառնա Իտալիա չեմպիոն:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 32 խաղի, դարձել 2 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ։ 35-ամյա կիսապաշտպանը կարիերայում դեռ չի դարձել եվրոպական թոփ-5 լիգաների (Անգլիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա) չեմպիոն։ Երևանի «Փյունիկի», Դոնեցկի «Մետալուրգի» ու «Շախտյորի», Դորտմունդի «Բորուսիայի», անգլիական «Արսենալի», «Մանչեսթեր Յունայթեդի» ու իտալական «Ռոմայի» նախկին ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում դարձել է Հայաստանի քառակի և Ուկրաինայի եռակի չեմպիոն, նվաճել Եվրոպա լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի գավաթները և այլ տիտղոսներ։