Logo

«Ռեալը» հաղթեց և ընդհուպ մոտեցավ չեմպիոնությանը

20:12 / 04.05.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի 34-րդ տուրում ընդունեց «Կադիսին» և հաղթեց 3-0 հաշվով: Գոլի հեղինակ դարձան Մարոկկոյի հավաքականի վինգեր Բրահիմ Դիասը, անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն ու իսպանացի հարձակվող Խոսելուն:

«Ռեալի» կազմում 11 ամիս անց խաղադաշտ վերադարձավ բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան, որն ամբողջական հանդիպում անցկացրեց:

Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 87 միավորով վստահորեն գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Արքայական ակումբը» 14 միավորով առաջ պոկվեց երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից», եթե գործող չեմպիոնը քիչ անց մեկնարկելիք կատալոնական դերբիում չհաղթի լավագույն եռյակը եզրափակող «Ժիրոնային», ապա մադրիդցիներն առաջնության ավարտից չորս տուր առաջ կապահովեն չեմպիոնությունը:

«Կադիսը» 26 միավորով 18-րդն է, 5 միավոր է զիջում 17-րդ տեղում գտնվող «Սելտային», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել:

Իսպանիայի Լա լիգա, 34-րդ տուր

«Ռեալ» - «Կադիս»՝ 3-0 

Բրահիմ Դիաս, 51, Ջուդ Բելինգեմ, 68, Խոսելու, 90+3