Մասիս Մայիլյանը ԿԽՄԿ- ի հետ քննարկել է անհետ կորածների ճակատագրիրը - VNews

Մասիս Մայիլյանը ԿԽՄԿ- ի հետ քննարկել է անհետ կորածների ճակատագրիրը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությանը՝ ԿԽՄԿ առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի գլխավորությամբ։ Այդ մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում զոհված հայ զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման, ռազմագերիների, ինչպես նաև պատանդների ազատ արձակման վերաբերյալ մի շարք հարցերի։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանը կարևորել է վերոնշյալ ուղղություններով աշխատանքների հնարավորինս արագ իրականացումը։

Հանդիպման ավարտին Պասկալ Հունդը տեղեկացրել է ԿԽՄԿ Արցախի գրասենյակի կողմից հանրապետության պետական կառույցների հետ համագործակցությամբ քաղաքացիական բնակչությանը տրամադրվող մարդասիրական աջակցության մասին՝ նրանց հրատապ կարիքները հոգալու նպատակով։