Արցախում վերաբացվել են նաև Շուշիի շրջանի որոշ դպրոցներ - VNews
    • Vnews Life Vnews

Արցախում վերաբացվել են նաև Շուշիի շրջանի որոշ դպրոցներ

unnamed 8 - Արցախում վերաբացվել են նաև Շուշիի շրջանի որոշ դպրոցներ

Արցախի գրեթե բոլոր բնակավայրերում արդեն կանոնավոր գործում են հանրակրթական դպրոցական հաստատությունները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը:

«Պատերազմական գործողությունների հետևանքով կորցրել ենք 107 դպրոց, որտեղ աշխատում էին 1764 ուսուցիչ, սովորում՝ 8155 աշակերտ: Արցախի տարածքում գտնվող  բնակավայրերում այժմ առկա է  110 դպրոց:  Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի շրջանների և  Ստեփանակերտի դպրոցներում  սովորում է շուրջ  1700 աշակերտ: Սահմանային լինելու պատճառով՝ չեն գործում միայն Մարտունու Թաղավարդ, Կալեր համայնքների և Ասկերանի Սզնեք գյուղի կրթօջախները:Մասնավորապես՝ Սզնեքի դպրոցը, սահմանից մոտ 120 մետր հեռավորության վրա է գտնվում:

Շուշիի շրջանի՝ Արցախի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերից, դպրոցներ են գործում Հին շենում ու  Եղցահողում, իսկ Մեծ շենի  կրթօջախն  առայժմ չի գործում՝ աշակերտ չլինելու պատճառով: Լիսագորում այժմ 2 աշակերտ կա և ըստ դպրոցի տնօրենի՝ առաջիկայում դպրոցականների թիվն աճելու է, և այստեղ ևս կրթօջախը կգործի: Քաշաթաղի շրջանում գործում է միայն Աղավնոյի դպրոցը, որտեղ ժամանակավորապես  կարող են հաճախել նաև Ներքին Սուսի  փոքրաթիվ աշակերտները: Որքանով տեղյակ եմ Բերձորում նույնպես դպրոցական երեխաներ  կան: Նրանք առայժմ  ավտոմեքենաներով կհաճախեն Աղավնոյի դպրոց, մինչև որոշվի Բերձորի կարգավիճակի հարցը»,- մանրամասնեց փոխնախարարը: