ՀՀ-ում ԵՄ դեսպանը տեսել է թշնամու հարձակումից վնասված Ղազանչեցոց եկեղեցին․ բողոքի ակցիա - VNews

ՀՀ-ում ԵՄ դեսպանը տեսել է թշնամու հարձակումից վնասված Ղազանչեցոց եկեղեցին․ բողոքի ակցիա

  • 14

Մի խումբ քաղաքացիներ  բողոքի ակցիա են անում Հայաստանում ԵՄ ներկայացուցչության դիմաց։ Նրանք պահանջում են՝ կոնկրետ գործողություններ ձեռնարկել, կանգնեցել պատերազմը Արցախում։

«Պահանջում ենք վերջացնել կոչերը, անցնել հաջորդ փուլին՝ կատարել վերլուծություններ, իրերն իրենց անուններով կոչել, կատարել կոնկրետ գործողությունները, այլապես մենք ձեզ կհրավիրենք այս երկրից դուրս, մեր մարտավարությունն այլ հարթակում կներկայացնենք՝ առանց հաշվի առնելու միջազգային մարդասիրական նորմեր։ Միգուցե դա կլինի մեր երկրի համար փրկությունը, մինչև դուք կհայտնեք մտահոգություններ։ Կայացրեք ճիշտ ու անկողմնակալ որոշումներ, տվյալ պարագայում կանգնեցնել պատերազմը, տվյալ պարագայում էթնիկ ժողովրդի ոչնչացումը, ճանաչել Արցախը»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ակցիայի մասնակիցներից երեք հոգու թույլ տվեցին մտնել ԵՄ գրասենյակ։

Գրասենյակից դուրս գալու հետո նրանցից մեկը ներկայացրեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի  հետ հանդիպումից մանրամասներ.

«ԵՄ դեսպանի ընդունելությունը բավականին բարձր մակարդակի էր, պատասխանները բավականին հստակ էին, չնայած  որոշակի անհամաձայնություններ եղան տերմինների ոչ ճիշտ ձևակերպումների հետ կապված։  Ասացինք, որ Եվրամիությունը, եվրոպական բոլոր կառույցներն այսօր նույն լռության քաղաքականությունն են վարում, ինչ 2016 թ. Ապրիլյանի ժամանակ։ Այն ժամանակ մեր գերիների, դիակների նկատմամբ անարգման, խոշտանգման մասին ներկայացված փաստերից հետո Ադրբեջանի նկատմամբ  պատժամիջոցներ չէին կիրառվել։ Դեսպանին ցույց տվեցինք նկարները, թե ինչպես են վարվում մեր գերիների, զոհերի հետ։ Նա ասաց, որ տեսել են բոլոր տեսանյութերը, ավելի մանրամասն, ավելի վատ տեսանյութեր, բոլորը ներկայացված է  Բրյուսել։

Ի դեպ ասաց, որ համակրանքը ձեր ազգի նկատմամբ է, Եվրոպայում բոլորը գիտեն, որ պատերազմը Թուրքիայի ձեռամբ սկսել է Ադրբեջանը։

Նա ասաց, որ ԵՄ որոշումները  միակողմանի չեն ընդունվում, այլ 20 և ավելի երկրներ են վերջնական գնահատական հնչեցնում,  մեզանից միայն կախված է  այս պահին Բրյուսել ներկայացել ձեր տրամադրած փաստերը։

Մենք էլ հուսանք, որ օրենքը ուժեղի կողմը չի լինի, ով նավթ ունի, Եվրոպային կարող է նավթ տրամադրել, իսկ  մենք կարող ենք Եվրոպային  մեր մշակույթը տալ և տալ իրենց քաղաքակրթության սկիզբը։

Դեսպանի դիրքորոշումը  չափից դուրս հայանպաստ էր, սա տեսանելի էր։ Ասաց, որ տեսել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին ու մշակույթի տունը ու մեծագույն ցավ է ապրում։

Ակցիայի մասնակիցներից Անահիտը Բախշյանը, ով նույնպես ներկա է եղել դեսպանի հետ հանդիպմանն, ասաց.

«Մի կարևոր բան եղավ. ասացի՝ տարածքային ամբողջություն և ազգերի ինքնորոշում,  ո՞նց եք այդ երկու սկզբունքները պատկերացնում։ Ասաց՝ այ այդտեղ է պրոբլեմը։ Ասացի՝ այդ պրոբլեմը գրել եք, բերել, փաթաթել  մեր գլխին, բա մենք ի՞նչ անենք։ Այո, ասաց, այդտեղ պրոբլեմ կա»։