Logo

ՊՍԺ-ի սխալներն ու «Ռեալի» լուռ քաղաքականությունը «Մբապեի պատերազմում»

Հեղինակ
Արամ Սահակյան
18:14 / 15.05.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

ՊՍԺ-ն պարտվեց «Մբապեի պատերազմում»։ Անցնող օրերի տրանսֆերային գլխավոր նորությունը հայտարարեց ֆրանսիական ֆուտբոլի դեմքը՝ Կիլիան Մբապեն: Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագը սոցցանցերի իր էջերում տեսանյութ հրապարակեց՝ հայտարարելով այս մրցաշրջանի ավարտից հետո «Պարի Սեն Ժերմենից» հեռանալու մասին:

Աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկն ամռանը նոր ակումբ կունենա՝ տեղափոխվելով այնտեղ անվճար: Կարդացե՛ք նորից. անվճար: Սա ՊՍԺ-ի պարտությունն է, ակումբի ղեկավար կազմի անհաշվենկատ քաղաքականության ու նույնիսկ Ֆրանսիայի քաղաքական էլիտայի ոչ ֆուտբոլային քայլերի արժանի պատասխանը: «Սիրո հավերժ քաղաքի» ամենատաղանդավոր ֆուտբոլ խաղացող տղան հեռանում է Փարիզից: Ու եկեք դադարենք խորիմաստ լռել. մենք բոլորս գիտենք, թե ուր է գնում նա:

Անիմաստ համառություն

«Պարի Սեն Ժերմենը» Մբապեի շուրջ ստեղծված իրավիճակում երկու անգամ կոպտագույն սխալ թույլ տվեց: 2021 թվականին ֆուտբոլիստը ցանկանում էր հեռանալ ակումբից: Նրա պայմանագրի ժամկետն ավարտվում էր 2022 թվականի ամռանը: Մադրիդի «Ռեալը» 2021-ի ամռանը մտավ շուկա այնտեղից Մբապեի տրանսֆերով դուրս գալու նպատակով: Հենց այստեղ էր, երբ փարիզյան թիմի ղեկավարությունը սկսեց իր «անիմաստ համառությունը»: Նասեր Ալ-Խելաիֆին որոշեց լսել «Ռեալի» առաջարկները: Տրանսֆերային շուկայի վերջում «Արքայական ակումբը» մի քանի առաջարկ կատարեց՝ յուրաքանչյուր հաջորդ առաջարկում բարելավելով գումարը: Սակայն նույնիսկ 200 միլիոն եվրոն բավարար չէր Ալ-Խելաիֆիի համար: Նա Մբապեին պահեց փարիզյան «ֆուտբոլային բանտում»:

Արագ արձագանքման մաստեր-կլաս «Ռեալից» 

Մբապեն չեկա՞վ․ հոգ չէ: «Ռեալը» արագ արձագանքեց տեղի ունեցածին: Մադրիդում որոշեցին Մբապեի համար տարիներով «կոպեկ-կոպեկ» հավաքած գումարներն ուղղել այլ ուղղությամբ: Հենց 2021-ի ամռանը՝ տրանսֆերային շուկայի վերջին օրերին, «Արքայական ակումբը» պայմանագիր ստորագրեց ֆրանսիական ֆուտբոլի մեկ այլ հեռանկարային խաղացողի՝ Էդուարդո Կամավինգայի հետ: Հաջորդ տարի «Ռեալը» գնեց նաև Օրելյան Չուամենիին՝ փակելով այն գոտին, որը բաց էր մնացել Կազեմիրոյին լավ գումարի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդ» ուղարկելուց հետո:

Անհավանական մրցաշրջան, որ փոխեց «Ռեալի» մոտեցումը

Քչերն էին սպասում, որ «Ռեալը» Մբապեի ձախողված տրանսֆերից հետո 2021/22 մրցաշրջանն ավարտելու է «Սիբելեսում» երկու անգամ երկրպագուներին հավաքելով: Լա լիգայում վստահ հաղթանակին հաջորդեց Չեմպիոնների լիգայում խելահեղ ճանապարհն ու «դեսիմակուատրայի» նվաճումը:

Հենց հաղթական եզրափակիչից օրեր առաջ Մբապեն հայտարարեց Փարիզում մնալու մասին՝ կոտրելով «ճերմակների» երկրպագուների սրտերը: Սակայն «Ռեալում» մոտեցումը մնաց անփոփոխ. Մբապեն կա՛մ կգա անվճար, կա՛մ փարիզյան «ֆուտբոլային ավազակապետության» կողմից ուղիղ կոնտակտ հաստատելու դեպքում:

ՊՍԺ-ի երկրորդ ու վճռորոշ սխալը

ՊՍԺ-ն ուներ հնարավորություն հարձակվողին անվճար չթողնելու: Դրա համար նրանք պարզապես պետք է 2023-ի ամռանը ուղիղ կոնտակտի դուրս գային Մադրիդի հետ: «Ռեալը» հաստատ կքննարկեր կլորիկ գումարի դիմաց Մբապեին գնելու տարբերակը: Սակայն փարիզյան ակումբը շարունակեց անիմաստ համառությունը: Կիլիանը հայտարարեց, որ չի երկարաձգելու պայմանագիրը, ՊՍԺ-ն պետք է սկսեր գործել: Սակայն Ալ-Խելաիֆին հավանաբար վստահ էր, որ Ֆրանսիայի հավաքականի ավագին նորից կկարողանա համոզել մնալ իր ծննդավայրում: Իսկ «Ռեալը» լուռ էր: Նրանք իրենց քաղաքականությունից չշեղվեցին՝ սպասելով Մբապեին անվճար:

«Երբեք ավարտված չէ»

Մբապեն տարիներ առաջ հայտարարել էր, որ «Ռեալ» տեղափոխվելու երազանքը երբեք ավարտված չէ իր համար: Նա հավատարիմ մնաց իր խոսքին: Այս երկու մրցաշրջաններում Ալ-Խելաիֆին իր համառությամբ չհասավ ամենաբաղձալի նվաճմանը՝ Չեմպիոնների լիգայում հաղթելուն: ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուին ակումբում պահելու գլխավոր նպատակը հենց ականջավոր գավաթը հաղթելն էր: Իսկ «Ռեալն» այս ընթացքում ավելի մեծացրեց իր թանգարանի եվրոպական հատվածն ու այդ ամենը շարունակելու նոր շանս ունի արդեն «Ուեմբլիում»: Ավելի ուժեղ կազմ, նոր ֆուտբոլիստներ ու անվճար Մբապե հաջորդ մրցաշրջանում. սրանք «Ռեալի» հաղթանակներն են, իսկ ՊՍԺ-ն անկախ ամեն ինչից մնաց առանց իր աստղի, որոշակիորեն վարկաբեկված հեղինակությամբ ու առանց Չեմպիոնների լիգայի գավաթի:

Փարիզը «Մբապեի պատերազմում» պարտվեց «Ռեալին» ու Ֆլորենտինո Պերեսին: Բայց Չեմպիոնների լիգայում հաղթելն առայժմ Մբապեից կախված չի եղել որևէ թիմի համար: Այնպես որ, նրա հեռանալը գուցե այդ առումով դրական լինի ՊՍԺ-ի տեսանկյունից: Մբապեով, թե առանց նրա ՊՍԺ-ն շարունակելու է երազել Չեմպիոնների լիգայի մասին: Իսկ 25-ամյա ֆուտբոլիստը, կարծես, հասնում է իր երազանքին, որն էր Մադրիդի «Ռեալում» խաղալը: