Logo

Վիուլեն Այվազյան․ «ԱՄՆ-ում կան որակյալ խաղացողներ, որոնք կարող են ուժեղացնել Հայաստանի պատանեկան հավաքականները»

Հեղինակ
VNews
15:10 / 02.05.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի Մ17, Մ19 և երիտասարդական հավաքականների նախկին հարձակվող Վիուլեն Այվազյանը շարունակում է մարզչական գործունեությունն ԱՄՆ-ում։ Երևանի «Փյունիկի», Գյումրիի «Շիրակի», լատվիական «Վենտսպիլսի» ու բելառուսական «Դնեպր Մոգիլևի» նախկին ֆուտբոլիստը VNews-ի թղթակցի հետ զրույցում պատմել է մարզչական աշխատանքում առաջընթացի մասին։

«Կարող եմ ասել, որ մարզչական գործունեությունս շատ լավ է ընթանում՝ հատկապես, երբ տեսնում եմ, որ կարողանում եմ երեխաներին տալ ֆուտբոլային գիտելիքներ և կրկնակի հաճելի է տեսնել դրա արդյունքները խաղադաշտում: Այժմ պատրաստվում եմ մասնակցել Ամերիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից անցկացվող մարզչական գործնական դասընթացներին: Տեսական փուլն արդեն ացկացվել է: Ընդհանրապես կարծում եմ, որ մարդն իր ամբողջ գիտակից կյանքի ընթացքում իրավունք չունի դադարել սովորել նոր բաներ: Կլինի դա սպորտային ասպարեզում, թե՝ մեկ այլ, նշանակություն չունի, պետք է միշտ սովորել, քանի որ առանց գիտելիքների բավարար պաշարի արդյունավետ գործունեթյուն ծավալել՝ հատկապես մարզչական կարիերայում, անհնար է:

Իհարկե նաև կիսում եմ այն կարծիքը, որ լավ մարզիչ լինելու համար միայն սովորելը քիչ է: Դու պետք է ունենաս մարզչական հոտառություն, ֆուտբոլիստների մեջ որակները նկատելու և դրանք ի շահ թիմին ծառայեցնելու կարողություն, մրցակցին վերլուծելու և հենց դաշտում խաղի ժամանակ նրանց ուժեղ կողմերը փակելու ունակություն, հոգեբանություն տարբեր ֆուտբոլիստների հետ տարբեր մոտեցում ցույց տալու համար: Ընդհանրապես շատ բարդ, պատասխանատու, միևնույն ժամանակ՝ հաճելի պարտականություն է»,- զրույցում նշեց Վիուլեն Այվազյանը։

Երիտասարդ մարզիչի խոսքով, ԱՄՆ-ում քիչ չեն տաղանդավոր պատանի ֆուտբոլիստները, սակայն, Հայաստանի հետ համեմատ, Միացյալ Նահանգներում բակային ֆուտբոլը զարգացած չէ։

«Երեխաների հետ կապված կարող եմ նշել՝ շատ ցավալի է, որ Միացյալ Նահանգներում զարգացած չէ բակային ֆուտբոլի կուլտուրան: Դա շատ կարևոր մաս է կազմում ֆուտբոլիստի պատանեկան տարիքում կայացման գործում, չնայած կարող եմ ասել, որ կոնկրետ մեր դպրոցում մարզվով՝ երեխաները, չնայած ամեն ինչին, իրենք իրենց համար ստեղծում են պայմաններ բակում նույնպես խաղալու համար: Շատ կարևորում եմ նաև այն, որ ընդհանրապես մեր ակումբում փորձում ենք հնարավորինս շատ մասնակցել տարբեր մրցաշարերի: Դա նույնպես երեխայի մեջ հոգեբանական առումով մեծ քայլ է հետագայում միջազգային խաղերի ժամանակ ավելի պատրաստ լինելու համար: Մոտ 2 շաբաթ առաջ մեր՝ 2010 թվականին ծնված ֆուտբոլիստների թիմը «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Տիգրան Դավթյանի գլխավորությամբ դարձավ Նևադա նահանգում անցկացվող Las Vegas Cup մրցաշարի հաղթող իրենց հասակակից ամենաբարձր կարգի թիմերի մեջ։ Կարծում եմ՝ մեծ նվաճում է մեր ամերիկաբնակ հայ համայնքի երխաների և մեր ակումբի համար։

Մարտի 29-31-ին հաջողությամբ ացկացրեցինք PAYFA համահայկական ֆուտբոլային ասոցիացիայի կազմակերպած 2011 թվականին ծնված երեխաների հավաքը մեր ակումբի սպորտային տնօրեն Արամ Ղահրամանյանի գլխավորությամբ։ Ընտրվեցին տարբեր նահանգներից 10 երեխաներ, որոնք ամռանը կմեկնեն Երևան՝ մասնակցելու մինչև 14 տարեկանների հավաքականի ուսումնամարզական հավաքին: Մեր LA International ակումբը այստեղ ևս ունի 2 ներկայացուցիչներ, որոնք մարզվում են «Արարատի» երկարամյա ավագ և Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Մինասյանի գլխավորությամբ: Այս տարի բավականին որակյալ երեխաներ կան, որոնք, կարծում եմ, ամռանը Երևանում շատ լավ կդրսևորեն իրենց և կուժեղացնեն պատանեկան հավաքականի կազմը»,- ասաց գյումրեցի նախկին ֆուտբոլիստը:

29-ամյա Այվազյանը երկար տարիներ խաղացել է Հայաստանի առաջնությունում՝ ներկայացնելով «Շիրակը», «Փյունիկը», «Երևանը», «Սևանը» և Չարենցավանի «Վանը»։ ՀՊԼ-ում անցկացրած 114 խաղում հարձակվողը դարձել է 29 գոլի ու 11 ասիստի հեղինակ։ Այվազյանի խոսքով՝ ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնության համար պայքարող երեք թիմերը՝ «Նոան», «Փյունիկը» և «Արարատ-Արմենիան», արժանի են ոսկե մեդալներին։

«Հայաստանի առաջնության հետ կապված հիմնականում փորձում եմ նայել խաղերի կրկնությունները Լոս Անջելեսի և Երևանի ժամային գոտիների տարբերության պատճառով: Շատ համառ պայքար է ընթանում չեմպիոնը կոչման համար: Այս պահին, հաշվի առնելով «Փյունիկի» կազմում եղած խնդիրները, կարծում եմ՝ «Նոան» լավ շանս ունի դառնալու ընթացիկ առաջնության չեմպիոն: Բայց 3 թիմերն էլ արժանի պայքար են ծավալում, մաղթում եմ հաջողություն չեմպիոնական մրցավազքում: Ցավալի է, որ որակական առումով հայ երիտասարդներն այժմ այնքան էլ բավարար կարգի ֆուտբոլ չեն ցուցադրում, դա նույնպես ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները, բայց, ամեն դեպքում, քիչ քանակությամբ հայ ֆուտբոլիստներ տեսնելը, որոնք իրենց թիմերում կարողանում են հարց լուծել, ակտուալ խնդիր է»,- նշեց մարզիչը։

Կարիերայի ընթացքում Վիուլեն Այվազյանն աշխատել է բազմաթիվ մարզիչների հետ, որոնցից արժեքավոր գիտելիքներ է ստացել, իսկ ժամանակակից թոփ մասնագետներից առանձնացրեց երկուսին։

«Իմ բախտը բերել է այն առումով, որ պատանեկան տարիքում աշխատել եմ շատ բանիմաց մարզիչների հետ, որոնք ինձ շատ բան են սովորեցրել: Չեմ ցանկանա առանձնացնել ինչ-որ մեկին, բայց բոլորից քաղել եմ արժեքավոր գիտելիքներ, որոնք համադրում եմ իմ մարզչական որակների հետ և փորձում ստանալ լավ արդյունք դրանից:

Ժամանակակից մարզիչներից շատ եմ հավանում Պեպ Գվարդիոլայի և Խաբի Ալոնսոյի աշխատանքը: Ես սիրում եմ, երբ մարզիչն ունենում է իր ուրույն ոճը, կարողանում է ստեղծել պատկեր իր ձեռքի տակ ունեցած ֆուտբոլիստներով։ Կարծում եմ՝ Գվարդիոլան շատ է փոխել ժամանակակից ֆուտբոլը, և դա հերքելն անիմաստ է: Դու կարող ես համակրել ինչ-որ ակումբների, բայց որպես մարզիչ պետք է կարողանաս լոյալ լինել նման հարցերում: Ալոնսոն սկսնակ մարզիչ է, որը, ձեռքի տակ ունենալով ոչ շատ համաշխարհային մակարդակի աստղեր, կարողացել է կարճ ժամանակում նման թիմ կառուցել, կարծում եմ՝ նրան ևս մեծ ապագա է ապասվում»,- եզրափակեց Այվազյանը:

Վիուլեն Այվազյանը՝ կարիերան ավարտելու ու ԱՄՆ-ում մարզիչ դառնալու մասին