Վանաձորից մինչև «Բարսելոնայի» ակադեմիա. 30-ամյա Վահան Մարտիրոսյանի հետաքրքիր պատմությունը, Վիլյան, Զլատանն ու երկու երազանքները - VNews
Բաժիններ

Վանաձորից մինչև «Բարսելոնայի» ակադեմիա. 30-ամյա Վահան Մարտիրոսյանի հետաքրքիր պատմությունը, Վիլյան, Զլատանն ու երկու երազանքները

Սփյուռքահայ ֆուտբոլիստներ միշտ եղել են Հայաստանի հավաքականում, ու փորձը ցույց է տվել, որ ինչքան շատ, այնքան լավ: Բայց մեր պատմությունը ոչ թե ֆուտբոլիստի, այլ մարզչի մասին է՝ մասնագիտություն, որը գուցե և ավելի օգտակար լինի հայկական ֆուտբոլին առաջիկայում: Վահան Մարտիրոսյանը ծնվել է Վանաձորում, պատանի հասակում տեղափոխվել ԱՄՆ ու հիմա, 30 տարեկանում աշխատանքի է անցել «Բարսելոնայի» միակ ամերիկյան ակադեմիայում՝ որպես մարզիչ:

19 տարեկանում հասկացա, որ ֆուտբոլիստ դառնալու համար արդեն շատ ուշ է

«Ծնվել եմ Վանաձորում, 9 տարեկանից ապրել եմ Երևանում: Միշտ ցանկացել եմ ֆուտբոլ խաղալ, շատ էի սիրում «Մանչեսթեր Յունայթեդը» և Կրիտշիանու Ռոնալդուին, սենյակիս բոլոր պատերը նրանց նկարներով էին ծածկված: Բայց ընտանիքիս անդամները, երևի, ֆուտբոլին լուրջ չէին վերաբերում: 14 տարեկանում տեղափոխվեցի ԱՄՆ ու սկսեցի խաղալ տարբեր մանկապատանեկան թիմերում, հետո էլ մի քանի տարի խաղացի քոլեջի թիմում: Խաղում էի որպես ձախ կիսապաշտպան:

Ճակատագրական որոշումը

19 տարեկանում հասկացա, որ ֆուտբոլիստ դառնալու համար արդեն շատ ուշ է: Այո, գուցե և 2-3 տարի հետո պրոֆեսիոնալ դառնամ, կամ էլ մի կերպ փորձեմ Եվրոպա հասնել, բայց առավելագույնը՝ խաղամ 2-3-րդ դիվիզիոններում: Բայց չէի ուզում ֆուտբոլը թողնել: Հենց այդ ժամանակ էլ որոշեցի մարզիչ դառնալ: Սկսեցի նախ ինքնուրույն սովորել: Ինչ-որ բաներ սովորել էի իմ մարզիչներից, ահագին գիտելիք էլ ձեռք բերեցի, երբ սկսեցի լիցենզիաների քննություններին պատրաստվել:

23 տարեկանում ավարտեցի համալսարանը բիզնես մենեջմենթ մասնագիտությամբ, բայց այդ ժամանակ ես արդեն ամբողջական դրույքով աշխատում էի որպես մարզիչ:

Առաջին մարզչական աշխատանքը «Ջերսի Էքսպրես» թիմում

Փորձեցի ուժերս «Նյու Յորք Ռեդ Բուլլում», սակայն շուտով հասկացա, որ դա լավագույն տեղը չէ

Իրականում, շատ դժվար էր ամեն ինչ, քանի որ ես ոչ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էի եղել, ոչ կապեր ունեի, ոչ ծնողներս էին այդ ոլորտից եղել: Չկար ինչ-որ մեկը, որ ասեր, թե ինչից սկսել: Ես ինքս փորփրեցի և հասկացա, որ պետք է սկսեմ լիցենզիաներից, որոնք ԱՄՆ-ում 6-ն են՝ F-ից մինչև A: 28 տարեկանում միայն լրացրեցի բոլոր կարգերը և հիմա A լիցենզիա ունեմ: Ցանկանում եմ նաև Հայաստան գալ ու ՈՒԵՖԱ-ի արտոնագրեր ևս ստանալ: Հեշտ չէ այդ լիցենզիաները ստանալը, հատկապես B-ն ու A-ն: Քննությունների համար գնացել եմ տարբեր նահանգներ, ու նաև դրանք բավականին գումար արժեն:

Սկզբում աշխատում էի տեղի սպորտային ակումբներից մեկում որպես մարզիչ՝ 6-18 տարեկան երեխաների տարբեր թիմերի հետ: Հետո դարձա մարզչի օգնական 4-րդ դիվիզիոնի թիմերից մեկում, 3 տարի այնտեղ անցկացրեցի:

Առաջին ֆուտբոլային կապերը

Փորձեցի ուժերս «Նյու Յորք Ռեդ Բուլլում», ուզում էի աշխատել ակադեմիայում որպես մարզիչ, սակայն շուտով հասկացա, որ դա լավագույն տեղը չէ: 27 տարեկանում ընդունվեցի IMG Academy, որը Ֆլորիդայում է: Այն շատ հայտնի սպորտային ակադեմիա է ԱՄՆ-ում, որտեղ 14-19 տարեկան պատանիները ապրում ու մարզվում են: Ես 14 տարեկանների մարզիչն էի:

IMG-ում այն էր լավ, որ ամռանը թոփ-թիմերը գալիս էին այնտեղ ուսումնամարզական հավաքներ անցկացնելու, բացի այդ ԱՄՆ հավաքականներն էին հաճախ գալիս: Այնտեղ միայն որոշակի կապեր ստեղծեցի ֆուտբոլային աշխարհում, որը ինձ օգնեց առաջ շարժվել: Ծանոթացա նաև ազգությամբ հայ նախկին ֆուտբոլիստ Ալեկո Իսկանդարյանի հետ, ով հետագայում ինձ շատ օգնեց տարբեր հարցերում:

Վահանը (ձախից՝ երկրորդը) և Ալեկո Իսկանդարյանը (կենտրոնում)

Ինձ թվում էր, թե ահագին բան գիտեմ տակտիկայի մասին, բայց…

«Նյու Յորք Սիթի»՝ վայր, որտեղ վերջնականապես դարձա մարզիչ

«Նյու Յորք Սիթին» իմ կյանքի երևի ամենահաջող շրջանն էր: 15, 17 ու 19 տարեկանների թիմի մարզիչների օգնականն էի: Մենք աշխատում էինք առաջին թիմի համակարգով, ու բացի այդ՝ գլխավոր մարզիչները շատ հաճախ գնում էին տարբեր հավաքականներ, ու այդ ժամանակ թիմի հետ միայն ես էի աշխատում:

Մինչև «Նյու Յորք Սիթի» գնալն ինձ թվում էր, որ ահագին բան գիտեմ տակտիկայի մասին, բայց այնտեղ հասկացա, որ դեռ շատ բան ունեմ սովորելու ու բարելավելու: Այս թիմը շատ հետաքրքիր խաղաոճ ուներ: Բացի այդ, այստեղ շատ լավ պատանիներ էին մարզվում, որոնք հիմա հայտնի ֆուտբոլիստներ են դարձել: Օրինակ՝ Ջիո Ռեյնան, ով նախանցյալ ամառ տեղափոխվեց Դորտմունդ ու արդեն մի քանի հանդիպումներ է անցկացրել առաջին թիմում, կամ Ջո Սքեյլին, ով արդեն պայմանագիր ունի «Բորուսիա Մյոնխենգլադբախի» հետ ու մեկնելու է հունվարին:

Վահանը (ձախից երկրորդը), Ջո Սքեյլին (ձախից հինգերերոդը) և Ջիո Ռեյնան (աջից երկրորդը՝ 10 համարը)

Նաև Զլատանի հետ եմ հանդիպել, երբ Կալիֆորնիայում էի

«Նյու Յորք Սիթիի» մեր գրասենյակը առաջին թիմի մարզաբազայի կողքին էր: Առաջին անգամ երբ տեսա Պատրիկ Վիեյրային, ուղղակի ապշած էի, չէի հավատում: Մի օր էլ ուզում էի մտնել ճաշարան, ինչ-որ մեկը ներսից դուռը պահում էր, որ չմտնեմ: Պարզվեց՝ Դավիդ Վիլյան է: Շատ հասարակ մարդիկ էին ու հաճելի էր նրանց հետ նույն ակումբում աշխատելը: Մի օր էլ գրասենյակում աշխատում էի, երբ մեկը բարևեց ու խփեց մեջքիս, շրջվեցի՝ Վենսան Կոմպանին էր: Գիտեք՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ նույն խմբի մեջ են, նա երբեմն գալիս էր այստեղ մի քանի օրով:

Ի դեպ, այստեղ է նաև Հեբեր Արաուխոն: Իմացա, որ Հայաստանում է խաղացել, մոտեցա, բարևեցի: Լավ տղա էր, բայց Հայաստանից շատ լավ հիշողություններ չուներ, նրա համար դա շատ դժվար շրջան էր եղել: Բայց, միևնույն ժամանակ, ընդունում էր, որ դա շատ կարևոր շրջան է եղել իր կարիերան կառուցելու հարցում:

Նաև Զլատանի հետ եմ հանդիպել, երբ Կալիֆորնիայում էի: Կնոջս հարազատներից մեկի որդին «Լոս-Անջելես Գելեքսիի» ակադեմիայում էր մարզվում, գնացել էի նրա մարզմանը հետևելու: Ոչ միայն նրան տեսա, այլև՝ Զլատանին: Նրա որդիները ևս այնտեղ էին մարզվում, պարզվեց կնոջս բարեկամն էլ նրա հետ մտերմացել էր, ծանոթացրեց ինձ, շփվեցինք: Շատ հաճելի մարդ էր:

«Բարսելոնա»՝ ավելին, քան ակադեմիա

Կփորձեմ նաև մի քանի հայ պատանիների բերել «Բարսելոնայի» ակադեմիա:

«Բարսելոնայի» ակադեմիայում, ընդհանրապես, բավականին բարդ է աշխատանքի անցնել, «Լա Մասիայից» երկու տեխնիկական տնօրեններ կան, ովքեր քննություններ են վերցնում: Սովորաբար, թեկնածուները այստեղ 1-2 մարզում են անցկացնում, որից հետո նոր որոշում են, բայց ինձ հետ հարցազրույցով բավարարվեցին, հավանաբար հաշվի առան, որ փորձ ունեմ ու բոլոր լիցենզիաները լրացրել եմ:

 

Հիմա այստեղ մինչև 18 տարեկանների մարզիչն եմ: Ցավոք, մեկ ամիս էլ չէի աշխատել, երբ սկսվեց կորոնավիրուսի հետ կապված այս դադարը: Այստեղ ամեն ինչ ուրիշ է, այլ մեթոդաբանությունով ենք անցկացնում մարզումները: Նույնիսկ տերմիններն են տարբեր, օրինակ՝ չենք ասում հարձակում կամ պաշտպանություն, այլ ասում ենք «գնդակին տիրում» ու «գնդակի հետ խլում»: Ամեն հինգշաբթի մարզիչներով քննարկումներ ենք անում, օրինակ վերջին հանդիպման համար ես ՉԼ 2009թ. «Բարսելոնա» – «Մանչեսթեր Յունայթեդ» եզրափակիչի տակտիկական վերլուծությունն եմ արել, որը միասին քննարկեցինք:

Լավն այն է, որ այստեղից տաղանդավոր երեխաներին տանում են «Լա Մասիա»: Կփորձեմ նաև մի քանի հայ պատանիների բերել «Բարսելոնայի» ակադեմիա: Հուսով եմ՝ այստեղ աշխատելով շանս կունենամ մեկնել «Լա Մասիա», իսկ հետո հաստատվել Եվրոպայում:

Երկու երազանք ունեմ, մեկը Հայաստանի հետ է կապված

Մարզչի աշխատանքն ու երազանքները

Ըստ իս՝ եթե կարողանաս այնպես անել, որ խաղացողը քեզ սիրի, նա քեզ կլսի, նա քեզ կհարգի ու քեզ ավելի լավ արդյունքի կհասցնի: Միայն մարզում անելով չի, շատ ավելի կարևոր բաներ կան, կան մարդկային հարաբերություններ, կա փիլիսոփայություն: Ես 10 տարի արդեն այս աշխատանքի մեջ ու ինձ այս գործի մեջ շատ լավ եմ զգում, սա կարծես իմ բնական վիճակն է: Ինձ դուր է գալիս թե՛ տեխնիկատակտիկական աշխատանքը, թե՛ խաղերի վերլուծություններ անելը: Ֆիզպատրաստվածությունն արդեն այլ ճյուղ է, որով ուրիշ մարդ է զբաղվում:

«Բարսելոնայում» միշտ խաղում ենք ակումբի խաղաոճով, հստակ սահմանված մեթոդաբանություն կա, որով շարժվում ենք: Ես այստեղ դեռ շատ բան ունեմ սովորելու, բայց երբ արդեն պրոֆեսիոնալ թիմում աշխատանքի անցնեմ, ես պետք է իմ խաղաոճը ունենամ: Դա երևի կլինի «Նյու-Յորք Սիթիի» ու «Բարսելոնայի» խաղաոճերի միքսը: Իսկ եթե որևէ ակադեմիայում աշխատեմ, ապա իմ աշխատաոճը նման կլինի «Դինամո Զագրեբի» ոճին, որը գնդակին տիրելը զուգակցում է խաղացողների անհատական որակների աճի հետ:

Երկու երազանք ունեմ: Մեկը՝ մարզել Չեմպիոնների լիգայում, իսկ մյուսը Հայաստանի հետ է կապված: Կցանկանայի ինչ-որ ակադեմիա հիմնել կամ ղեկավարել Հայաստանում ու ֆուտբոլիստներ աճեցնել: ՀՖՖ նախագահի հետ մի քանի անգամ շփվել եմ, ասել եմ, որ պատրաստ եմ օգնել, երևի դրա ժամանակն էլ կգա»:

  • 12

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնան» ընդհատեց ոչ-ոքիների շարքը և վստահորեն հաղթեց «Վիլյառեալին» (տեսանյութ)

Գրիզմանի նրբագեղ գոլը «Վիլյառեալի» դեմ խաղում (տեսանյութ)

Սուարեսի հիանալի գոլը Մեսիի տպավորիչ անցումից և փոխանցումից հետո (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Վիլյառեալի» դեմ մրցավեճում

Nike ապրանքանիշը ֆինանսական կորուստներ է հասցրել «Բարսելոնային»

Նեյմարն ու ՊՍԺ-ն պայմանավորվածության են հասել

AS․ Նեյմարը կվերադառնա «Բարսելոնա», եթե ակումբը կրկին առաջարկ ներկայացնի ՊՍԺ-ին

Մեսին չի ուզում լքել «Բարսելոնան», բայց շատ դժգոհ է Բարտոմեուի գործունեությունից

Սետյենը՝ Մեսիի հեռանալու մասին. «Չեմ ցանկանում այդ թեմայի մեջ մտնել»

«Բարսելոնայի» հայտացուցակը «Վիլյառեալի» դեմ խաղի համար

Մեսին կարող է հայտնվել անգլիական գրանդում

Գրիզմանը կարիերան կարող է շարունակել Իտալիայում

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը վնասվածք է ստացել

Զիդանը խոսել է Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու շշուկների մասին

«Բարսելոնան» ու Չավին համաձայնության են հասել

Մեսին ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»