Logo

«Տոտենհեմ» - «Արսենալ». Հյուսիսլոնդոնյան հակամարտությանն ընդառաջ

Հեղինակ
Էռնեստ Շաբոյան
10:08 / 26.04.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում կկայանա լոնդոնյան դերբի, առաջատար «Արսենալը» կհյուրընկալվի «Տոտենհեմին»։ VNews-ը ներկայացնում է հանդիպման անոնսը։

Չեմպիոնների լիգայի շոկային տրամադրությունն «Արսենալը» շատ արագ փոխեց: Մղձավանջային շաբաթից հետո Միկել Արտետան անհրաժեշտ խոսքեր գտավ ֆուտբոլիստներին սթափեցնելու համար: «Վուլվզի» հետ մրցավեճը բարդ ստացվեց, բայց ոչ նրա համար, որ մրցակիցն էր բարդ: Հարկավոր էր վերադարձնել վստահությունը, ընդ որում, հոգեբանորեն ջլատվելուց և բավականին մեծ էներգիա ծախսելուց հետո:

Լոնդոնցիների պաշտպանությունը բարձրության վրա էր, «Գայլերը» գրեթե շանս չունեցան, բայց տոնակատարությունը շարունակվեց «Չելսիի» հետ խաղում: Միկել Արտետայի «բանդան» վրեժխնդիր եղավ կապույտներից: Մրցակիցն ընդամենը մեկ հարված կատարեց տանտերերի դարպասի ուղղությամբ, իսկ Դավիդ Ռայան «չոր» խաղերի շարքը հասցրեց 14-ի:

Այնպես որ, հերթական սկզբունքային դիմակայությանն առաջատարը բարձր տրամադրությամբ է մոտենում: Ճիշտ է, «Մանչեսթեր Սիթին» դեռ 2 հանդիպում ունի պահեստում, «Լիվերպուլն» էլ քնած չէ, բայց այժմ գլխավորը չսայթաքելն է:

Մրցաշրջանի ավարտին մոտ «Արսենալն» ավելի ապահով է գործում թիկունքում: Հունվարի վերջից «Զինագործներն» արդեն 10 «չոր» հանդիպում են անցկացրել: Առջևի գծում էլ գործերը վատ չեն: Այնտեղ բարձր մրցակցություն է: Վերջին շրջանում հարձակման ձախ եզրում մրցակցությունը հաղթում է Լեանդրո Տրոսարը, Մարտինելին մի փոքր թուլացրել է տեմպը, բայց այս առողջ պայքարը միայն օգուտ է տալիս թիմին:

«Տոտենհեմը» նախորդ տուրում ցավոտ ապտակ ստացավ «Նյուքասլից» և զգալիորեն բարդացրեց իր վիճակը: Անգե Պոստեկողլուի թիմը դեռ շանս ունի Չեմպիոնների լիգայի գոտում տեղ գրավելու համար, սակայն անչափ բարդ է լինելու խնդիրը լուծելը:

Ինչո՞ւ, իսկ դուք նայեք, թե ինչ սարսափելի օրացույց ունի հյուսիսլոնդոնյան հարևանը՝ «Արսենալ», «Չելսի», «Լիվերպուլ», «Սիթի»: Հիմա ինքներդ գնահատեք իրավիճակը, արդյոք իրատեսական է լավագույն քառյակում տեղը, թե` ոչ: Անգլիան գլխավոր եվրագավաթում 5-րդ տեղն ունենալու հնարավորությունը դեռ պահպանում է, երևի դրա համար Պոստեկողլուն չի շտապում, նա չի թաքցնում, որ գլխավոր նպատակը հաջորդ մրցաշրջանում մարտունակ թիմ կառուցելն է:

«Արսենալն» այս խաղում ավելի շատ կորցնելու բան ունի, հետևաբար, ատամները սրած նետվելու է դեպի զոհը:

Հյուսիսլոնդոնյան հակամարտությունը Fast Sports-ի ուղիղ եթերում կլինի ապրիլի 28-ին՝ Երևանի ժամանակով 17:00-ին: