Ջալալ Հարությունյանի ծննդյան օրն է..․ Նրա վիճակը շարունակում է մնալ ծանր - VNews
    • Vnews Life Vnews

Ջալալ Հարությունյանի ծննդյան օրն է..․ Նրա վիճակը շարունակում է մնալ ծանր

4972d218 a6d4 4aca a22c ecb91520719e - Ջալալ Հարությունյանի ծննդյան օրն է..․ Նրա վիճակը շարունակում է մնալ ծանր

Այսօր Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի ծննդյան օրն է: Նրա՝ մարտական դիրքում վիրավորվելու մասին հայտնի էր դարձել հոկտեմբերի 27-ին։ Դրանով պայմանավորված՝ վերջինս ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս»-ի կոչում։

Ներկայում նա բժիշկների հսկողության տակ է, մաղթում ենք շուտափույթ ապաքինում:

Ջալալ Հարությունյանը ծնվել է 1974թ. նոյեմբերի 11- ին, Ասկերանի շրջանի Բադարա գյուղում։

1991-1995թթ.սովորել է Արցախի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում: 1999թ. ընդունվել է ՌԴ պաշտպանության նախարարության ռազմահրետանային ակադեմիան, որն ավարտել է կարմիր դիպլոմով:

1992 թ. նոյեմբերի 5-ից ծառայում է ՊԲ-ում: 1992-2018 թթ. զբաղեցրել է ՊԲ տարբեր զորամասերում մի շարք հրամանատարական պաշտոններ` հրետանային հետախուզության պետի օգնական, հրետանային հետախուզության պետ, հրետանային դիվիզիոնի շտաբի պետ, զորամասի ուսումնական ՀԴ հրամանատար, գնդի հրամանատարի տեղակալ, գնդի հրամանատար, միավորման հրետանու պետ, պաշտպանական շրջանի հրամանատար, միավորման հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, միավորման հրամանատար:

2018-2020 թթ. եղել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, 2020թ. փետրվարի 24-ից՝ ԱՀ պաշտպանության նախարար։

2019թ. հուլիսի 8-ին ԱՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

2020թ. հունիսի 8-ի ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար:

1992-1994 թթ. մասնակցել է մարտական գործողությունների:
Պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան», «Մարշալ Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան», «Մարտական հերթապահության համար» 1-ին աստիճանի, «Նելսոն Ստեփանյան», «Անբասիր ծառայություն» 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի և այլ պետական ու գերատեսչական մեդալներով:

Ջալալ Հարությունյանն անկուսակցական է, ունի երեք զավակ: