Logo

«Պալմա Ֆուտզալը» հաղթեց «Բարսային» և երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը

22:06 / 05.05.2024Ֆուտզալ
null

Իսպանական «Պալմա Ֆուտզալը» երկրորդ տարին անընդմեջ նվաճեց ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի գավաթը։ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած եզրափակիչում «Պալման» 5-1 հաշվով առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ։

Հաշիվը բացեց կատալոնական ակումբը, սակայն մրցաշարի գործող գավաթակիրը հասավ տպավորիչ կամային հաղթանակի։

«Պալմայի» կազմում եվրոպական ամենագլխավոր մրցաշարում երկրորդ տարին անընդմեջ հաղթեց նաև Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլերը, որը նույնպես մասնակցեց եզրափակիչ հանդիպմանը և գրանցեց մի քանի տպավորիչ սեյվ։ Պորտուգալական «Բենֆիկայի» դեմ կիսաեզրափակիչի խաղում Լուան Մյուլերը դարձել էր գոլի հեղինակ։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի «4-ի եզրափակիչն» անցկացվում էր Երևանում։ Երրորդ տեղը զբաղեցրել էր «Բենֆիկան», որը պորտուգալական դիմակայությունում 6-3 հաշվով հաղթել էր Լիսաբոնի «Սպորտինգին»։

Չեմպիոնների լիգա, եզրափակիչ

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա)` 1-5

Ադոլֆո, 15 - Ռոմուլո, 19, Վիլիան Լորուենսո, 20, Նեգինյո, 34, 40, Շագինյա, 40

Վրիպում 10-մետրանոց հարվածից` Կատելա («Բարսելոնա»), 18, Ֆեռաո («Բարսոլոնա»), 18

Հեռացում` Սերխիո Լոսանո («Բարսելոնա»), 38