Logo

«Սոնալդու». Ասիական ֆուտբոլի դեսպանը Եվրոպայում

Հեղինակ
Արմեն Մանուկյան
11:20 / 28.03.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Լեդլի Քինգ, Ուգո Լյորիս, Հարի Քեյն, իսկ հիմա Հյոն Մին Սոն: Լոնդոնի «Տոտենհեմը» 141 տարվա գոյության ընթացքում առաջին անգամ ունի ավագ, որը չի ներկայացնում հին մայրցամաքը: 31-ամյա հարավկորեացի հարձակվողը, դառնալով անգլիական ակումբի դրոշակակիրը, առաջին հերթին մեծացրեց ասիական ֆուտբոլի հեղինակությունը, հետո կոտրեց համաշխարհայի ֆուտբոլում առկա այն կարծրատիպը, որ ասիացի ֆուտբոլիստները չեն կարող առաջատար լինել եվրոպական թիմերում:

Ուգո Լյորիսը 6 տարի շարունակ լոնդոնյան թիմի հանդերձարանի առաջատարն էր և վայրիվերումներով հարուստ ճանապարհի վերջում էստաֆետը փոխանցեց հարավկորեացուն: Սոնն այդ պատվաբեր մարտահրավերն ընդունեց՝ բարձր մարդկային որակների, թիմին անմնացորդ նվիրման և տարիների ընթացքում ունեցած վաստակի հաշվին:

Հյոն Մին Սոնը ծնվել է Հարավային Կորեայի Գանգվոն վարչական շրջանի մայրաքաղաք Չհյոնչյոնում: Նրա հայրը՝ Սուն Վուն Չյունը, ևս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է եղել, բայց 28 տարեկանում ծնկի խաչաձև կապանների վնասվածք ստանալու պատճառով թողել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ու սկսել զբաղվել մարզչական աշխատանքով: Սոնի, որպես ֆուտբոլիստ կայացման գործում, Վուն մեծ ներդրում ունի: Հայրը որդու համար մարզումային գրաֆիկ էր սահմանել ու ասիական ֆուտբոլի ապագա գերաստղն իրավունք չուներ շեղվել գծված ուղուց: Սոնը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է «Սեուլ» ակումբում: Երբ 16 տարեկան էր, Գերմանիայի ու Հարավային Կորեայի ֆուտբոլային միությունները փորձի փոխանակման ծրագիր հաստատեցին, որի արդյունքում մի քանի կորեացի երիտասարդ տեղափոխվեց Գերմանիա ուսանելու:

Սոնը հայտնվեց «Համբուրգի» համակարգում: Արդեն 18 տարեկանում նա նորամուտը նշեց հանզայական թիմի հիմնական կազմում ու խաղում էր կարիերայի մայրամուտն ապրող հոլանդացի անվանի հարձակվող Ռուդ Վան Նիստելռոյի հետ: Ընդամենը մի քանի խաղը բավարար էր, որ նիդեռլանդցին նկատեր երիտասարդի բարձր խաղային որակներն ու այդ մասին խոսեր «Համբուրգի» ղեկավարության հետ: 2013 թվականին Հյոն Մին Սոնը տեղափոխվեց Լևերկուզենի «Բայեր», որն էլ հրաշալի ցատկահարթակ դարձավ հարավկորեացի հարձակվողի համար Անգլիայի Պրեմյեր լիգային հասնելու համար:

2015-ին Լոնդոնի «Տոտենհեմը», «ասպիրինայիններին» վճարելով 30 միլիոն եվրո, գնեց Հարավային Կորեայի հավաքականի առաջատարին՝ նրան դարձնելով պատմության ամենաթանկ ասիացի ֆուտբոլիստը: Հիանալի դրիբլինգի, գոլ խփելու կարողության և կայծակնային արագության շնորհիվ Հյոնը ստացավ «Սոնալդու» մականունը: Երկրպագուները Սոնին համեմատում են պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի հետ: 2014-2016 թվականներին հարավկորեացին բացառիկ տաղանդի ու հետևողական աշխատանքի միջոցով երեք տարի անընդմեջ արժանացավ Ասիայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին: 2016-2017 մրցաշրջանում նա պատմություն գրեց՝ Պրեմիեր լիգայում 10 գոլ խփելով և դարձավ առաջին ասիացի ֆուտբոլիստը, որն աշխարհի ամենաբարդ լիգայում երկնիշ ցուցանիշով գոլային արդյունավետություն է ցույց տալիս:

Քչերը գիտեն, որ բացի ֆուտբոլում ունեցած հաջողություններից, ասիական ֆուտբոլի գերաստղը թաեքվոնդոյի մեծ սիրահար է ու այդ մարզաձևում անգամ սև գոտի ունի: 2018 թվականի Ասիական խաղերի ֆուտբոլի մրցաշարը ո՛չ Հյոն Մին Սոնը, ո՛չ էլ «Տոտենհեմի» երկրպագուները չեն մոռանա: Մրցաշարն առանձնահատուկ էր․ եթե Հարավային Կորեայի հավաքականը չտիրեր գավաթին, Սոնը ստիպված էր լինելու թողնել ֆուտբոլն ու 2 տարի անցնել զինծառայության: Հարավային Կորեայում ևս կա պարտադիր զինվորական ծառայություն: Հետաքրքիր է, որ մինչև 2018 թվականի Ջակարտայում անցկացված Ասիական խաղերը, 2014-ի նույն մրցաշարում հարավկորեացիները հաղթել էին, բայց «Բայերի» ղեկավար կազմը թույլ չէր տվել Սոնին մասնակցել Խաղերին ու դրանով վտանգի էր ենթարկել ֆուտբոլիստի կարիերան: Ի վերջո Հյոնն ու ընկերները հասան եզրափակիչ ու հաղթեցին Ճոպոնիայի հավաքականին: «Տոտենհեմի» աստղը երկրին մատուցած սպորտային ծառայության համար ազատվեց բանակային ծառայությունից ու 2 տարվա փոխարեն 20-օրյա զորավարժանքների մասնակցելուց հետո վերադարձավ «Մառախլապատ Ալբիոն»:

2022 թվականի նոյեմբերի 1-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Տոտենհեմն» արտագնա խաղում մրցում էր ֆրանսիական «Մարսելի» հետ: Դրվագներից մեկում «Մարսելի» պաշտպան Շանսել Մբեմբան այտոսկրի ծանր վնասվածք հասցրեց Հյոն Մին Սոնին: Ֆուտբոլիստը դեմքի 4 կոտրվածք էր ստացել ու ռիսկի էր դիմում չմասնակցել օրեր հետո մեկնարկող աշխարհի առաջնությանը: Վիրահատական միջամտությունից հետո Սոնը ոտքի կանգնեց ու պաշտպանիչ դիմակով վերադառնալով խաղադաշտ՝ ազգային թիմի լավագույն ֆուտբոլիստներից մեկն էր Կատարում: Հենց նրա վճռական փոխանցումից հետո Հվան Հի Չանը գրավեց Պորտուգալիայի հավաքականի դարպասն ու, հաղթանակ պարգևելեով ասիացիներին, Հարավային Կորեային դուրս բերեց Մունդիալի 1/8 եզրափակիչ: Ա՛յո Բրազիլիայի հետ խաղում հարավկորեացիները շանս չունեցան ու պարտվեցին փլեյ-օֆֆում, բայց Սոնի քաջություն-անձնազոհությունն անհնար է մոռանալ:

Հարձակվողը շատ լուրջ է վերաբերվում ֆուտբոլին։ Հարցազրույցներից մեկի ժամանակ նա հայտարարել է, որ չի պատրաստվում ամուսնանալ մինչև իր խաղային կարիերայի ավարտը՝ պատճառաբանելով, որ ընտանիքը կշեղի իրեն աշխատանքից։ Հյոն Մին Սոնի կարիերայի ևս մեկ կարևոր գլուխ գրվեց Պրեմիեր լիգայի 2021-2022 մրցաշարջանում: 23 անգամ գրավելով մրցակիցների դարպասը՝ Սոնն ու Մոհամեդ Սալահը կիսեցին Անգլիայի առաջնության լավագույն ռմբարկուի կոչումը: Սոնն այստեղ էլ ռեկորդ սահմանեց՝ դառնալով եվրոպական թոփ-5 լիգաներում միակ ասիացին, որը նման հաջողության է հասնում:

Այս մրցաշրջանում Անգե Պոստեկօղլուի կողմից Սոնին՝ որպես ավագի ներկայացումը, ամրապնդում է այն տրամաբանությունը, որ հենց նրա մեջ է մարզիչը տեսնում թիմի առաջատարի: Հարավկորեացին լոնդոնյան ակումբի առաջատարից զատ, վերածվել է նաև ասիական ֆուտբոլի դեսպանի: Ասիական ֆուտբոլի համար այս նշանակումը մեծ քայլ է դեպի ճանաչում: Հյոն Մին Սոնի հաջողություններն ու Լոնդոնում ունեցած դերը այլ ասիացի ֆուտբոլիստների համար հիմք է ստեղծում, որ նրանց համար էլ ճանապարհը փակ չէ:

Ասիական ֆուտբոլը հաճախ թերագնահատվել է համաշխարհային ասպարեզում, քանի որ քիչ ֆուտբոլիստներ են եվրոպական խոշոր լիգաներում դարձել առաջատար: Սոնի վերելքը և լոնդոնյան գրանդում ավագի կարգավիճակ ստանալը հաստատում է, որ այդ մայցամաքում էլ ֆուտբոլային նոր պատմություն է գրվում: Հյոնն ամբողջ ասիական սպորտի մարմնացումն է աշխարհում: Նա երեք անգամ ճանաչվել է Ասիայի, հինգ անգամ՝ Հարավային Կորեայի լավագույն ֆուտբոլիստ։ 2023-ի հունիսին Հարավային Կորեայի և Բրազիլիայի միջև ընկերական խաղի ժամանակ նրան շնորհվել է Չհյոնհյոնի նախագահական մեդալ, որը երկրի ամենահարգի պարգևն է: Սոնի ասիական հեքիաթը Եվրոպայում շարունակվում է, իսկ թե ինչ ավարտ կունենա՝ ցույց կտա ժամանակը: Հարավային Կորեայից մինչև Լոնդոն մի ամբողջ մայրցամաք ապրում է նրա հաջողություններով ու փոխում կյանքի, սպորտի նկատմամբ պատկերացումները...