Հայկական կողմը հարավում և հարավ-արևելքում ունեցել է առաջխաղացում - VNews

Հայկական կողմը հարավում և հարավ-արևելքում ունեցել է առաջխաղացում

  • 67

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմում հայկական կողմին հաջողվել է ռազմաճակատի հարավային և հարավ-արևելյան ուղղություններում ունենալ որոշակի առաջխաղացում: Այդ մասին հոկտեմբերի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հարավային և հարավ-արևելյան ուղղություններում ընթացող առանձին օջախային մարտերում մեր զինված ուժերը կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել որոշակի առաջխաղացում»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ վաղ առավոտվանից Ադրբեջանը սկսել է հարձակողական գործողությունները ռազմաճակատի  գրեթե ողջ երկայնքով:

«Մարտերի ինտենսիվությունը շատ բարձր չի եղել, սակայն որոշ օջախային ուղղություններում ընթացել են ինտենսիվ հարձակողական գործողություններ: Մասնավորապես, կենտրոնական ուղղությամբ մեկ-երկու դիրքերի վրա նետելով մեծաքանակ հետևակային և այլ ուժեր, օգտագործելով հրետանի, միաժամանակ հրետակոծելով Մարտունի քաղաքը, Ադրբեջանի ԶՈՒ-ին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, որոշակի դիրքային փոփոխություններ»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը:

Այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են:

«Դրանք մեծ ինտենսիվություն չունեն, սակայն զորատեսակային և զինատեսակային առումով կիրառվում են բավական շատ զենքեր և զինատեսակներ»,- ասաց Հովհաննիսյանը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ- ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։