Առնո Բաբաջանյանի 100-ամյակին պաշտոնյաները և արվեստագետները ծաղիկներ են խոնարհել նրա շիրիմին - VNews

Առնո Բաբաջանյանի 100-ամյակին պաշտոնյաները և արվեստագետները ծաղիկներ են խոնարհել նրա շիրիմին

  • 58

Մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի առթիվ հունվարի 22-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, մտավորականների, արվեստագետների, երաժշտասեր հանրության հետ այցելել են Երևանի քաղաքային պանթեոն և հարգանքի տուրք մատուցել կոմպոզիտորի հիշատակին:

Այնուհետև նախարարը գերատեսչության աշխատակիցների, արվեստագետների, բաբաջանյանական արվեստի երկրպագուների հետ կոմպոզիտորի ստեղծագործությունների ելևէջների ներքո ծաղիկներ է խոնարհել Առնո Բաբաջանյանի արձանի մոտ:

«Այսօր մենք տոնում ենք մեր մեծանուն կոմպոզիտորի՝ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը։ Դժվար է նոր խոսք ասել Առնո Բաբաջանյանի մասին, քանի որ ժամանակը վաղուց է տվել նրա գնահատականը, և ինքը՝ ժողովուրդն է արժևորել նրա վաստակը։ Բաբաջանյանը մեր սերնդի համար եղել է ու կա որպես կենսագրություն։ Մեր երիտասարդությունը, հիշողությունները, ապրումներն այս կամ այն չափով առնչվում ու զուգորդվում են նրա արվեստին։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները վերածվել են լավատեսության, սիրո, քաղաքային կյանքի խորհրդանիշերի։ Դժվար է, օրինակ, պատկերացնել Երևանն առանց Բաբաջանյանի «Առաջին սիրո երգը» և «Երևան» ստեղծագործությունների»,- նշել է նախարարը ու հավելել, որ մեր դժվարին օրերում Բաբաջանյանի արվեստը պետք է հնչի ամենուր և ավելի մեծ ուժով՝ վերականգնելու համար մեր լավատեսությունը, ապրելու և արարելու մեր կամքը։