Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գոլն ու ասիստն օգնեցին «Կրասնոդարին» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում 3-2 հաշվով տնային հաղթանակ տանել Կալինինգրադի «Բալթիկայի» նկատմամբ։
50-րդ րոպեին Սպերցյանը գեղեցիկ գոլ խփեց ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովի փոխանցումից հետո, իսկ 10 րոպե անց օգնեց աչքի ընկնել կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբային, որը դարձավ դուբլի հեղինակ:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը 24 խաղում խփել է 10 գոլ ու կատարել 7 արդյունավետ փոխանցում։
«Բալթիկայի» կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի նորեկ, 22-ամյա կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը, որը փոխարինման դուրս եկավ 70-րդ րոպեին: Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը բացակայում էր «Կրասնոդարի» հայտացուցակից:
«Կրանսոդարը» վաստակեց 49 միավոր և երկրորդ տեղում է։ Մուրադ Մուսաևի գլխավորած թիմն արդեն 1 միավոր է զիջում առաջնության առաջատար Սանկտ Պետերբուրգի «Զենիթին», որը տանը 0-2 հաշվով պարտվեց Կազանի «Ռուբինին»: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն «Ռուբինի» կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը:
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 25-րդ տուր
«Կրանսոդար» - «Բալթիկա»` 3-2
Ջոն Կորդոբա, 31, 60, Էդուարդ Սպերցյան, 50 - Դանիլա Կոզլով, 57, 89
«Զենիթ» - «Ռուբին»՝ 0-2
Միրլինդ Դակու, 50, Ալեքսանդր Մարտինովիչ, 67