Logo

«Ռեալ» - «Բավարիա»․ Եվրոպական Կլասիկոյում նոր էջ է գրվելու

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
16:11 / 08.05.2024Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի եզրափակիչի վերջին ուղեգիրը մայիսի 8-ին կվիճարկեն Մադրիդի «Ռեալն» ու Մյունխենի «Բավարիան»։ VNews-ը ներկայացնում է կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման անոնսը։

Գլխավոր եվրագավաթում ամենահարուստ պատմություն ունեցող դիմակայություններից մեկում նոր էջ է գրվելու: «Ռեալի» ու «Բավարիայի» միջև խաղերը, որոնք հիմնականում կայանում են ամենավճռորոշ փուլերում, միշտ հաղորդում են այն զգացումները, որոնց երկրպագուները սպասում են ամբողջ մրցաշրջանի ընթացքում:

Այս անգամ առաջին խաղից հետո պայքարն ամբողջովին բաց է, ինտրիգը՝ ողջ: Մյունխենում «Բավարիան» խաղաց առաջին համարով, ստեղծեց պահեր, բայց իրացրեց միայն երկուսը: Իսկ «Ռեալը» հավատարիմ մնաց իր ոճին՝ չնչին հնարավորություններից քաղելով առավելագույնը:

Մադրիդում կայանալիք մրցավեճում մի շարք խաղացողներ ապացուցելու շատ բան ունեն: Առաջինը Ջուդ Բելինգեմն է, որն Իսպանիայի առաջնության լավագույն ռմարկուներից է, սակայն Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում անգլիացին իր լավագույն որակները դեռ չի դրսևորել ու նույնիսկ գոլ չի խփել: Նրա մոտիվացիան շատ մեծ է՝ հաշվի առնելով, որ երբեք չի հաղթել «Բավարիային» ու Չեմպիոնների լիգայի հնարավոր եզրափակիչում սպասում է իր նախկին ակումբ Դորտմունդի «Բորուսիան»: Փլեյ-օֆֆի նախորդ խաղերում Ջուդը մնացել է Ռոդրիգոյի ու Վինիսիուսի ստվերում:

Մյուս կողմում Բելինգեմի ընկեր, մեկ այլ տաղանդավոր ֆուտբոլիստ Ջամալ Մուսիալան է: 21-ամյա խաղացողի ներուժը բոլորն են բարձր գնահատում, բայց նրան պակասում է մեծ բեմում փայլելը, իսկ «Սանտիագո Բեռնաբեուն» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում հենց այդ մեծ բեմը կարող է լինել Մուսիալայի համար: Ինչու ոչ, նաև իր թիմակից Հարի Քեյնի համար, որը շարունակում է երազել լոնդոնյան եզրափակիչի ու կարիերայի առաջին տիտղոսի մասին: Անգլիացին, որի համար մյունխենցիները վճարեցին 95 միլիոն եվրո, կփորձի առաջնորդել «Բավարիային» եզրափակիչ՝ 4 տարվա դադարից հետո:

Մարզչական դիմակայությունը նույնպես անչափ հետաքրքիր է: Թոմաս Տուխելը՝ որպես մարզիչ, «Ռեալի» համար մղձավանջային մրցակից է: Գերմանացու թիմերը երբեք չեն պարտվել «Սանտիագո Բեռնաբեուում»: Իսպանիայի նորընծա չեմպիոնը 9 խաղ է անցկացրել Տուխելի թիմերի դեմ ու տարել ընդամենը 1 հաղթանակ:

Բայց Տուխելի մրցակիցը պարոն Չեմպիոնների լիգան է՝ այս մրցաշարի ամենահաջողակ մարզիչը: Կառլո Անչելոտին միակն է, որ 4 անգամ որպես մարզիչ նվաճել է տիտղոսը, ու այս մրցաշրջանում ունենալով որդու՝ Դավիդեի աջակցությունը նա «Ռեալը» դարձրել է տակտիկապես ավելի ամուր, կարողանում է հարմարվել խաղի ցանկացած սցենարի և արդեն հաղթահարել է բոլորի մոտ սարսափ առաջացնող «Մանչեսթեր Սիթիի» արգելքը:

Առաջին խաղում գրանցված 2-2 հաշիվը վերահաստատում է, որ չնայած երկու թիմերի անցկացրած տարբեր մրցաշրջաններին՝ այս դիմակայությունը միշտ էլ հավասար է ու անկանխատեսելի: «Ռեալը» գնում է 15-ի հետևից, «Բավարիան» ցանկանում է «Ուեմբլիի» եզրափակիչի կրկնությունը 11 տարի անց: Մադրիդյան ներկայացումը երաշխավորված է:

«Ռեալ» - «Բավարիա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և կցուցադրվի Fast Sports հեռուստաալիքի ուղիղ եթերում:

Ուշագրավ փաստեր՝ խաղից առաջ

  • «Ռեալը» հանդիպմանը մոտենում է 20-խաղյա անպարտելիության շարքով
  • «Բավարիան» հանդիպմանը մոտենում է «Շտուտգարտից» կրած 1-3 հաշվով պարտությամբ
  • Նախորդ խաղում «Ռեալը» 3-0 հաշվով հաղթել է «Կադիսին» ու 36-րդ անգամ հռչակվել Իսպանիայի չեմպիոն
  • Թիմերի միջև նախորդ 6 խաղերում արձանագրվել է ընդհանուր 24 գոլ
  • Խաղը կսպասարկի լեհ Շիմոն Մարցինյակի գլխավորած մրցավարական անձնակազմը
  • «Բավարիան» նախորդ 10 արտագնա խաղերում տարել է ընդամենը 3 հաղթանակ
  • «Ռեալը» նախորդ 10 տնային խաղերում տարել է 7 հաղթանակ, գրանցել 3 ոչ-ոքի
  • «Ռեալը» չի պարտվել այս մրցաշրջանի տնային խաղերում
  • Թիմերի կազմերում որակազրկված ֆուտբոլիստներ չկան
  • Հարի Քեյնն այս մրցաշրջանում խփել է 44 գոլ՝ թարմացնելով անձնական ռեկորդը
  • «Բավարիան» 21-րդ անգամ է մասնակցում ՉԼ կիսաեզրափակիչին, «Ռեալը»՝ ռեկորդային 33-րդ
  • «Բավարիան» ու «Ռեալը» մրցաշարի այս փուլում հանդիպում են 8-րդ անգամ՝ 5-ով ավելի, քան ցանկացած այլ զույգ
  • Փլեյ-օֆֆում «Ռեալը» հաղթահարել է գերմանական «Լայպցիգի» ու անգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգելքը
  • Փլեյ-օֆֆում «Բավարիան» հաղթահարել է իտալական «Լացիոյի» ու անգլիական «Արսենալի» արգելքը
  • Թիմերի միջև վերջին 27 խաղերից 12-ը հաղթել է «Ռեալը», 11-ը՝ «Բավարիան»
  • Իսպանական թիմերի դեմ խաղերում «Բավարիան» գրանցել է 33 հաղթանակ, 17 ոչ-ոքի, 20 պարտություն
  • Իսպանական թիմերի դեմ արտագնա խաղերում «Բավարիան» գրանցել է 9 հաղթանակ, 7 ոչ-ոքի, 16 պարտություն
  • Գերմանական թիմերի դեմ խաղերում «Ռեալը» գրանցել է 40 հաղթանակ, 16 ոչ-ոքի, 24 պարտություն
  • Գերմանական թիմերի դեմ տնային խաղերում «Ռեալը» գրանցել է 28 հաղթանակ, 7 ոչ-ոքի, 3 պարտություն
  • Կառլո Անչելոտին 2016-18թթ. գլխավորել է «Բավարիան»
  • Անչելոտին 2016/17 մրցաշրջանում «Բավարիայի» ղեկին դարձել է Գերմանիայի չեմպիոն
  • Անչելոտին մինչև այս մարզչի կարգավիճակում «Բավարիային» հանդիպել է 9 անգամ ու երբեք չի պարտվել
  • Տոնի Կրոսը 2007-2014թթ. հանդես է եկել «Բավարիայում»
  • Դավիդ Ալաբան 2009-2021թթ. հանդես է եկել «Բավարիայում»
  • Գերեյրուն ու Բելինգեմը, Սանեն ու Բրահիմը, Կիմն ու Գյուլերը նախկին թիմակիցներ են
  • Ռյուդիգերն ու Կեպան «Չելսիում» հանդես են եկել Տուխելի գլխավորությամբ
  • Մյուլերը (104) Ռոնալդուից (115) հետո ՉԼ-ում ամենաշատ հաղթանակ տարած խաղացողն է
  • «Բավարիան» 2024թ. գրանցել է 12 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 7 պարտություն
  • «Ռեալը» 28 մրցաշրջան մասնակցել է ՉԼ-ին և ռեկորդը կիսում է «Բարսելոնայի» հետ
  • Մանուել Նոյերը «չոր» խաղերի քանակով (58) ՉԼ ռեկորդակիր է
  • Ջուդ Բելինգեմն ընթացիկ մրցաշրջանի 38 խաղում խփել է 22 գոլ
  • Մադրիդի «Ռեալն» անպարտելի է կիսաեզրափակիչների նախորդ 10 տնային խաղերում (6 հաղթանակ)
  • Արտագնա առաջին խաղը 2-2 հաշվով ավարտելուց հետո «Ռեալը» տնային խաղը հաղթել է բոլոր 5 դեպքերում
  • «Ռեալը» տանը 30-խաղյա անպարտելիության շարք ունի
  • Թոմաս Մյուլերը ռեկորդակիր է Բունդեսլիգայում տարած հաղթանակների քանակով (338)
  • «Ռեալն» այս մրցաշրջանում 49 խաղում կրել է ընդամենը երկու պարտություն, երկուսն էլ՝ «Աթլետիկոյից»
  • Վինին այս մրցաշրջանի 33 խաղում խփել է 21 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում
  • «Առաջին խաղում նրանք մեզնից լավն էին». Կառլո Անչելոտի
  • «Երկու պահ, երկու գոլ». Տուխելը՝ առաջին խաղում «Ռեալի» գոլերի մասին
  • «Միշտ մեծ վստահություն ունեմ, քանի որ մենք «Ռեալն» ենք». Անչելոտի
  • «Իրավիճակը շատ պարզ է՝ հաղթանակ Մադրիդում, և «Ուեմբլիում» ենք». Տուխել
  • «Ես ունեմ լավագույն կազմը». Կառլո Անչելոտի
  • «Հնարավորությունները 50-50 են. տեսնենք՝ ինչ կլինի». Տուխել
  • ««Ռեալն» ու «Բավարիան» շատ նման են, մենք շատ ենք հարգում «Բավարիային»». Անչելոտի