Logo

Վարազդատ Լալայանը`աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը 5-րդն է

18:47 / 17.09.2023Ծանրամարտ
null

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում ավարտված ծանրամարտի աշխարհի 88-րդ առաջնության գերծանր քաշային կարգում (+109 կգ) մեդալների համար պայքարեցին Հայաստանի վերջին ներկայացուցիչներ Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը։

ԱԱ-ի փոխչեմպիոն (2021թ․) ու բրոնզե մեդալակիր (2022թ․) Վարազդատ Լալայանը երկամարտի 460 կգ (212+248) արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր։ Պոկում վարժությունում 24-ամյա Լալայանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ, իսկ հրումում 4-րդն էր։

Կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում գրանցեց 450 կգ (200+250) ու գրավեց 5-րդ տեղը։ Հրում վարժությունում Մարտիրոսյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ։

Կարիերայում 7-րդ անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց վրացի Լաշա Տալախաձեն, որի երկամարտի արդյունքը 473 կգ (220+253) էր։ Հրում վարժությունում կրկնակի օլիմպիական չեմպիոնն ընդամենը 3 կգ գերազանցեց Սիմոն Մարտիրոսյանին։

Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական փոխչեմպիոն, այժմ Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը երկամարտի 459 կգ (213+246) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր։

Այսպիսով, երկամարտում Հայաստանի հավաքականը ելույթն ավարտեց երկու մեդալով։ Առաջին մեդալը նվաճել էր Գոռ Սահակյանը (67 կգ), որը սեպտեմբերի 7-ին զբաղեցրել էր երրորդ տեղը։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) գրավել էր 6-րդ տեղը, Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) 4-րդն էր, Հակոբ Մկրտչյանը (96 կգ)՝ 6-րդը, Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ)՝ 10-րդը, Սամվել Գասպարյանը (102 կգ)՝ 4-րդը, Գարիկ Կարապետյանը (102 կգ)՝ 5-րդը, Լիանա Գյուրջյանը (81 կգ)՝ 13-րդը, Տաթև Հակոբյանը (87 կգ)` 5-րդը, Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ)՝ 6-րդը, իսկ Իզաբելա Յայլյանը (55 կգ) և Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) զրո էին ստացել։ 

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։

Փարիզյան հեռանկարներ. IWF-ի ճակատագրական որոշումները հայկական ծանրամարտի համար