Logo

Սառցե սիմֆոնիա. ինչո՞ւ է հոկեյն աշխարհի ամենադիտարժան սպորտաձևերից մեկը

Հեղինակ
Արտուշ Հարությունյան
14:03 / 22.04.2024Հոկեյ
Բացառիկ
null

Կայծակնային արագություն, չմուշկների վրա սահող հսկաներ, մականի ու տափօղակի կառավարում, հուժկու կրակոցներ, աթլետիզմ, վայրկյանների ընթացքում որոշում կայացնելու ունակություն, անսասան վճռականություն և կամք։ Գործոններ, որոնք հակասում են մարդկային սահմանափակումներին և ստեղծում են շարժման բալետ։

VNews-ն առանձնացրել է այն գործոնները, որոնց շնորհիվ տափօղակով հոկեյը համարվում է աշխարհի լավագույն ու ամենադիտարժան սպորտաձևերից մեկը:

Արագություն

Աշխարհի մյուս սպորտաձևերից հոկեյն առաջին հերթին առանձնանում է արագությամբ և անզուգական ինտենսիվությամբ։ Ֆուտբոլի մեկ խաղի ժամանակ մոտավորապես 20-30 րոպե գործողություն չի կատարվում, բասկետբոլում հանդիպման վերջին 20 խաղային վայրկյանը կարող է տևել մի քանի րոպե, իսկ հոկեյում յուրաքանչյուր վայրկյանը կամքի կռիվ է։ Հոկեյիստները սահում են միջինը 25 կմ/ժ արագությամբ, իսկ տափօղակը նետումներից հետո զարգացնում է միջինը 90 կմ/ժ արագություն։

Գործողությունների շքերթ

Ինչպես ֆուտբոլում ու մի շարք այլ թիմային սպորտաձևերում, հոկեյում նույնպես խաղացողների գլխավոր նպատակը դարպասը գրավելն է, բայց հոկեյը սպորտաձև չէ միայն գոլի մասին։ Հանդիպման առաջին վիճաբանականից հետո սկսվում է գործողությունների իսկական շքերթ։ Մարտավարական պայքար, հերթափոխեր, վիճաբանականներ, պայթունավտանգ նետումներ, անողոք ուժային հնարքներ, անհավատալի սեյվեր, ձեռնամարտեր, որոնք մեծ ադրենալին են հաղորդում մարզաձևին և պահանջում են կատարողական բարձր վարպետություն։

Հոկեյիստներն իսկական մարտիկներ են

Հոկեյը մարզական վարպետության իսկական գլուխգործոց է, գայթակղիչ դրամա, որը պահանջում է գերբնականին սահմանակից ուժի և վարպետության մակարդակ: Պատմության մեջ շատ են դեպքերը, երբ հոկեյիստներն ամբողջ հանդիպման ընթացքում հանդես են եկել տարբեր վնասվածքներով ու նույնիսկ կոտրվածքներով: NHL-ի նախորդ մրցաշրջանում «Ֆլորիդայի» հարձակվող Մեթյու Տկաչուկը կոնֆերենցիայի եզրափակիչում 19 րոպե անցկացրեց կոտրված կրծքավանդակով և «Կարոլինայի» դեմ դիմակայության վճռորոշ խաղի ավարտից հինգ վայրկյան առաջ դարձավ հաղթական տափօղակի հեղինակ:

Ձեռնամարտեր

Ֆիզիկական տվյալները մարզաձևի ԴՆԹ-ի անբաժանելի մասն են։ Հոկեյն աշխարհի միակ սպորտաձևն է, որտեղ թույլատրվում է կռվել։ Հոկեյիստների միջև կռիվները կարող են սկսվել տարբեր պատճառներով։ Հանդիպման ցանկացած պահի երկու մրցակիցներ կարող են մի կողմ նետել ձեռնոցներն ու անցնել ձեռնամարտի։ Մրցավարները չեն միջամտում այնքան ժամանակ, մինչև հոկեյիստներից մեկը հայտնվի սառույցին։ Հաճախ լինում են դեպքեր, որ հանդիպման առաջին վիճաբանականից անմիջապես հետո ձեռնամարտի են անցնում թիմերի բոլոր հոկեյիստները։

Թվային առավելություն և տուգանային արկղ

Տուգանային գոտում հայտնվելը հաճախ հոկեյիստներին ստիպում է նյարդայնանալ ինչպես փոքրիկ երեխաները: Ձեռնամարտերի, բարձր մականով խաղի, մրցակցին կողապատնեշին հրելու և մի շարք այլ խախտումների պատճառով հոկեյիստները խաղի ընթացքում ստանում են երկու րոպե տուգանք, իսկ մրցակից թիմը՝ թվային առավելություն: Ավելի կոպիտ խախտումների դեպքում տուգանային ժամանակի չափը կարող է երկարել: Թիմերը ստանում են մեկ, երբեմն նաև երկու հոկեյիստի առավելություն, իսկ հեռացված խաղացողը ժամանակից շուտ վերադառնում է, եթե մրցակիցը կարողանում է գրավել դարպասը:

Ավանդույթներ

Հոկեյը պարծենում է հարուստ ժառանգությամբ և ունի ավելի քան 150 տարվա պատմություն: Սառած լճակների վրա խաղալուց մինչև պրոֆեսիոնալ լիգաների ստեղծումը ձևավորվել են նաև մի շարք ավանդույթներ, որոնք պահպանվում են մինչև օրս: Տպավորիչ է հատկապես Սթենլիի գավաթում հոգնեցուցիչ դիմակայության ավարտից հետո թիմերի ջենթլմենական ձեռքսեղմումը: Կան նաև եզակի նախախաղային արարողություններ և հատուկ ավանդույթներ: Օրինակ՝ «Դետրոյթի» երկրպագուները հանդիպումների ժամանակ սահադաշտ են նետում ութոտնուկներ: Առաջին անգամ նման դեպք գրանցվել է 1952 թվականին, երբ ութոտնուկի 8 ոտքերը խորհրդանշում էին հետսեզոնային ութ հաղթանակները, որոնք անհրաժեշտ էին Սթենլիի գավաթը նվաճելու համար: Հիմա նման հաջողության հասնելու համար անհրաժեշտ է 16 հաղթանակ, այդ պատճառով «Նեշվիլի» երկրպագուները սահադաշտ են նետում կատվաձուկ, իսկ «Ֆլորիդայի» երկրպագուները՝ խաղալիք առնետներ:

Երաժշտություն և հոկեյ

Գոլից հետո միանում է դարպասի գրավումն արձանագրող ազդանշանը, որին միախառնվում են երկրպագուների վանկարկումները, իսկ այդ աղմուկն ամբողջանում է հատուկ երաժշտությամբ: NHL-ում յուրաքանչյուր թիմ ունի իր երգը: «Դետրոյթի» տնային խաղերում գոլից հետո միանում է Էմինեմի Without Me կատարումը, «Չիկագոյի» տնային խաղերում՝ The Fratellis ռոք խմբի Chelsea Dagger կատարումը, իսկ «Ռեյնջերսի» խաղերում՝ Ռեյ Կաստոլդիի Slap Shot երգը:

Թիմային խաղ

Հոկեյն աշխարհի ամենաբարդ թիմային մարզաձևերից է: Բասկետբոլում կամ ֆուտբոլում մեկ ընդգծված առաջատարը կարող է տարբերություն ապահովել, իսկ հոկեյում պատկերն այլ է: Որքան էլ, որ կան Քոնոր Մքդևիդի և Օսթոն Մեթյուսի նման գերաստղեր, հաջողության հասնելու համար պետք է կատարել թիմային աշխատանք` առաջատարներից մինչև չորրորդ օղակի խաղացողներ: Բոլորը պետք է կյանքի կոչեն մարզչի գաղափարները, խաղան նույն փիլիսոփայությամբ և նույն տեմպով:

Սթենլիի գավաթ և անկանխատեսելիություն

Նախօրեին պատմություն դարձավ Հոկեյի ազգային լիգայի (NHL) 2023/24 մրցաշրջանի կանոնավոր առաջնությունը։ Հոկեյի երկրպագուներից շատերի համար մրցաշրջանը սկսվում է ոչ թե սեպտեմբերին, այլ ապրիլիին, երբ մեծ եզրափակիչ հասնելու և Սթենլիի գավաթը նվաճելու համար պայքարը շարունակում են 16 ուժեղագույն թիմերը։

Կանոնավոր առաջնությունում յուրաքանչյուր թիմ անցկացնում է 82 հանդիպում և գալիս է ժամանակահատված, երբ շատերն ապահովում են տեղը փլեյ-օֆֆում ու սկսում են ուժեր խնայել, իսկ այն թիմերը, որոնք կորցնում են փլեյ-օֆֆում հայտնվելու շանսը, սկսում են խաղալ առանց լուրջ մոտիվացիայի և մտածել հաջորդ մրցաշրջանի մասին։ Սթենլիի գավաթում պատկերն ամբողությամբ այլ է։ Երկու կոնֆերենցիաներում կազմվում են քառորդ եզրափակիչի զույգեր և յուրաքանչյուր դիմակայությունում հաղթում է այն թիմը, որն առաջինն է հասնում չորս հաղթանակի սահմանագծին։

NHL-ը, անկասկած, աշխարհի լավագույն հոկեյի լիգան է, իսկ Սթենլիի գավաթում խաղալը յուրաքանչյուր հոկեյիստի երազանքը։ Երկրպագուներից շատերին գրավում է լիգայի անկանխատեսելիությունը։ 21-րդ դարում միայն «Պիտսբուրգն» ու «Տամպա Բեյն» են կարողացել երկու անգամ անընդմեջ նվաճել գավաթը, իսկ երեք անընդմեջ չեմպիոնություն վերջին անգամ գրանցել է «Այլենդերսը»՝ հեռավոր 1982 թվականին։

Ֆիզիկական խաղից և անդադար գործողություններից մինչև ապշեցուցիչ և հմուտ մանևրներ, հոկեյն ավելին է, քան պարզապես խաղը, այն ադրենալինի իսկական հոսք է, իսկ ադրենալինի մակարդակն ու անկանխատեսելիությունը Սթենլիի գավաթի նոր խաղարկությունում խոստանում են հասնել նոր մակարդակի: Պարզապես պետք է սիրել այս սառցե մարզաձևը և այն կպատասխանի միայն ջերմությամբ:

Ինչպես են հայ մեկնաբանները նկարագրում հոկեյը. 7 պարզ հարց սառը մարզաձևի մասին