Այս պահին թշնամին գրավել է Կուբաթլուն, բայց մենք նոր բնագծեր ենք վերցնում․ Արծրուն Հովհաննիսյան - VNews

Այս պահին թշնամին գրավել է Կուբաթլուն, բայց մենք նոր բնագծեր ենք վերցնում․ Արծրուն Հովհաննիսյան

  • 185

Ցավոք, երեկ` ուշ երեկոյան, մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ: Այդ մասին հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

<<Վաղը մենք ինտերակտիվ քարտեզով ավելի հստակ ցույց կտանք այդ տարածքները>>,- նշեց նա:

Ըստ Հովհաննիսյանի՝ այսօր վաղ առավոտյան, ինչպես հայտնեց ՊԲ-ն, ադրբեջանական զինված ուժերը, որոնց հետ միացած են ահաբեկչական տարբեր կազմակերպություններ, ինչպես նաև այլ պետությունների ԶՈՒ ստորաբաժանումներ, հարավարևելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեցին մի քանի ուղղություններով միաժամանակ հրետակոծելով և ռմբակոծելով Արցախի քաղաքները:

Պն ներկայացուցիչը, մասնավորապես, ասաց․

<<Ամբղջ օրվա ընթացքում այդ հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը` կոնկրետ տվյալ բնագիծը, չնայած որոշ տեղերում թվացյալ հաջողություն են ունեցել, բայց մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակագրոհով հետ վերցնել և վերականգնել առաջնագիծը:

Նույն ժամանակ նախկինում նշված, Հադրութից հյուսիս գտնվող գյուղերի անտառների հատվածում շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները: Որոշ դիվերսիոն խմբեր, նույնիսկ թողնելով մեքենաներ, փախել են, բայց մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են. Շեխեր, Ջիվանիկ, Ազոխ և հարակից այլ գյուղերում:

Հակառակորդը որոշ տեղերում ունեցավ հաջողություն, այո, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ: Ես հավատում եմ հայ զինվորի բազկին, խելքին, հմտությանը, տոկունությանը: Հայ զինվորն այսօր էլ, երեկ էլ, նույնիսկ եթե ինչ-որ տեղ նահանջել է, շատ տեղերում էլ փախուստի է մատնել աշխարհի առաջատար բանակների հատուկ ջոկատայիններին:

Հաճախ մենք, այո, նահանջում ենք, որովհետև մարդկանց կյանքն ավելի թանկ է: Նոր բնագծեր ենք զբաղեցնում, բայց դա ճակատագրական չէ: Վիճակը ծանր է, մարտերը դաժան են, պատերազմը սաստիկ է, բայց անելանելի չէ:

Այսօր հայ գեներալը շատ հաճախ ավտոմատը ձեռքին կռվում է, հայ գեներալը, հակատանկային միջոցը ձեռքին, տանկ է խոցում, կանգնած է զինվորի կողքին, կամավորականի կողքին, և ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք: Մենք այսպիսի օրեր շատ ենք տեսել մեր պատմության ընթացքում, շատ ենք կանգնել նման ճակատագրական պահի առաջ, բայց ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք>>։