Ադրբեջանական կեղծիքը Գյանջայի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ - VNews

Ադրբեջանական կեղծիքը Գյանջայի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

  • 68

Գյանջայի քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ իբր հայկական կողմի հրթիռակոծության մասին տեղեկությունները, կադրերը  Ադրբեջանի հերթական փորձն են՝ մոլորեցնելու միջազգային հանրությանը: «Զինուժ մեդիա»-ն ադրբեջանական ապատեղեկատվությունը բացահայտող տեսանյութ է հրապարակել:

Տեսանյութում մասնավորապես ասվում է՝ ապատեղեկատվության տարածման, միջազգային հանրությանը մոլորեցնելու հարցում Ադրբեջանն այս գիշեր գերազանցել է նույնիսկ ինքն իրեն՝ հատելով բանականի բոլոր հնարավոր սահմանները: «Կեսգիշերին մոտ ադրբեջանական՝ մեծության երկրորդ քաղաքում՝ Գյանջայում հզոր պայթյուն է որոտացել, դրան հետևել է իրադարձությունների մի այնպիսի շրջապտույտ՝ համեմված կեղծիքով և բացահայտ ստով, որ ևս մեկ անգամ ակնհայտ են դարձնում՝ պաշտոնական Բաքուն ունակ է ամեն ինչի, նույնիսկ սեփական քաղաքացիների արյան գնով իր համար ցանկալի քարոզչական ֆոն ապահովելու համար: Գյանջայի պայթյունից ակնթարթներ անց տեղում էր ադրբեջանական հեռուսատատեսությունը, որն ուղիղ եթերով լուսաբանում էր փրկարարական աշխատանքները. սա այն դեպքում, երբ հրթիռային հարվածների պարագայում բացառված չէ, որ կլինի նաև հաջորդը: Այսինքն, եթե դա հարված էր, ապա տեղի իշխանությունները պետք է փորձեին զգուշանալ հնարավոր երկրորդից, երրորդից և այլն՝ առժամանակ հեռու տանելով քաղաքացիական բնակչությանը: Բայց չգիտես ինչու կար վստահություն, որ հարվածներ այլևս չեն լինի: Նույնքան արագ Ադրբեջանի նախագահի օգնականը պնդել է, թե հարվածը հասցվել է Հայաստանի կողմից և այն իրականացվել է «Սկադ» տիպի հրթիռով. բացարձակ ոչ մի ապացույց: Եվ սա պայթյունից ընդամենը րոպեներ անց, մինչդեռ արձակած հրթիռի տեսակը պարզելու համար բավական երկար ուսումնասիրություն է պետք:

Բայց քիչ անց ադրբեջանական քարոզչամեքենան լայնորեն սկսել է տարածել մի տեսանյութ, որտեղ ենթադրաբար հայկական ուժերը Գրադ կայանքից հրթիռարձակում են իրականացնում, և դա սկսել են ներկայացնել որպես հայերի կողմից Գյանջան հրթիռակոծելու ապացույց: Բայց քարոզչության հարցում Բաքուն ծայրահեղ ապաշնորհ է, և այս դեպքը բացառություն չէր: Գյանջայում որոտացած պայթյունն ընդամենը մեկն է եղել, և դա փաստում է հենց իրենց իսկ տեղադրած տեսանյութը, մինչդեռ կայանքից արձակված հրթիռների քանակը առնվազն 3 տասնյակ է: Ինչպե՞ս կարող էր արձակված մի քանի տասնյակ հրթիռներից արձանագրվել ընդամենը մեկ պայթյուն: Նման բան հնարավոր է միայն ադրբեջանական քարոզչական հեքիաթներում: Ի դեպ, Գրադ կայանքից Գյանջան հրթիռակոծելու համար անհրաժեշտ է այդ կայանքը տեղադրել Գյանջայից առավելագույնը 20 կմ հեռավորության վրա՝ ասենք քաղաքի արվարձաններում, ինչն էլ կնշանակեր, թե հայկական ուժերը գրեթե մտել են Գյանջա:

Ընդամենը րոպեներ անց Բաքուն շրջանառության մեջ է դրել իբր Գյանջայի պայթյունից զոհված երեխայի սարսափազդու մի լուսանկար: Ամենամակերեսային ուսումնասիրությունն անգամ ցույց է տվել, որ այս տեղեկությունը նույնպես կեղծիք է: Այդ լուսանկարն արված է 4 տարի առաջ Սիրիայում: Ամենացնցողը պնդումն է, թե Գյանջան հրթիռակոծվել է Հայաստանի տարածքից: Պաշտոնական Բաքուն հայտարարությունն անում է՝ չունենալով որևէ ապացույց, ինչը բնական է, քանի որ այդպիսիք չեն էլ կարող լինել:

Հայաստանը բազմաթիվ անգամ արդեն հայտարարել է, որ մեր երկրի տարածքից Ադրբեջանի ուղղությամբ ոչ մի հրթիռ, արկ և նույնիսկ գնդակ չի արձակվել»,-նշվում է տեսանյութում: