Լիարժեք հրադադար հնարավոր չէ, քանի դեռ չկան վերիֆիկացիոն մեխանիզմներ․ Արծրուն Հովհաննիսյանը - VNews

Լիարժեք հրադադար հնարավոր չէ, քանի դեռ չկան վերիֆիկացիոն մեխանիզմներ․ Արծրուն Հովհաննիսյանը

  • 66

ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հնարավոր չի համարում Լեռնային Ղարաբաղում լիարժեք հրադադարի հաստատումը, քանի դեռ չկան միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմներ: Այդ մասին Հովհաննիսյանը նշեց հոկտեմբերի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մինչև չլինեն վերիֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, որի վերաբերյալ հարցադրումները, առաջարկները մեր զինված ուժերը մշակում է, որևէ լիարժեք հրադադար լինել չի կարող: Շատ կարևոր է, որ լինեն այն մեխանիզմները, որոնցով հնարավոր է վերահսկել հրադադարը, տեսնել խախտողին, ի սկզբանե ֆիքսել, որ ագրեսիան ու պատերազմը սկսել է Ադրբեջանը: Կարծես բոլորի ուշադրությունից դուրս է մնացել, թե ինչպես սկսվեց այս պատերազմը»,- ասաց Հովհաննիսյանը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան- ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։