Logo

ՊՍԺ - «Բորուսիա». Թիմերի 4-րդ ու ամենավճռորոշ բախումն այս մրցաշրջանում

Հեղինակ
Էդմոն Մարտիրոսյան
14:34 / 07.05.2024Ֆուտբոլ
null

Խմբային փուլից մինչև կիսաեզրափակիչ. 4 արարից բաղկացած ֆուտբոլային ներկայացում, որի վերջին փուլը թիմերից մեկի համար ճանապարհ կբացի դեպի «Ուեմբլի»: Փարիզի ՊՍԺ-ն ընդդեմ Դորտմունդի «Բորուսիայի»։

VNews-ը ներկայացնում է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման անոնսը։

«Մահվան խմբում» Դորտմունդի «Բորուսիան» կարողացավ խնդիրներ ստեղծել Ֆրանսիայի չեմպիոնի համար ու քիչ էր մնում՝ Մբապեն և ընկերները չհաղթահարեին խմբային փուլի արգելքը, բայց Ուարեն Զաիր-Էմերիի «ոսկե գոլը» ՊՍԺ-ի համար բացեց փլեյ-օֆֆի դուռը:

Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի վիճակահանությունն այս թիմերին կրկին նույն ուղիով տարավ: Դորտմունդում կայացած կիսաեզրափակիչի առաջին հանդիպումն էլ ավարտվեց «Բորուսիայի» նվազագույն հաշվով հաղթանակով: Փարիզյան թիմը նորից բարդ իրավիճակում է, բայց այս դեպքում պատասխան հանդիպումն անցնակցնելու է «Պարկ դե Պրենսում»՝  Փարիզի խենթ երկրպագուների աջակցությամբ:

Լուիս Էնրիկեի թիմն այս մրցաշրջանում հակասական տպավորություններ է առաջացնում: Սա ՊՍԺ-ում իսպանացի մասնագետի առաջին մրցաշրջանն է, որը կարող է նշանավորվել ֆանտաստիկ «Թրեբլով»: Փարիզցիներն Էնրիկեի գլխավորությամբ արդեն դարձել են Ֆրանսիայի չեմպիոնու հասել են գավաթի խաղարկության եզրափակիչ: Լուչոն իր դեբյուտային մրցաշրջանում գնում է բացառիկ նվաճման հետևից, ու դրան մոտենալու համար այժմ պետք է շրջանցի բավական ամուր «Դեղին պատը»:

null

Առաջին խաղում ՊՍԺ-ն մի շարք գոլային պահեր ունեցավ, բայց դրանցից և ոչ մեկը գոլի վերածել չհաջողվեց Էդին Թերզիչի թիմը պահեց հաղթական հաշիվն ու փոքրիկ առավելությամբ է ժամանել Փարիզ: Բունդեսլիգայում «Բորուսիան» կայուն ելույթներ չի ունենում ու այս տարի նույնիսկ չեղավ չեմպիոնական պայքարի կենտրոնում, բայց «Ականջավոր գավաթի» համար կռվում դորտմունդցիները դեռ հեղինակություններ չեն ճանաչում ու վստահ քայլերով հասել են կիսաեզրափակիչ: Մրցաշրջանից հետո «Բորուսիային» հրաժեշտ կտա ակումբի լեգենդ Մարկո Ռոյսը: Գերմանացին պատասխանատու խաղից առաջ որոշեց հայտարարել հեռանալու մասին, և այդ փաստը կարող է լրացուցիչ մոտիվացիա դառնալ «Դեղինների» համար:

2012 թվականին Ռոյսը վերադարձավ «Բորուսիա» և օգնեց թիմին հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: 12 տարի անց գերմանացին կրկին կարող է հայտնվել «Ուեմբլիի» մեծ բեմում, կրկին, բայց հնարավոր է՝ վերջին անգամ...

Այսօր «Պարկ դե Պրենսում» աստղերի պակաս չի լինելու, իսկ թե որ թիմի աստղը շաբաթներ անց կփայլի նաև Լոնդոնի երկնքում՝ ցույց կտա ժամանակը:

ՊՍԺ - «Բորուսիա» հանդիպումը կկայանա մայիսի 7-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և կցուցադրվի Fast Sports հեռուստաալիքի ուղիղ եթերում:

Ուշագրավ փաստեր՝ խաղից առաջ

●    ՊՍԺ - «Բորուսիա Դ.» խաղը կսպասարկի իտալացի Դանիելե Օրսատոյի գլխավորած մրցավարական անձնակազմը
●    Դիմակայության 7 խաղերից 3-ում գրանցվել է ոչ-ոքի, թիմերը տարել են երկուական տնային հաղթանակ
●    ՊՍԺ - «Բորուսիա Դորտմունդ» դիմակայությունում տնային թիմը երբեք չի պարտվել
●    «Բորուսիայի» դեմ առաջին խաղից հետո ՊՍԺ-ն հանդիպում չի անցկացրել
●    ՊՍԺ-ի դեմ առաջին խաղից հետո «Բորուսիան» 5-1 հաշվով հաղթել է «Աուգսբուրգին»
●    ՊՍԺ-ն չի հաղթել նախորդ 10 տնային խաղերից 5-ը
●    «Բորուսիան» նախորդ 10 արտագնա խաղերում կրել է 2 պարտություն, տարել է 5 հաղթանակ
●    ՊՍԺ-ն շարունակում է այս մրցաշրջանում թրեբլի համար պայքարը
●    34-ամյա Մարկո Ռոյսը 12 տարի անց՝ այս մրցաշրջանից հետո, կհեռանա Դորտմունդի «Բորուսիայից»
●    Առաջին խաղում Ջեյդոն Սանչոն կիրառել է 12 հաջող դրիբլինգ
●    «Բորուսիան» վերջին անգամ 2013 թվականին է հասել ՉԼ եզրափակիչ, որը նույնպես «Ուեմբլիում» էր
●    Դորտմունդի «Բորուսիան» չորրորդ անգամ է մասնակցում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչին
●    ՊՍԺ-ն նույնպես չորրորդ անգամ է ՉԼ կիսաեզրափակիչում, բայց երրորդը՝ վերջին 5 տարիներին
●    Թիմերի միջև նախորդ խաղերում ՊՍԺ-ն խփել է ընդհանուր 7, «Բորուսիան»՝ 5 գոլ
●    Երկու թիմերի կազմերում որակազրկված ֆուտբոլիստներ չկան
●    Գերմանական թիմերի դեմ խաղերում ՊՍԺ-ի արդյունքները՝ 15 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 11 պարտություն
●    Գերմանական թիմերի դեմ տնային խաղերում ՊՍԺ-ի արդյունքները՝ 10 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն
●    Ֆրանսիական թիմերի դեմ խաղերում «Բորուսիայի» արդյունքները՝ 10 հաղթանակ, 6 ոչ-ոքի, 9 պարտություն
●    Ֆրանսիական թիմերի դեմ արտագնա խաղերում «Բորուսիայի» արդյունքները՝ 3 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 7 պարտություն
●    Հաքիմին 2018/19 և 2019/20 մրցաշրջաններում «Ռեալից» վարձավճարով խաղացել է «Բորուսիայում»
●    Ուսման Դեմբելեն 2016/17 մրցաշրջանում խաղացել է «Բորուսիայում»
●    ՊՍԺ-ն իր վերջին 3 հաղթանակները տարել է 4-1 հաշվով
●    Սանչոն ընդհանուր 40 գոլով ամենաարդյունավետ անգլիացին է Բունդեսլիգայի պատմության մեջ
●    Կիլիան Մբապեն՝ խաղից առաջ («Փարիզիեն»-ի հետ զրույցում). «Թիմը հանգիստ է: Մենք կենտրոնացած ենք և վստահ ենք, որ կչեզոքացնենք գոլի տարբերությունն ու կհասնենք եզրափակիչ: Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի: Ես պատրաստվում եմ: Կա ֆուտբոլիստ և կա տղամարդ, իսկ տղամարդը միշտ պետք է պատրաստվի այսպիսի միջոցառումից առաջ: Խաղին կժամանեմ լավ տրամադրությամբ՝ իմ թիմին օգնելու ու եզրափակիչ հասնելու համար»:
●    «Բորուսիայի» մարզական տնօրեն Սեբաստիան Կելը՝ Ջեյդոն Սանչոյի մասին (խոսքը մեջբերում է բրիտանական Metro-ն). «Մենք ամեն ինչ կանենք՝ Ջեյդոնին այստեղ պահելու համար: Բայց «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես տեսնում է, թե նա որքան լավ է խաղում հիմա»: ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը նույնպես անդրադարձել էր Սանչոյի խաղին՝ ակնարկելով, սակայն, որ «Մանչեսթեր Յունայթեդը» գուցե վաճառի անգլիացու տրանսֆերային իրավունքը: «Նա ցույց տվեց, թե ինչու է «Մանչեսթեր Յունայթեդն» իրեն ձեռք բերել և որ բարձր տրանսֆերային արժեք ունի, ինչը լավ է ակումբի համար»: 
●    Մարկո Ռոյսը՝ մրցաշրջանից հետո «Բորուսիայից» հեռանալու որոշման մասին (խոսքը մեջբերում է «Բորուսիայի» կայքը). «Ես աներևակայելի հպարտ և ուրախ եմ այստեղ անցկացրած ժամանակի համար: Կյանքիս կեսից ավելին անցկացրել եմ այս ակումբում, վայելել եմ ամեն պահը՝ չնայած նրան, որ եղել են նաև դժվարություններ: Հիմա էլ գիտեմ, որ մրցաշրջանի վերջում հրաժեշտ տալը բարդ է լինելու, բայց ես, այնուամենայնիվ, ուրախ եմ, որ հիմա հստակություն կա, և մենք կարող ենք կենտրոնանալ մրցաշրջանի եզրափակիչ խաղերի վրա: Մեր առջև կա հստակ նպատակ, որին հասնելու համար մեզ հարկավոր կլինի մեր անհավատալի երկրպագուներից յուրաքանչյուրը: Ես նրանց անկեղծ շնորհակալություն եմ հայտնում այս տարիների ընթացքում անհավանական աջակցության համար»: 
●    «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Տերզիչի անդրադարձը Ռոյսի որոշմանը (ասել է ասուլիսի ժամանակ). «Դորտմունդում իր առաջին մրցաշրջանում Ռոյսը հասավ «Ուեմբլի», և այնտեղ վերադառնալը հրաշալի կլիներ (ՉԼ այս տարվա եզրափակիչը նույնպես «Ուեմբլիում» է)»:
●    Լուիս Էնրիկե, ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ (խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը). «Առաջին հանդիպման արդյունքը ցույց է տալիս, թե խաղը որքան մոտ էր: Սա նոր իրավիճակ է երկու թիմերի համար էլ: Հիմա պատասխան խաղը մեզ մոտ է, որտեղ մենք պետք է ավելի արդյունավետ լինենք, քան Դորտմունդում»: 
●    Էդին Տերզիչ, Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ (խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը). «Պետք է վաստակես «Ուեմբլի» տանող քո ճանապարհը: Հիմա մեզ անհրաժեշտ է ոչ-ոքի արդյունքով ավարտել պատասխան խաղը, բայց մենք նաև ցանկանում ենք հաղթել: Մենք ունենք փոքր առավելություն ու լավ հնարավորություն»: