Logo

Նոր սխեմա և թարմություն․ Հավաքականի հավանական լուծումներից մեկը

Հեղինակ
Արման Աբելյան
10:50 / 18.04.2024ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Հայաստանի ազգային հավաքականը հունիսին 2 ընկերական խաղ կանցկացնի: Մրցակիցներն են Սլովենիան ու Ղազախստանը:

Ալեքսանդր Պետրակովի օրոք հավաքականը բացառապես 3-4-3 կամ 5-4-1 սխեմայով է խաղում: Նույնիսկ ընկերական հանդիպումներում նոր լուծում չի կիրառվում: Ուկրաինացի մասնագետը մինչև վերջին ընկերական խաղերը հայտարարել էր․ «Անկեղծ ասած՝ ուզում էի փոխել սխեման, բայց որպեսզի կարողանաս դա անել, այդ թվում՝ հանդիպման ընթացքում, համապատասխան մակարդակի ֆուտբոլիստներ են անհրաժեշտ: Սա ազգային հավաքականն է, որտեղ խաղում են ոչ թե փորձարկումների, այլ արդյունքի համար»:

Պետրակովը դեռևս 2023-ի սեպտեմբերին ասել էր, որ կցանկանար կիրառել 4-3-3 դասավորությունը, որպեսզի Էդուարդ Սպերցյանին թույլ տար ավելի բարձրից խաղալ: Սակայն դրա համար, ըստ մասնագետի, հարկավոր է ունենալ լավ հենակետային կիսապաշտպան:

«Կա սխեմա փոխելու ցանկություն, սակայն դրան պետք է պատրաստ լինել, դեռ չկա այդպիսի հնարավորություն»,- նշել էր Պետրակովը: Վերջին մի քանի խաղերում եղան դեպքեր, երբ հավաքականը գրոհ սկսելիս տարբեր ձևերով դասավորվեց, այդ թվում՝ 4 պաշտպանով: Այսինքն, դարպասից գրոհ կառուցելու առումով որոշակի աշխատանք կատարվել է:

Փորձենք հասկանալ՝ ինչ կշահի հավաքականը մեզ քաջածանոթ 4-2-3-1 սխեման գոնե փորձարկելուց, մանավանդ, որ առջևում Ազգերի լիգան է: Հասկանալի է, որ ժամանակակից ֆուտբոլում սկզբնական սխեման շատ բան չի նշանակում, ուստի պետք է ավելի կոնկրետ դիտարկել այն:

Բազմազանություն

Վերջին ընկերական մրցավեճերն էլ ցույց տվեցին, որ մրցակիցների համար ավելի հեշտ է դառնում մեր դեմ խաղերին պատրաստվելը: Նրանք կոնկրետ քայլերով փորձում էին օգտագործել մեր սխեմայի թույլ կողմերը: 

Պետրակովը 5 պաշտպանով խաղալը բացատրում է կենտրոնական պաշտպանների գոտում խնդիրներով: Ըստ նրա՝ այսպես պաշտպանները, գոնե միմյանց ապահովագրելով, փակում են բացերը: Սակայն անցյալի, նույնիսկ ոչ վաղ անցյալի շատ խաղեր կարելի է հիշել, երբ ազգային թիմն այլ մարզիչների օրոք 4 պաշտպանով որակյալ է խաղացել ու պաշտպանվել: Եվ այնպես չէ, որ այդ դեպքերում կազմը ավելի ուժեղ է եղել, քան հիմա:

5 պաշտպանով դասավորությունը մեզ դեռ պետք կգա, մանավանդ՝ առաջիկա Մունդիալի որակավորման փուլում, սակայն առջևում Ազգերի լիգան է: Այդտեղ 6 խաղերից առնվազն 4-ում (Լատվիա, Ֆարերյան Կղզիներ) Հայաստանի հավաքականը նախաձեռնությամբ է հանդես գալու, ավելի շատ է տիրելու գնդակին և գրոհելու: Հավանաբար, այդպես կլինի նաև Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղերի հիմնական մասում: Ուստի, մեզ ավելի հարձակողական տարբերակ է պետք, ավելի կոնկրետ՝ մեկ ֆուտբոլիստ ավելի առջևի գծում: Լատվիայի դեմ վերջին խաղը ցույց տվեց, որ փակ ֆուտբոլ դավանող թիմերին հաղթելը գլուխկոտրուկ է մնում մեզ համար: Այդ ուղղությամբ պետք է աշխատել, գոնե՝ Ղազախստանի դեմ ընկերական մրցավեճում:

Թիկնիզյանի դիրքը, Սպերցյանի հետ համագործակցությունը

4-2-3-1-ի դեպքում Նաիր Թիկնիզյանին հնարավոր կլինի օգտագործել որպես ձախ կիսապաշտպան: Նա Մոսկվայի «Լոկոմոտիվում» էլ շատ հաճախ է խաղում այդ դիրքում: Այդպես կտեսնենք նրա հսկայական ներուժը գրոհների ժամանակ, ինչպես նաև կփակենք պաշտպանության բացերը, որ հստակ երևացին վերջին ընտրական փուլում: Միևնույն է, ձախ կիսապաշտպանի դիրքում մեր ընտրությունը մեծ չէ, ինչպես աջ եզրում, որտեղ շատ-շատ են աջլիկ վինգերները: Միակ ու գլխավոր թեկնածուն ձախից խաղալու Լուկաս Սելարայանն է, բայց նրան քիչ անց կանդրադառնանք:

Թիկնիզյանին այդտեղ տեղափոխելը մեկ առավելություն էլ ունի: Գրոհելիս Էդուարդ Սպերցյանը կարող է բարձրանալ հենակետային գոտուց և հայտնվել ձախ կիսաեզրում՝ Թիկնիզյանի կողքին: Դժվար չէ նկատելը, որ այս ֆուտբոլիստները հիմա էլ խաղադաշտում ամենաշատն իրար են փնտրում, լավ են հասկանում իրար: Իսկ այսպիսի դասավորության դեպքում նրանք շատ հաճախ կհայտնվեն կողք կողքի:

Այդ դեպքում միայն Ուգոչուկվու Իվուն կմնա հենակետային գոտում: Որպեսզի չխախտվի թիկունքի հավասարակշռությունը, թիկունքում ևս այդ դեպքում հստակ քանակի ֆուտբոլիստներ պետք կլինեն: Ոչ ռիսկային տարբերակում ներքևում կարող են մնալ 4 պաշտպանները և Իվուն:

Ժամանակակից ֆուտբոլում շատ հաճախ է հանդիպում, որ 4 պաշտպանով խաղացող թիմը գրոհելիս 3 պաշտպանի է թիկունքում թողնում: Ընդ որում, այդ դեպքում ձախ կամ աջ պաշտպանը կարող է նոմինալ կենտրոնական պաշտպան լինել, օրինակ՝ Ստյոպա Մկրտչյանը կամ Անդրե Կալիզիրը: Կենտրոնական պաշտպան Էրիկ Փիլոյանը հիմա հենց նույն ձևաչափով աջ պաշտպանի գործառույթ է կատարում «Ուրարտուում»: Իսկ եվրոպական ֆուտբոլում լավագույն օրինակները Ժյուլ Կունդեն և Բեն Ուայթն են, որոնք գրոհներին քիչ են միանում և թիկունքում աջակցում են 2 կենտրոնական պաշտպաններին: Եթե անհրաժեշտ լինի այդ տարբերակը, ավելի նպատակահարմար կլինի՝ աջ պաշտպանը միանա գրոհին, որպեսզի ձախ եզրում Թիկնիզյանն ու Սպերցյանը «չկտրվեն» միմյանցից:

Այդպիսով, արդեն կոնկրետ մրցակիցը կամ իրավիճակը կհուշի՝ ովքեր կլինեն եզրային պաշտպանները և ինչ դերակատարում կունենան:

Սելարայանի ազատությունն էլ ավելի կընդլայնվի

Լուկասն այժմյան դիրքում էլ չափազանց մեծ ազատություն ունի խաղադաշտում: Նրան շատ տարբեր դիրքերում կարելի է տեսնել մեր գրոհների ժամանակ: Նա 4-2-3-1-ում կարող է լինել կենտրոնական ենթահարձակվողը, ինչպես հաճախ «Ալ Ֆաթեհում» է: Նա այստեղ էլ ներգրավված կլինի բոլոր գրոհներում ու կստեղծի գոլային իրավիճակներ:

Գլխավոր փոփոխությունը պաշտպանական աշխատանքի մեջ կլինի: Ակնհայտ է, որ Սելարայանի համար դժվար է եզրում շատ իջնելը և Թիկնիզյանին շարունակաբար օգնելը: Լուկասը երբեմն չի էլ փորձում դա անել: Ժամանակին Պետրակովն էլ նշել էր, որ ֆուտբոլիստն MLS-ում խաղալիս սովոր չի եղել պաշտպանական աշխատանք կատարելուն: Իսկ եթե եզրում չլինի, իրեն ավելի հարմար կզգա: Բնականաբար, կենտրոնական ենթահարձակվողի դիրք գալը նրան ամբողջությամբ չի ազատի պաշտպանությանը մասնակցելուց: Բարձր պրեսինգին նա ունակ է մասնակցելու և, անկասկած, կանի դա:

Աջ վինգերները՝ հարվածային դիրքերում

Եթե ընդունենք, որ գրոհելիս հարձակման ձախ եզրում Թիկնիզյանը և Սպերցյանն են, աջ եզրում հավաքականի կիսապաշտպանը պետք է կենտրոնին ավելի մոտ գործի: Դա բարենպաստ է Վահան Բիչախչյանի, Էդգար Սևիկյանի և մյուս ձախլիկ վինգերների համար․ բոլորն էլ հեռվից լավ են հարվածում և կիսաեզրից ավելի հեշտ կլինի դա անելը: Այդ պարագայում՝ ավելի հարձակողական տարբերակում, տեղ կբացվի գրոհներին միացող աջ պաշտպանի համար: Արտակ Դաշյան, Կամո Հովհաննիսյան, Հովհաննես Համբարձումյան, Դավիդ Դավիդյան․ տարբերակները շատ են: Նորից՝ իրավիճակը կթելադրի՝ թիկունքում պետք կլինի 5 ֆուտբոլիստ, թե 4 խաղացողի թողնել:

Սլովենիայի հավաքականի դեմ՝ դժվար թե, բայց Ղազախստանի դեմ նոր սխեմա փորձարկելը, միգուցե, նպատակահարմար լինի: Ֆուտբոլիստներն արդեն շատ լավ գիտեն այժմյան դասավորությունն ու դրա ներսում շարժումները, ուստի նոր՝ լրացուցիչ տարբերակ ձեռքի տակ ունենալը չէր խանգարի: Թե՛ այստեղ, թե՛ Ազգերի լիգայում Պետրակովը պետք է օգտագործի եղած ռեսուրսը և ներգրավվի նոր ֆուտբոլիստների: Այդպիսիք կան նաև Հայաստանի Պրեմիեր լիգայում, որոնք առանձին խաղերում և առանձին դերերի շրջանակում կարող են օգնել հավաքականին: Սփյուռքից ևս նոր անունների ներագրավելը պետք չէ անտեսել: