Հունաստանը և Պորտուգալիան պայքարում են ամենաապահով զբոսավայր դառնալու համար - VNews

Հունաստանը և Պորտուգալիան պայքարում են ամենաապահով զբոսավայր դառնալու համար

Պորտուգալիան և Հունաստանը, որոնք հունիսի 15-ից բացել են իրենց սահմանները միջազգային այցելուների համար, արձանագրում են վարակի համեմատաբար ավելի ցածր ցուցանիշներ և առավել արդյունավետ միջոցներ ձեռնարկում` վարակի ստուգման ուղղությամբ: Եվ երկու երկրներն էլ կանգնած են ֆինանսական վտանգի առաջ, քանի դեռ չեն կարողացել  ընդունել զբոսաշրջիկներին: Այդ մասին հաղորդում է CNN-ը:

Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան կարծում է, որ երկիրը մնում է նույնքան գրավիչ, որքան երբևէ, բայց նախաձեռնել է նաև նոր արշավ՝ կարևորելով դրա անվտանգությունը:

«Պորտուգալիա այցելելու բոլոր պատճառները դեռևս առկա են զբոսաշրջիկների համար»,- ասել է նա:

Եվրոպայում Պորտուգալիան ունի COVID-19-ի հետևանքով մահացությունների ամենացածր ցուցանիշը` 1520 դեպք` 11 մլն բնակչության հաշվով: Երկրի կառավարությունը հույս է հայտնում, որ համավարակի դեմ պայքարի իր մարտավարությունը կխթանի զբոսաշրջիկների այցելությունների աճին:

Նմանադեպ պատկեր է նաև Հունաստանում, որտեղ զբոսաշրջության եկամտի մոտ 90% -ը ստացվում է միջազգային այցելությունների շնորհիվ: Պորտուգալիայից զգալիորեն ավելի քիչ մահացությունների թիվ ունենալով` այս ամառ Հունաստանը զբոսաշրջիկների համար համարվում է Միջերկրական ծովի ամենաապահով երկրներից մեկը: Դա պայմանավորված է COVID-19-ի հետևանքով 200 մահվան դեպքով, վարակման 3000 դեպքով` 11 մլն բնակչության հաշվով:

Միայն զբոսաշրջությունը Հունաստանին օգնել է հաղթահարել 10-ամյա տնտեսական ճգնաժամը, սակայն այժմ կարծես թե այդ նույն ֆինանսական խնդիրները գլուխ են բարձրացնում, որոնք կրկին կնվազեցնեն երկրի տնտեսական ակտիվությունը: Փորձելով բարելավել զբոսաշրջային ոլորտը` Հունաստանի կառավարությունը ներկայացրել է ընդարձակ ծրագիր` ներառյալ նաև առողջապահական ենթակառուցվածքները:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, հաշվի առնելով շատ մարտահրավերներ, նշում է, որ գալիք ամիսներին «ամառը այլ կլինի»: